Հասարակություն
28.11.2026 | 17:41
Արարատի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են Արտաշատում ավտոմեքենայի հրկիզման դեպքը։ Երկու անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։
Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 17-ի գիշերը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում ավտոմեքենա է այրվում։
Մեքենայի սեփականատերը Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությանը հայտնել է, որ ժամը 04։10-ի սահմաններում հրկիզել են իրեն պատկանող «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ գույքը հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով։
Քրեական ոստիկանության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ենթադրյալ հրկիզողները Արտաշատի 25-ամյա և Աբովյանի 24-ամյա բնակիչներ են։
Նոյեմբերի 20-ին երկու երիտասարդներն էլ հայտնաբերվել են, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։