Անահիտ Ավանեսյանը լիցենզիաներ հանձնեց 24 օրդինատորներին


«Առաջինը լինելը հեշտ չէ, բայց պատվաբեր է»,- անցումային անհատական լիցենզիա ստանալու համար բոլոր փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


 


«Միշտ եք հիշելու, որ դուք առաջինն էիք, ովքեր վաստակել ու ստացել են իրավական ամուր հիմք`  զբաղվելու մասնագիտական գործունեությամբ:


 


Վստահ եմ, որ մեր երկրում ունենալու եք գնահատված աշխատանք ու ձեր գիտելիքները ներդնելու եք ի շահ մեր երկրի»,- շարունակելով կլինիկական օրդինատորների հետ հանդիպումը` նախարարը նշել է, որ անցումային անահատական լիցենզիավորման համակարգի ներդրումը օրախնդիր էր դարձել հատկապես` մեր երկրից դուրս մեր մասնագետների ճանաչելիության տեսանկյունից:


 


Օրենսդրական փոփոխությունն արված է, համակարգն ամբողջովին ներդրված:


 


Այսուհետև լիցենզավորված օրդինատորները մասնագիտական գործունեություն (սահմանափակումներով) կարող են ծավալել` չունենալով որևէ խնդիր իրավական դաշտում:


 


Սրանով նաև ամբողջանում է կրթական ցիկլ-մասնագիտական գործունեություն շղթան:


 


Նախարարը նաև խոսել է ռեզիդենտուրայի ծրագրի, ինչպես նաև նեղ մասնագիտացումների հստակեցման ուղղությամբ անհրաժեշտ և արդեն տարվող աշխատանքների մասին:


 


Առողջապահական համակարգի ամենատարբեր թեմաների վերաբերյալ օրդինատորների բարձրացրած հարցերին պատասխանել են նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանը, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյան ու ԱՆ Լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանը:


 


Հանդիպման վերջում նախարարն անձամբ է լիցենզիաները հանձնել կլինիկական օրդինատորներին:

Դիտումների քանակ8

Leave a comment