Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների պատկերը Հայաստանում․ ի՞նչ ներգրավվածություն ունեն անչափահասները

Վերջին տարիներին Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների վիճակագրական աճը դարձել է հանրային քննարկումների առանցքային թեմա։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է մեր հարցման հիման վրա ՆԳՆ-ի տրամադրած տվյալները՝ պարզելու, թե ինչ պատկեր է արձանագրել իրավապահ համակարգը վերջին 16 տարում թմրանյութերի դեմ պայքարում։

Դեպքերի աճ՝ 2020-ից հետո

Ըստ վիճակագրական տվյալների՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դինամիկան մինչև 2020 թվականը կայուն է եղել, և հանցագործությունների թիվը տատանվել է 900-ից 1500-ի միջակայքում (տե՛ս աղյուսակը)։ 

Սակայն 2020 թվականից հանցագործությունների քանակը սկսել է ինտենսիվորեն աճել։

  • 2020թ․՝ 1226 դեպք
  • 2021թ․՝ 1544 դեպք
  • 2022թ․՝ 2266 դեպք
  • 2023թ․՝ 5070 դեպք (ամենաբարձր ցուցանիշը)
  • 2024թ․՝ 3485 դեպք (նոր մեթոդաբանություն),
  • 2025թ․՝ 4170 դեպք (նոր մեթոդաբանություն)։

Կարևոր է նշել, որ 2024 և 2025 թվականների համար վիճակագրության մեջ կիրառվում է նոր մեթոդաբանություն։ 2024 թվականից առաջ կիրառվել է հանցագործությունների թվի հաշվարկի այնպիսի մեթոդաբանություն, որով հանցագործությունները գրանցվում էին ըստ հաշվառման տարեթվի, այլ ոչ թե փաստացի կատարման ժամանակի։ Օրինակ՝ եթե 2010 թվականին կատարված հանցագործությունը հայտնաբերվում էր 2023-ին, այն ներառվում էր 2023-ի վիճակագրության մեջ՝ խեղաթյուրելով իրական վիճակագրական պատկերը։ 

Փաստացի, նոր մեթոդաբանության տվյալները ներկայացնում են  հանցագործությունների իրական պատկերը տվյալ տարում, ինչի արդյունքում 2024-ից հետո ցուցանիշները ավելի համադրելի են իրական վիճակագրության հետ, բայց կարող են համադրելի չլինել նախորդ տարիների վիճակագրության հետ։ 

Առգրավված խմբաքանակներ և մաքսանենգություն

Առգրավված թմրամիջոցների քանակը տատանվում է։ Հիմնականում թմրամիջոների քաշը 19-202 կգ-ի սահմաններում է, սակայն առավելապես մեծ խմբաքանակներ առգրավվել են 2021 (606 կգ), 2024 (426 կգ), 2025 (768 կգ) թվականներին։  

Նշված ժամանակահատվածում հայտնաբերված ամենածավալուն քանակը եղել է 2014 թվականին՝ 883 կգ։

  • 2010— 126 կգ
  • 2011 — 128 կգ,
  • 2012 — 23 կգ
  • 2013 — 93 կգ
  • 2014 — 883 կգ
  • 2015 — 58 կգ
  • 2016 — 19 կգ
  • 2017 — 151 կգ,
  • 2018 — 135 կգ
  • 2019 — 191 կգ
  • 2020 — 114 կգ
  • 2021 — 606 կգ
  • 2022 — 119 կգ
  • 2023 — 202 կգ,
  • 2024 — 426 կգ
  • 2025 — 768 կգ։

Մաքսանենգության դեպքերը ևս աճի միտում ունեն․ 2016-ին (երբ սկսվել է հաշվառումը-խմբ․) արձանագրվել է 39 դեպք, իսկ 2025-ին՝ 225 դեպք։ Ըստ ՆԳՆ տվյալների՝ ՀՀ տարածքը հիմնականում օգտագործվում է որպես տարանցիկ ուղի՝ թմրամիջոցները երրորդ երկրներ առաքելու համար։

Համացանցը որպես հիմնական մարտահրավեր

Թվերը փաստում են, որ թմրանյութերի վաճառքը տեղափոխվել է թվային տիրույթ․ կտրուկ աճ է նկատվում համացանցի միջոցով թմրանյութերի շրջանառության ոլորտում։ ՆԳՆ-ն այս ոլորտում հաշվառումներ սկսել է իրականացնել 2021 թվականից, քանի որ այդ տարվանից է սկսել տարածվել համացանցով թմրանյութերի շրջանառությունը (Telegram-ալիքներ, կրիպտոարժույթ և այլն)․

  • 2021թ․՝ ընդամենը 8 դեպք
  • 2022թ․՝ 134 դեպք
  • 2023թ․՝ 489 դեպք
  • 2024թ․՝ 321 դեպք
  • 2025թ․՝ 460 դեպք։

Ոստիկանությունից բացատրում են՝ այս աճը մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ ոստիկանությունը զարգացրել է իր թվային կարողությունները՝ ստեղծելով մասնագիտացված ստորաբաժանումներ և նախապատրաստելով Քրեական ոստիկանության կիբեռլաբորատորիայի ձևավորումը։

Պատասխանատվության ենթարկված անձինք

Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպքերով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց թիվը ևս աճել է․

  • 2018-ին պատասխանատվության է ենթարկվել 485 անձ, իսկ 2025-ին՝ 1935 անձ։

Հատկանշական է, որ չնայած ընդհանուր թվի աճին, անչափահասների թիվը մնում է հարաբերականորեն ցածր․ 2018-2025 թվականներին պատասխանատվության է ենթարկվել համապատասխանաբար՝

  • 2018 — 3, 
  • 2019 — 10,
  • 2020 — 4,
  • 2021 — 7, 
  • 2022 — 6, 
  • 2023 — 10,
  • 2024 — 10, 
  • 2025 — 8 անչափահաս։ 

2010-2017 թվականներին պատասխանատվության է ենթարկվել համապատասխանաբար՝

  • 2010— 2, 
  • 2011 — 7, 
  • 2012 — 5, 
  • 2013 — 7, 
  • 2014 — 8, 
  • 2015 — 3, 
  • 2016 — 3, 
  • 2017 — 6 անչափահաս։

Զգալիորեն աճել է պատասխանատվության ենթարկված օտարերկրացիների թիվը՝ 2018-ի 29-ից հասնելով 103-ի 2025 թվականին։

Այսպիսով, թմրամիջոցների հետ կապված հանցագործությունները Հայաստանում աճել են։ Աճել են նաև առգրավումները, մաքսանենգությունն ու հատկապես առցանց շրջանառությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկվածների թիվը, որոնց թվում շատ են օտարերկրացիները։

Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների կտրուկ աճը պայմանավորված է երկու հիմնական գործոնով՝ նախ, իրավապահ համակարգում թվային կարողություններն են զարգացրել ու հաշվարկի մեթոդաբանությունն են փոխել, ինչը թույլ է տվել «տեսանելի» դարձնել նախկինում թաքնված հանցագործությունները։ Եվ հետո՝ թմրաշրջանառության ձևերի փոփոխությունն է, այսինքն՝ տեղափոխություն դեպի առցանց հարթակներ և տարանցիկ ուղիների ակտիվացումը։

Միաժամանակ անչափահասների ներգրավվածությունը այս տեսակի հանցագործություններում շարունակում է մնալ ցածր։

Արեն Նահապետյան 

Գլխավոր լուսանկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Փաստերի ստուգման հարթակը» (FIP.am), և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ԵԱՀԿ-ի տեսակետները:

The post Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների պատկերը Հայաստանում․ ի՞նչ ներգրավվածություն ունեն անչափահասները appeared first on FIP.AM.

Leave a comment