Ո՞նց եմ սպшնել, թփերի հետևում պախկվել եմ, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս են եկել, կրակել եմ․մեղադրյալ Գ․ Հարությունյան

Այսօր տեղի ունեցավ  Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանության գործով դատական նիստը։

Մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոստովանում է, որ ինքն է սպանությունն իրականացրել՝  նկարագրելով սպանության ընթացքը։

 «Տան մոտի թփերի հետևում պախկվել եմ, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս են եկել, վազել եմ դեպի իրենց ու կրակել եմ։ Սաղ ես եմ արել․․․»։

Այնուհետև ցույց է տալիս ինքնաձիգը, որով կրակել է և թաքրել։

«Ես եմ ծածկել․ որպեսզի հետքեր չմնա վրեն»,- ասաց նա։

Հարությունյանը տեսանյութում նաև մանրամասնում է,թե ինչու համար է կրակել։

Հիշեցնենք՝  2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում՝ իր նորակառույց տան մոտ  սպանվել է Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը։ Նրա հետ միասին սպանվել է ընկերը՝ քրեական ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը։  Վիրավորում ստացած քաղաքացին՝ Արծրուն Գալստյանը, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր բժշկական կենտրոն։

Մեղադրանքի համաձայն. Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նարեկ Սոսի Օհանյանի կողմից հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը նախապես խոստացված պարտակելու եղանակով օժանդակությամբ, վրեժի շարժառիթով դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ՝ ռազմամթերք հանդիսացող 5.45 մմ տրամաչափի առնվազն 28 փամփուշտներով, որից Վալոդյա Լևոնի Գրիգորյանին, Արծրուն Անուշավանի Գալստյանին և Կարեն Նորիկի Աբրահամյանին վրեժի շրժառիթով կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ, 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:43-ին, կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ՝ սպանելով Վալոդյա Գրիգորյանին, Կարեն Աբրահամյանին և փորձել է սպանել Արծրուն Գալստյանին:

Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը նախապես խոստացված պարտակելու եղանակով օժանդակել է իր համագյուղացի և ընկեր Գևորգ Արտյոմի Հարությունյանին՝ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:43-ին, Վալոդյա Լևոնի Գրիգորյանին և Կարեն Նորիկի Աբրահամյանին վրեժի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելուն՝ սպանելուն, իսկ Արծրուն Անուշավանի Գալստյանի նկատմամբ սպանության փորձ կատարելուն՝ պայմանավորված իր հարազատ եղբոր՝ Գրիգոր Սոսի Օհանյանի, 2025թ. փետրվարի 5-ին Մերձավանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ սպանության հանգամանքով:

Leave a comment