Դավիթ Մինասյանն այս պահին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Դավիթ Մինասյանն այս պահին գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին գրում է 1lurer.am-ը՝ հղում անելով վերջինիս փաստաբան Լուսինե Մարտիրոսյանին:
Փաստաբանի խոսքով, Դավիթ Մինասյանը բժիշկների հսկողության տակ է: Թույլ է, պառկած է, հետազոտությունները շարունակվում են։
Մարտիրոսյանը նշել է, որ Մինասյանի առողջական վիճակը վատթարացել է դեռևս նախորդ երեկոյան։ Այսօր առավոտյան նա տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, սակայն այնտեղ նրա վիճակը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով նա ուշագնաց է եղել։ Դրանից հետո Մինասյանը շտապ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ այնուհետև՝ «Նաիրի» ԲԿ:
Փաստաբանը շեշտել է, որ Մինասյանի առողջական խնդիրների մասին նախապես տեղեկացվել է համապատասխան մարմիններին:
«Մենք իրազեկել ենք, որ Դավիթ Մինասյանն ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են անազատության հետ՝ Կառավարության որոշմամբ սահմանված: Հիվանդություններ կան, որոնք ընթացքում են վատացել»,- ասել է Մարտիրոսյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն ունի նաև դեղորայքային և սննդային ալերգիա:
Նա նաև հայտնել է, որ Դավիթ Մինասյանի կոնկրետ ախտորոշումները հրապարակման ենթակա չեն։
Նշենք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագից հետո, երբ վարչապետը թիկնապահների ուղեկցությամբ քայլում էր դեպի ելքը, ներկաներից մեկը մոտեցել է նրան և ասելով՝ «Ըտենց չնայես ինձ», ձեռքի կտրուկ շարժում է արել վարչապետի ուղղությամբ։ Ավելի ուշ միջադեպի կապակցությամբ 3 անձ ձերբակալվել էր։ Այս գործով Դավիթ Մինասյանի եղբայրը՝ Միքայել Մինասյանը ազատ է արձակվել: Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու մասին, և կիրառվել է գրավ՝ 5 միլիոն դրամի չափով: