ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ 273 հեկտար անտառավերականգնման աշխատանք կիրականացվի

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջեւ կնքված եռակողմ հուշագրով կողմերը միավորում են իրենց ուժերը՝ ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ 273 հեկտար տարածքում անտառավերականգնման եւ անտառապատման աշխատանքներ իրականացնելու համար։

Ծրագրի նպատակը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների նվազեցումն է, ինչպես նաեւ էկոհամակարգերի վերականգնումը։

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալ, կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն ընդգծել է, որ ընկերությունը պարտավորվել է 300 հա անտառվերականգնում իրականացնել. «18 հա արդեն վերականգնվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ջանքերի շնորհիվ։ 2 հա դեռեւս ընթացքի մեջ է, որը նպատակ ունենք ավարտին հասցնել այս կամ հաջորդ տարի»:

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալն ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում պատասխանատու գործելաոճը բիզնես մոդելի հիմքում է, եւ այս ծրագիրը իրականացվում է ընկերության գործունեության հիմքում դնելով հենց այդ պատասխանատվությունը՝ ուժերի ներածին չափով վերադարձնել բնությանը։ 

«Այս համագործակցությունը տնտեսության եւ բնության հավասարակշռության մասին է։ Հուշագրի կնքմամբ մենք շարունակելու ենք համատեղ անցնել մի ճանապարհ, որի հիմքում բնապահպանությունն է։ Մեր երկրի զարգացումը մենք պետք է ապահովենք ոչ միայն հանքարդյունաբերությամբ, այլ նաեւ՝ երկարաժամկետ բնապահպանական համատեղ ջանքերով։ Վստահ եմ, որ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի ազդեցությունը կզգան Սյունիքում, ինչպես նաեւ մայրաքաղաքում»,- ասել է ՇՄ Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:

Համագործակցությունը նախատեսում է այդ թվում՝ անտառավերականգնման եւ անտառապատման ծրագրերի համատեղ պլանավորում, համապատասխան տարածքների ընտրություն՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ, ոլորտային փորձագետների մասնակցությամբ ծրագրերի մշակում, իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության եւ հաշվետվությունների փոխանակում, իրազեկման եւ հաղորդակցման միջոցառումների իրականացում։

Leave a comment