Ռոք աստղերը մերժե՞լ են Փաշինյանին. սոցցանցերում կեղծ տեսանյութերի նոր ալիք

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Միջազգային ռոք աստղերը հրաժարվում են միլիոնավոր դոլարների առաջարկներից՝ չցանկանալով ներգրավվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավում։ Միևնույն ժամանակ, «Տարօրինակ դեպքեր» (Stranger Things) սերիալի դերասանները կոչ են անում չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։

Մարտի 30-ից X-ում (նախկին Twitter) և TikTok-ում տարածվում են մեկ տասնյակից ավելի տեսանյութեր, որոնցում համաշխարհային ռոք աստղերի և դերասանների կերպարներն օգտագործվում են կեղծ պնդումներ տարածելու համար, թե իբր նրանք հրաժարվում են մասնակցել Երևանում նախատեսվող ռոք փառատոնին՝ այն համարելով Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մաս, ինչպես նաև Հայաստանին վերաբերող քաղաքական գնահատականներ են հնչեցնում՝ անդրադառնալով ցեղասպանությանը և պնդելով, թե երկիրը «վաճառվել է» Թուրքիային։

«Մեզ համոզել էին, որ միջոցառումը քաղաքական չէ, բայց դա այդպես չէր։ Իրականում սա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մի մասն է։ Իմ կարծիքով՝ Փաշինյանը ամենավատ բանն է, որ պատահել է Հայաստանի հետ ցեղասպանությունից ի վեր»,- տարածվող տեսանյութերից մեկում ասում է Megadeth ռոք խմբի մենակատար Դեյվ Մասթեյնը։

Տարածված այս տեսանյութերը կեղծ են․ դրանցում օգտագործվել են իրական տեսանյութերի հատվածներ, որոնք մոնտաժվել են և լրացվել կեղծ հայտարարություններով։

Նույն սցենարը՝ տարբեր ռոք աստղերի անունից

X-ում տարածվող տեսանյութերում միջազգային ռոք աստղերն իբրև զանգվածային կերպով հրաժարվում են մասնակցել «Երևան ռոք փառատոնին» (Yerevan Rock Festival), քանի որ պարզվել է, որ այն իրականում Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մաս է։

Տեսանյութը՝ X-ում տարածվող կեղծ հրապարակումներից

Տեսանյութերում «խոսում են» Megadeth ռոք խմբի մենակատար Դեյվ Մասթեյնը, Nekrogoblikon խումբը Ջոն Գոբլիկոնը, ինչպես նաև անգլիական Cradle of Filth խմբի վոկալիստ Դանի Ֆիլթի և այլք։ 

Այս տեսանյութերը տարածվել են նույն օրը՝ մարտի 30-ին, իսկ գրառումներում ուշադրություն գրավելու համար նշվել են (tag) միջազգային և հայկական լրատվամիջոցները։

Էկրանապատկերը՝ X-ում տարածված գրառումներից

Նույն օրը՝ մարտի 30-ին, այս տեսանյութերը լայնորեն տարածվել են նաև TikTok-ում, որտեղ դրանք հրապարակած էջերի միակ ակտիվությունը հենց այս տեսանյութերի տարածումն է։

Էկրանապատկերը՝ TikTok-յան էջերի հրապարակումներից

Բոլոր տեսանյութերը ունեն նույն կառուցվածքն ու հիմնական ուղերձները։ Դրանք կրկնում են փառատոնի քաղաքականացված լինելու, առաջարկված գումարի մերժման, «խաբված լինելու», ինչպես նաև դավաճանության և ցեղասպանության թեմաները։

Որոշ տեսանյութերում նաև Փաշինյանի հասցեին հնչում են վիրավորական գնահատականներ՝ նրան ներկայացնելով որպես երկիրը Թուրքիային «վաճառած» առաջնորդ։

#CivilNetCheck-ը մոտակա ամիսներին Երևանում սպասվող ռոք փառատոնի վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնաբերել։

Ինչպես են ստեղծվել տեսանյութերը

Ռոք աստղերի մասնակցությամբ տեսանյութերի սկզբում նրանք նշում են, որ միացել են Cameo հարթակին, իսկ հետո արդեն խոսում են փառատոնին մասնակցությունը դադարեցնելու պատճառների մասին։

Cameo-ն հարթակ է, որը թույլ է տալիս գումարի դիմաց պատվիրել աստղերի մասնակցությամբ կարճ տեսանյութեր՝ օրինակ՝ շնորհավորանքներ կամ անձնական ուղերձներ։

Այս դեպքում օգտագործվել են հենց այդ հարթակից վերցված իրական տեսանյութեր, որոնց առաջին հատվածը իրական է, իսկ դրանից հետո ավելացվել է Հայաստանին վերաբերող կեղծ բովանդակություն։

Օրինակ՝ Megadeth խմբի մենակատարը տեսանյութի սկզբում խոսում է Cameo-ով պատվերների մասին, իսկ հետո անցնում է բոլորովին այլ թեմայի՝ փառատոնին մասնակցությունը չեղարկելու պատճառների մասին։

Որոշ տեսանյութերում աստղերը նույնիսկ նշում են այն անձանց անունները, որոնց համար պատրաստվել է տեսանյութը։ Օրինակ, ասում են՝ «Ջեք, սա ես եմ», «Հե՛յ, Քրիս» և անմիջապես անցնում բոլորովին այլ թեմայի։ Մինչդեռ, Cameo հարթակի իրական տեսանյութերում վերջիններս պարզապես շնորհավորանքներ են ասում (տեսանյութ 1, 2

Վիդեո կեղծ/իրական՝ https://we.tl/t-H5GdsXdk8PJyht98  

Չնայած Cameo հարթակը նախկինում օգտագործվել է քաղաքական բովանդակություն ստեղծելու համար, այս դեպքում #CivilNetCheck-ը չի հայտնաբերել տվյալ տեսանյութերի ամբողջությամբ համընկնող տարբերակներ հարթակում։

Տարածման մեխանիզմը

Տեսանյութերի տարածումը համապատասխանում է ռուսական «Մատրյոշկա» արշավի մեխանիզմին, երբ կեղծ կամ մանիպուլացված բովանդակությունը սկզբում հրապարակվում է սոցիալական հարթակներում՝ սահմանափակ թվով անանուն հաշիվների կողմից՝ հաճախ նմանակելով հեղինակավոր լրատվամիջոցների կամ հաստատությունների ոճը։

Այնուհետև դրանք համակարգված կերպով տարածվում են բոտային հաշիվների միջոցով՝ լրագրողների, լրատվամիջոցների և փաստերի ստուգող կազմակերպությունների հրապարակումների տակ՝ նրանցից «ստուգում» կամ «արձագանք» ստանալու նպատակով։

Նույն սցենարը՝ նաև հոլիվուդյան դերասանների անունից

Մարտի 31-ից տարածվում են նաև նմանատիպ տեսանյութեր հոլիվուդյան աստղերի անունից։ Դրանցում տարբեր ֆիլմերից հայտնի դերասանները, իբր, հորդորում են հանգանակություններ անել Ամերիկայի հայկական թանգարանին (Armenian Museum of America) և ընտրություններին չքվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին։

Տեսանյութերից մեկում, օրինակ, «Տարօրինակ դեպքերի» դերասանուհի Կարա Բուենոն նշում է, թե սերիալի թիմը վերջին մեկ ամսվա ընթացքում մեկ միլիոն դոլար է հավաքել թանգարանի համար՝ Հայոց ցեղասպանության հիշողությունը պահպանելու նպատակով։

«Այսօր ավելի քան երբևէ կարևոր է կենդանի պահել հայոց ցեղասպանության հիշողությունը, հատկապես այն պատճառով, որ Հայաստանի կառավարությունը երկիրը վերածում է թուրքական գաղութի»,- տեսանյութում իբր ասում է դերասանուհին։

Տեսանյութում օգտագործված է նաև Ամերիկայի հայկական թանգարանի տարբերանշանը, սակայն նման հանգանակությունների վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնաբերվում։

Տեսանյութերի սկզբի հատվածները դարձյալ վերցված են Cameo հարթակից, որտեղ դերասանուհին իրականում պարզապես ներկայացնում է իրեն և հարթակում իր մասնակցությունը։

Հատկանշական է, որ այս տեսանյութերը տարածած էջերը նույն ժամանակահատվածում հրապարակել են նաև այլ՝ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ տեսանյութեր, որտեղ վերջիններս, իբր, միանում են հորինված «Հոլիվուդը լքում է Ֆրանսիան» (#HollywoodLeavesFrance) արշավին։

Էկրանապատկերը՝ նույն էջի կողմից տարածված Հայաստանն ու Ֆրանսիան թիրախավորող նույնատիպ հրապարակումներից

Այսպիսով, սոցիալական ցանցերում տարածվող տեսանյութերը, որտեղ աստղերը հանդես են գալիս Հայաստանի վերաբերյալ քաղաքական հայտարարություններով, կեղծ են․ դրանցում օգտագործվել են Cameo հարթակից վերցված իրական տեսանյութերի հատվածներ, որոնք մոնտաժվել են՝ ավելացնելով թիրախավորող բովանդակություն։

The post Ռոք աստղերը մերժե՞լ են Փաշինյանին. սոցցանցերում կեղծ տեսանյութերի նոր ալիք appeared first on CIVILNET.

Leave a comment