НТВ-ն՝ Հայաստանի մասին. սխալ ամսաթվեր, կեղծ մեջբերումներ և շրջված իրականություն

Նելլի Լազարյան, #CivilNetCheck

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ և օգտատերեր մարտի 31-ին տարածել են գրառումներ՝ «Ռուսաստանին խոստումներ տվող Փաշինյանին հավատալը դժվար է… վարկանիշը 25%-ից չի բարձրանում» վերտառությամբ՝ հղում անելով ռուսական НТВ հեռուստաալիքի ռեպորտաժին։

Գրառումներին կցված է նաև НТВ հեռուստաալիքի՝ մարտի 31-ին հրապարակված՝ «Փաշինյանը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա՝ իր համար կրիտիկական պահին» ռեպորտաժը, որը վերաբերում է Փաշինյանի՝ ապրիլի 1-ին Մոսկվա նախատեսված այցին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին և առաջիկա ընտրություններին։ Սակայն տարածված գրառումներում НТВ-ի ռեպորտաժին վերագրվում է պնդում, որը տեսանյութում չի հնչում։

Միաժամանակ, ռեպորտաժի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն պարունակում է նաև մի շարք սխալ և մոլորեցնող տեղեկություններ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։

25%-ի մասին ռեպորտաժում որևէ հիշատակում չկա

Հայկական մի շարք էջերի կողմից տարածվող այն պնդումը, թե ըստ ռեպորտաժի՝ Փաշինյանի «վարկանիշը 25%-ից չի բարձրանում», չի համապատասխանում իրականությանը։

НТВ-ի ռեպորտաժի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեսանյութում Փաշինյանի վարկանիշի վերաբերյալ որևէ թվային տվյալ չի ներկայացվում։ Ռեպորտաժի հեղինակ Ռոման Սոբոլը նշում է միայն, որ Հայաստանում աճում է քաղաքական ճգնաժամի ռիսկը, և որ սպասվող խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի «հեռանկարներն ամենաուրախալին չեն»։

Այսպիսով, Փաշինյանի «25% վարկանիշի» մասին պնդումը չի բխում НТВ-ի ռեպորտաժից և այն վերագրված է աղբյուրին։

Ռեպորտաժում առկա մանիպուլյացիաները

Ռեպորտաժում նշվում է, թե Փաշինյանը իշխանության է եկել՝ խոստանալով բարգավաճում Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ մերձենալու արդյունքում։

Սակայն այս պնդումը չի արտացոլում 2018 թվականի իրադարձությունների փաստական պատկերը։ Թավշյա հեղափոխությունից հետո Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձեր («ռևերսներ») չեն լինելու։

Մասնավորապես, 2018 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովում նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակելու է մնալ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Նույնատիպ հայտարարություններ նա արել է նաև հետագայում։

Ռեպորտաժի հեղինակ Ռոման Սոբոլն անդրադառնում է նաև արտաքին ազդեցությունների թեմային՝ նշելով, թե Եվրամիությունը պատրաստվում է Հայաստան ուղարկել «արագ արձագանքման խումբ»՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սպառնալիքներին դիմակայելու համար։ Ռեպորտաժում այս նախաձեռնությունը բնութագրվում է որպես «արևմտյան պոլիտտեխնոլոգների ու PR մասնագետների դեսանտ», և ներկայացվում է որպես հնարավոր միջամտություն սուվերեն պետության քաղաքական գործընթացներին։ Միաժամանակ ընդգծվում է, որ Փաշինյանը հրապարակայնորեն չի մերժել այդ առաջարկը և խոսել է «հյուսիսից եկող սպառնալիքի» մասին։

Սակայն այս ներկայացումը ամբողջական չէ և կարող է մոլորեցնող տպավորություն ստեղծել։ Ռեպորտաժում անտեսվում է այն հանգամանքը, որ նախաձեռնությունը չի եղել ԵՄ-ի միակողմանի որոշում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռևս փետրվարի 13-ին պաշտոնական նամակով դիմել էր Բրյուսելին՝ խնդրելով աջակցություն։ Դրանից հետո՝ փետրվարի 24-ին, հրապարակվել էին տեղեկություններ, որ ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել «հիբրիդային արագ արձագանքման խումբ», իսկ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել էր, որ Եվրամիությունը ընդառաջել է Հայաստանի դիմումին։

Այսպիսով, ներկայացվող նարատիվը շրջանցում է կարևոր համատեքստը․ նախաձեռնությունը եղել է Հայաստանի դիմումի արդյունք, ոչ թե միակողմանի կամ պարտադրված արտաքին միջամտություն։

Պատմական փաստերի մանիպուլյացիա

Բացի այդ, ռեպորտաժում անդրադարձ է կատարվում Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոխելու մտադրություններին։ Լրագրողը նշվում է, թե Սահմանադրության նախորդ տարբերակը ընդունվել է 1990-ին Արցախի ժողովրդի հետ միասին»։

Հայաստանում Սահմանադրություն չի ընդունվել 1990 թվականին։ Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին անցկացված հանրաքվեով, որին Արցախի ժողովուրդը չի մասնակցել։ 

Հետագայում Սահմանադրությունը փոփոխվել է նաև 2005-ին և 2015-ին, և գործող խմբագրությունը հենց 2015 թվականի փոփոխությունների արդյունք է։

Հավանաբար, ռեպորտաժի հեղինակը նկատի ունի Անկախության հռչակագիրը, որն ընդունվել է 1990-ին և ներառված է Սահմանադրության նախաբանում։ Սակայն Անկախության հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից՝ հիմք ընդունելով «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշումը։ Նույնիսկ այս դեպքում խոսք չի կարող լինել «Արցախի ժողովրդի մասնակցությամբ» ընդունման մասին։

The post НТВ-ն՝ Հայաստանի մասին. սխալ ամսաթվեր, կեղծ մեջբերումներ և շրջված իրականություն appeared first on CIVILNET.

Leave a comment