Հայաստանը շատ մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել իր տնտեսական հարաբերությունները նրա հետ։ Այս մաիսն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ՌԴ փոխվարչապետն այս մասին հայտարարել է այն ժամանակ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվել է Մոսկվայում։
Օվերչուկը նշել է, որ երկկողմ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, «հայ ղեկավարները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին և խոստանում են իրենց հավատարմությունը ԵԱՏՄ-ին»։
«Մեր կողմից քննարկումներն անկեղծ են և միշտ հարգալից։ Միևնույն ժամանակ, համեմատելով խոսքերը գործողությունների հետ, եզրակացնում ենք, որ մեր գործընկերները շատ մոտ են այն կետին, երբ մենք ստիպված կլինենք վերակառուցել մեր տնտեսական հարաբերություններն այս երկրի հետ»,- ասել է Օվերչուկը։
Օվերչուկը նշել է, որ Ռուսաստանի կառավարությունը, իր լիազորությունների ուժով, «մտահոգված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի ապագայի հեռանկարներով»։
«Հաշվի առնելով կոնցեսիայի վաճառքի մասին հայտարարությունը, տարածաշրջանային համատեքստի ընդհանուր ըմբռնումը և Հայաստանի ղեկավարության ԵՄ-ի հետ մերձեցման քաղաքականությունը, լուրջ հարցեր են առաջանում նրանց ապագայի վերաբերյալ», – հայտարարել է նա։
Փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պատկերացումն էր ներկայացրել երկաթգծի կառավարման մասին, ըստ որի կարող է Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։
Հունվարին Փաշինյանը դիմելով Ռուսաստանին՝ խնդրել էր հրատապության կարգով որոշում կայացնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածների վերականգնման հարցում։ Մինչ օրս այս հարցով հայկական կողմը հաստակ արձագանք չունի Ռուսաստանից։
Հայաստանն ակընկալում է, որ օր առաջ վերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։
Դեկտեմբերի 25-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։
2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:
Ռուսական կողմը պարտավորվել է ներդրումներ կատարել ենթակառուցվածքների արդիականացման, շարժակազմի նորացման և անվտանգության բարձրացման համար:
The post Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանը ստիպված կլինի վերակառուցել հարաբերությունները նրա հետ․ Օվերչուկ appeared first on CIVILNET.