«Որևէ ֆիլմ չի արգելվել։ Խոսքը գրաքննության մասին չէ, այլ պայմանագրային պարտավորությունները չկատարելու». այսպես է արձագանքել Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյաը հեռուստաընկերության պատվերով՝ Տիգրան Պասկևիչյանի ստեղծած «Անկախության մեր ճանապարհը» ֆիլմի ցուցադրության արգելքի մասին հայտարարություններին։
«Նրանք համարում են, որ չի կարելի ցույց տալ, թե ինչ է տեղի ունեցել 88-ի շարժումից մինչև անկախության հռչակումը»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ֆիլմի հեղինակ Պասկևիչյանը։
Հանրային հեռուստաընկերության տնօրենի պարզաբանման մեջ նշված է, որ «պատվիրվել է ֆիլմ, սահմանվել են հստակ ժամկետներ և ֆիքսվել է եթերի օր, սակայն հեղինակը չի հանձնել ֆիլմը պայմանագրով նախատեսված ժամկետում»։
«Չնայած դրան՝ որոշ ժամանակ անց հեղինակը սկսել է ֆիլմը ցուցադրել առանց իրավատիրոջ՝ Հանրայինի թույլտվության։ Եվ միայն այն պահին, երբ այդպիսի ցուցադրություններից մեկում հեղինակը սկսել է հրապարակային մեղադրանքներ հնչեցնել Հանրայինի հասցեին, առաջացել է անհրաժեշտություն իրավական արձագանքի։ Այդ պատճառով Հանրայինը դիմել է դատարան՝ պաշտպանելու իր իրավունքները։ Հատկանշական է նաև, որ դատական գործընթացի ընթացքում հենց հեղինակը փորձել է հաշտության գնալ։
Տհաճ է, երբ այս պարզ իրավական հարցը ներկայացվում է որպես «արգելված ֆիլմի» պատմություն և զուգահեռաբար հնչում են անհարկի վիրավորանքներ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հովհաննես Մովսիսյանը:
Նա նաև նշել է, որ քննարկում են ֆիլմը հասանելի դարձնելու տարբերակները, որ բոլորը կարողանան ինքնուրույն գնահատել իրավիճակը։
Հանրային հեռուստաընկերությունը հայցով դիմել էր դատարան։ Դատարանը բավարարել է ֆիլմի օգտագործումն ու տարածումը արգելելու մասին Հանրային հեռուստաընկերության հայցը։
Հայցվորը պահանջում է «արգելել ֆիլմի տարածումը, բնօրինակները վարձույթով տալը, բնօրինակի կամ օրինակների փոփոխությունը, թարգմանումը, վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, հաղորդումը հանրությանը, հրապարակային կատարումը, հաղորդումը մալուխով, հեռարձակումը և վերահեռարձակումը»։
«Ասում են՝ մենք փող ենք տվել, մենք էլ առել ենք։ Ես էլ դատարանում ասում էի՝ եթե Հանրայն հեռուստաընկերության փոխարեն որևէ մասնավոր հեռուստաընկերություն լիներ, ես միանգամից կընդունեի իմ սխալը և կասեի հաջողություն, կարող եք դատը չշարունակել»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ֆիլմի հեղինակը։
Կարդացեք նաև՝ Արգելվել է անկախության շարժման մասին ֆիլմի ցուցադրությունը
The post «Որևէ ֆիլմ չի արգելվել». Հանրայինի արձագանքը՝ Տիգրան Պասկևիչյանին appeared first on CIVILNET.