Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվա մեկնում


Քաղաքականություն



Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պաշտոնական Կրեմլի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվելու է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային-լոգիստիկ կապերի զարգացումը։ «Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել նաև հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։ Բանակցությունների առանցքում են լինելու նաև տարածաշրջանային օրակարգի արդիական խնդիրները»,– գրված է հաղորդագրության մեջ։

Հանդիպումը կայանում է Փաշինյանի խնդրանքով, այդ մասին նա ինքն էր հաստատել օրեր առաջ։ Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանն է արագացրել այցը, երբ նախօրեին ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտարարեց, թե Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կառավարման կոնցեսիան Ղազախստանին հանձնելու շուրջ բանակցություններ չի վարում։ «Նախ մենք չենք ծրագրում որևէ մեկին կոնցեսիա տալ, և երկրորդ՝ Հայաստանի մեր գործընկերները այդ հարցերը պաշտոնական մակարդակով չեն քննարկել մեզ հետ»,– ասել էր Նիկիտինը՝ բացասական պատասխան տալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը Ղազախստանի հետ բանակցել է այդ թեմայով։

Փաշինյանը մարտի 26-ին հայտնել էր, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ։ Եվ այժմ այցը, ինչպես կարելի է դատել Կրեմլի հաղորդագրությունից, մեծամասամբ վերաբերում է հենց երկաթուղու խնդրին։ Փաշինյանին Արևմուտքից պարտադրում են արագ ժամկետներում լուծել «Հարավկովկասյան երկաթուղուն» կոնցեսիայից զրկելու կամ այդ կոնցեսիան այլ, Արևմուտքին լոյալ երկրի փոխանցելու հարցը, և նա մտադիր է անձամբ Վլ. Պուտինի հետ քննարկել հնարավոր տարբերակները։ Մեծ հավանականությամբ, Մոսկվան կմերժի Փաշինյանին։

Մանե Կիրակոսյան




Leave a comment