Գևորգ Թոսունյան
Թմրամիջոց գնելն այսօր նույնքան հեշտ է, որքան համացանցով սնունդ պատվիրելը։ Վիճակագրական թվերն աճում են, բայց խնդիրը չի սկսվում կամ ավարտվում միայն այդ աճով։ Թմրամիջոցների գործածման «երիտասարդացում և կանացիացում» է տեղի ունենում։
«Եթե հնարավորություն ունենայի վերադառնալ 23 տարեկան, ինքս ինձ կասեի՝ խելքդ գլուխդ հավաքիր ու մի շարունակիր»,- սա 45-ամյա Նարինեի (անունը փոխված է) խոստովանությունն է, որն այսօր փորձում է վերակառուցել իր կյանքը մեթադոնային փոխարինող բուժման միջոցով: Նրա պատմությունը սկսվել է տասնամյակներ առաջ արտերկրում, երբ պատահական կոտրվածքի պատճառով առաջացած ցավը մեղմելու համար նրան առաջարկեցին «ամենահեշտ» միջոցը՝ սինթետիկ թմրանյութ: Սկզբում ցավը մեղմվեց, հետո եկավ հաճույքի պահը՝ «ամեն ինչ գունավոր էր թվում», բայց բազմերանգ օրերին անմիջապես հաջորդեցին հոգեբանական ու ֆիզիկական տանջանքները։
«Սկզբում ամեն ինչ գունավոր ու լավ էր, երիտասարդ էինք, բայց հետո դա դարձավ գումարի լուրջ խնդիր: Երբ չէի օգտագործում, սկսվում էին «լոմկաները». ոսկորներս բառիս բուն իմաստով ջարդվում էին, չէի կարողանում շնչել, մրսում էի կամ անտանելի շոգում»,- պատմում է Նարինեն։
Տարիներ անց նա վերադառնում է Հայաստան ու այստեղ շուրջ տասը տարի չի օգտագործում որևէ թմրանյութ։ Հետո կրկին՝ առողջական խնդիրների բերումով սկսում ամեն ինչ։
«Ամուսինս էր ճարում ու բերում: Այս ամենի մեջ ամենաբարդն ինձ համար ինքս ինձ ներելն է: Մինչև հիմա չեմ կարողանում ինձ ներել, որ տարիներով մաքուր էի, հազիվ պրծել էի, բայց նորից ընկա դրա մեջ: Հիմա մեթադոնային բուժում եմ ստանում և աշխատում եմ քանակը կամաց-կամաց քչացնել ու ընդմիշտ վերացնել»,- պատմում է Նարինեն, որը բուժվում է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում։
Նարինեի պատմությունը եզակի չէ, այն արտացոլում է այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի թմրաշրջանառության ոլորտում:
Նարինեն ունի երեխաներ։ Նրանցից թաքցրել է կախվածության հանգամանքը։ Այսօր բացի սեփական առողջությամբ զբաղվելուց նա ուշադիր հետևում է, որ հատկապես դպրոցական որդին ու դուստրը համացանցի միջոցով չհայտնվեն այն փակ շղթայում, որտեղ ինքն է հիմա։
Թվային հեղափոխությունը թմրաշուկայում
Թմրամիջոց ձեռք բերելն այսօր Հայաստանում դարձել է նույնքան պարզ, որքան առցանց հարթակներից սնունդ կամ հագուստ պատվիրելը:
Հանցավորության մյուս կողմում գտնվող անձինք գործընթացը հնարավորինս պարզեցրել ու գրավիչ են դարձրել։ «Տելեգրամում» գտնում ենք բազմաթիվ ալիքներ ու բոտեր, որոնք մասնագիտացած են տարբեր տեսակի ու արժեքի թմրանյութերի վաճառքով։
Այս ողջ շղթայում գնորդն ու վաճառողը դեմ առ դեմ հանդիպումներ չեն ունենում։ Պատվերից հետո որոշ ժամանակ անց վաճառողն ուղարկում է հասցե ու լուսանկար։ «Տելեգրամի» ալիքներն ու բոտերն առաջարկում են թմրանյութի մեծ տեսականի՝ սովորական մարիխուանայից (կանեփի չորացրած ծաղիկներն ու տերևները) մինչև կոկաին։ Բայց հանցավոր շղթան «Տելեգրամով» չի սահմանափակվում։ Նամակագրությունները տեղի են ունենում նաև WhatsApp և այլ հավելվածներով, իսկ ֆինանսական գործարքների համար օգտագործվում են նաև EasyPay, Webmoney, Яндекс.деньги և այլ վճարային համակարգեր:
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի խորհրդական Նաիրի Փեթակչյանը նշում է, որ այս հարթակների փակ բնույթը մեծապես կաշկանդում է պետական մարմինների աշխատանքը հանցագործության բացահայտման գործում. «Տարածումն ավելի շատ սոցցանցերի միջոցով է ու հատկապես «Տելեգրամի»։ Բոլորս էլ գիտենք, որ այն թափանցիկության մասով խնդիր ունի, այսինքն՝ ավելի անվտանգ է օգտատիրոջ համար և պետական համակարգի համար այդքան էլ հասանելի չէ»,- ասում է Փեթակչյանը։
Մյուս կողմից «Տելեգրամի» էջեր կան, որոնք փնտրում են այսպես կոչված «կլադմեններ»՝ այն մարդկանց, որոնք իրականացնում են թմրանյութի տարածումը։ Մենք հնարավորություն ունեցանք կապի դուրս գալ ու զրուցել նրանցից մեկի հետ՝ պայմանով, որ չենք հրապարակի ու որևէ մեկին չենք տրամադրի այդ անձի անձնական որևէ տվյալ, որը նրան կնույնականացնի։ Ընդգծեք, որ թմրանյութերի տարածումը և օգտագործումը քրեաորեն պատժելի արարք է։
Հ․ – Ասեք ձեր տարիքը։
Պ․ – 27 տարեկան եմ։
Հ․ – Քանի՞ տարի է՝ զբաղվում եք այս գործով։
Պ․ – Տարի չէ, մի քանի ամիս կլինի։ Էս գործով զբաղվողը երկար ստեղ չի մնում։
Հ․ – Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել սրանով։
Պ․ – Փող էր պետք, հետո էլ հասկանում եմ՝ եթե մեկը կարիքն ունի, «լոմկա» է (սա խոսակցական բնորոշումն է այն հոգեվիճակի, երբ թմրանյութ օգտագործողի ցանկությունը սրվում է – Գ․Թ․) ամեն ձև կճարի «յադը» (սա թմրանյութի խոսակցական բնորոշումն է, հատկապես այդպես են որակում այն թմրանյութը, որը հավանել է օգտագործողը – Գ․Թ․), հետո լավ փող ես քերում (ձեռք բերում – Գ․Թ․)։
Հ․ – Չե՞ք վախենում, որ կբռնվեք։
Պ․ – Էդ ռիսկը միշտ կա, դրա համար եմ ասում՝ մարդիկ էս գործին երկար չեն մնում՝ կամ բռնում են, կամ զխկում են։ Ինձ վռազ փող ա պետք, պարտքերի մեջ եմ ահավոր, մի ամիս էլ աշխատեմ ու դուրս կգամ։ Ես ասեմ, որ փորձում եմ դպրոցների մոտ չդնել, հենց տեսնում եմ, որ տենց լոկացիա ա գցած, գրում եմ, որ փոխեն, ես դեմ եմ դրան։ Քույրս էլ ա դպրոցում սովորում։
Հ․ – Իսկ կապ պահո՞ւմ եք մյուս կլադմենների հետ։
Պ․ – Հա, մենք չատեր ունենք։ Չատերում շատ են գրում, որ էս կլադչիկը ժերտվա գնաց (նկատի ունի՝ ծեծվեց)։ Շատ ա լինում, որ տղերքը գրում են, որ սրան բռնեցին, ում հետ կապի մեջ ա, իմացեք, որ գետնի տակ պիտի անցնեք։ Տենց ամեն շաբաթ մեկ էլ ու գրում են, որ անձնակազմում սետկեք կան (տվյալ դեպքում նկատի ունի, որ անձնակազմի մեջ մարդիկ կան, որոնք համագործակցում են ոստիկանության հետ – Գ․Թ․)։
Հ․ – Անչափահասներ կա՞ն։
Պ․ – Երևի, ես անձամբ չգիտեմ, բայց կլինեն երևի, չատում մարդիկ կան, գրածներից զգացվում ա, որ ասենք շատ խակ են, նոր են մտել, մալալետկա են։
«Կախվածություններ ու հանրային առողջություն» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Աննա Ասատրյանի խոսքով՝ առցանց գնումները «կույր» են. գնորդը երբեք չգիտի նյութի իրական քիմիական բաղադրությունը: Աննան նախկինում եղել է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի բժիշկ-թմրաբանը և մեթադոնային փոխարինող բուժման ծառայության ղեկավարը։
Նրա խոսքով՝ «Տելեգրամից» գնված կասկածելի թմրանյութերը հաճախ հանգեցնում են զանգվածային թունավորումների և գերդոզավորումների, քանի որ սինթետիկ նյութերի խառնուրդները կարող են լինել անկանխատեսելի և մահաբեր:
Սինթետիկ հոգեխթանիչներ և «կույր» գնումների հետևանքները
Վերջին հինգ տարիների ընթացքում միջազգային մակարդակով հայտնաբերվել է ավելի քան 1,000 նոր սինթետիկ հոգեներգործուն նյութ: Սրանք լաբորատոր պայմաններում ստեղծված քիմիական միացություններ են, որոնց կազմը շատ արագ է փոփոխվում՝ իրավապահների և լաբորատորիաների համար դառնալով դժվար հայտնաբերելի: Հայաստանում առցանց հարթակներով հիմնականում տարածվում են հենց այս սինթետիկ հոգեխթանիչները, որոնք շատ ավելի էժան են, քան ավանդական թմրամիջոցները, օրինակ՝ կոկաինը, սակայն շատ ավելի կործանարար են հոգեկան առողջության համար:
«Կախվածություններ ու հանրային առողջություն» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Աննա Ասատրյանը նշում է, որ սինթետիկ նյութերի գործածումը հանգեցնում է ծանր փսիխոտիկ խանգարումների: Բուժառուների մոտ նկատվում են տեսողական և լսողական հալյուցինացիաներ, կողմնորոշման կատարյալ կորուստ:
Մասնագետները նկարագրում են դեպքեր, երբ անձը, չգիտակցելով իր գտնվելու վայրը, պատուհանից ցած է նետվել՝ կարծելով, թե դա ելք է կամ ուղղակի չհասկանալով բարձրության վտանգը: Նման իրավիճակներում թմրաբանական բուժումը հաճախ բավարար չէ, և հիվանդներին ստիպված են լինում ուղղորդել հոգեբուժական կլինիկաներ:
«Բացի նրանից, որ տուժում է իմացական գործընթացը, մարդու մոտ բավականին շատ դրսևորվում են վարքային փոփոխություններ: Նա սկսում է ավելի ագրեսիվ լինել, ավելի նյարդային և դյուրագրգիռ, ավելի արագ է արձագանքում ամենաչնչին բաներին»,- ասում է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան-խորհրդատու Սիլվա Ալեքսանյանը։
Այս վիրտուալ և անվերահսկելի շուկայի ամենախոցելի թիրախը դառնում են անչափահասներն ու դպրոցականները: Իրավիճակի լրջության մասին ահազանգում են նաև կախվածությունից բուժվող բուժառուները: 45-ամյա Նարինեն, որը ներկայում մեթադոնային բուժում է ստանում, ևս անհանգստացած է դպրոցների մոտ թմրանյութերի տարածման խնդրով։
Երիտասարդացում և կանացիացում. սոցիալական նոր պատկերը
Հայաստանում և ամբողջ աշխարհում թմրամիջոցների գործածման վիճակագրությունը ցույց է տալիս երկու ահագնացող և մտահոգիչ միտում՝ խնդրի երիտասարդացում և կանացիացում։
Թեև թմրամիջոցներ գործածողների և բուժման համար դիմողների մեջ գերակշռում են տղամարդիկ, մասնագետները միաձայն փաստում են, որ կանանց և աղջիկների թիվը հստակ աճի միտում ունի։ Նախկին բժիշկ-թմրաբան Աննա Ասատրյանը հաստատում է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նկատվում է կանանց կողմից հոգեներգործուն նյութերի գործածման աճ։
Կանանց դեպքում խնդիրն ունի խորը գենդերային և սոցիալական շերտեր։ Միջազգային տվյալներով՝ ամբողջ աշխարհում թմրամիջոց օգտագործողների մոտ մեկ քառորդը կանայք են, սակայն նրանք շատ ավելի հազվադեպ են դիմում բուժման։ Եթե տղամարդկանց դեպքում անհրաժեշտ բուժում է ստանում յուրաքանչյուր 7-րդը, ապա կանանց դեպքում՝ միայն յուրաքանչյուր 18-րդը։ Ըստ մասնագետերի՝ սրա գլխավոր պատճառը հասարակական խարանն ու սոցիալական ճնշումն են. կանայք վախենում են հասարակական դատապարտումից, ընտանիքի կողմից մերժվելուց կամ, որ ամենացավալին է, երեխաներից զրկվելուց։
Թմրամիջոցների գործածումը և կախվածության ձևավորումը նաև կտրուկ երիտասարդացել են։ Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027-ի պետական ռազմավարության համաձայն՝ ամբողջ աշխարհում 15-16 տարեկան դեռահասների կողմից կանեփից պատրաստված թմրամիջոցների գործածման տարածվածությունն ավելի բարձր է, քան մեծահասակների շրջանում (5.5%՝ 4.5%-ի դիմաց)։
Բժիշկներն ասում են, որ սա վտանգավոր երևույթ է, քանի որ վաղ դեռահասությունը նյարդային զարգացման կարևորագույն շրջան է, և այդ տարիքում նյութերի գործածումը կարող է հանգեցնել հոգեբուժական ու զարգացման ծանր խանգարումների։
Երիտասարդության շրջանում ի հայտ է եկել և լայնորեն տարածվել է նաև խմբային գործածման մշակույթը։
«Գիտեք ինչպես է՝ մի քանի հոգով են հավաքվում, այդ ձևով են գնում: Ունեցել եմ 18-19 տարեկան պացիենտներ, որոնք ասում էին՝ «զուտ ուզում էինք փորձել»: Յոթ հոգով գումար են հավաքում, փորձում են, բայց այդ յոթից երկուսը շարունակում է գործածել, և արդեն կախվածությունը ձևավորվում է»,- նշում է Աննա Ասատրյանը։
Վիճակագրական պատկեր. հանցավորության աճ և բացահայտման դինամիկա
Հայաստանում թմրամիջոցների օգտագործման հետևանքով առաջացած հոգեկան և վարքի խանգարումներ ունեցող անձանց թիվը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում։ Այսպես՝ եթե 2019-ին հաշվառված էր 7,209 անձ, որոնցից 132-ը կին էր, իսկ թմրամիջոցներից բուժում է ստացել 139-ը, 2025-ի տվյալներով՝ Հայաստանում հաշվառված է 7,941 անձ, որից 192-ը՝ կին, իսկ անչափահասները՝ 6։
ՀՀ գլխավոր դատախազության տվյալները ևս վկայում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների աճի մասին․ 2025-ին արձանագրվել է 4,170 դեպք, ինչը 19,7%-ով կամ 685-ով ավելի է նախորդ տարվա 3,485 դեպքի դիմաց։ Իրացնելու նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը նույնպես աճել են։
Ըստ դատախազությունից ստացած տվյալերի՝ Հայաստաում Սինթետիկ թմրամիջոցների առգրավումն աճել է ավելի քան 5 անգամ (38.5 կգ-ից հասնելով 213,9 կգ-ի)։ Ի հակադրություն ընդհանուր աճի՝ թմրամիջոցների մաքսանենգության դեպքերը նվազել են 30,1%-ով։ Բնական ծագման թմրամիջոցների աճը կազմել է մոտ 43% (2024-ին՝ 388 կգ է եղել), իսկ հերոինի առգրավված քանակն ավելացել է գրեթե 10 անգամ (17,4 կգ-ից հասնելով 169,6 կգ-ի)։
Պետական ռազմավարություն. բացահայտումներ և կանխարգելում
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի վիճակագրական կտրուկ աճը հանրային անհանգստության առիթ է դարձել, սակայն պետական մակարդակով այս թվերը մեկնաբանվում են այլ տեսանկյունից:
Գլխավոր դատախազության և ընդհանրապես հանցագործությունների մասին վկայող փաստաթղթերն արձանագրում են, որ տարեցտարի աճում են բնակչության առողջության համար առավել վտանգ ներկայացնող սինթետիկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները: Հատկապես ավելացել են մեթամֆետամին, ալֆա-ՊՎՊ, մեֆեդրոն և հերոին տեսակների շրջանառության դեպքերը:
Թմրամիջոցների դեմ պայքարի 2025-2027 ռազմավարության և ՀՀ գլխավոր դատախազության զեկույցների համաձայն՝ տարեցտարի աճում են բնակչության առողջության համար առավել վտանգ ներկայացնող սինթետիկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները: Ըստ այդմ՝
- Իրանից Հայաստան են ներկրվում հիմնականում հերոին, ափիոն, մեթամֆետամին և հաշիշ:
- Ռուսաստանից և Ուկրաինայից ներմուծվում են վտանգավոր սինթետիկ նյութեր՝ մեֆեդրոն և ալֆա-ՊՎՊ:
- ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից թմրամիջոցները (օրինակ՝ մարիխուանա, կոկաին, հաշիշի յուղ) ներկրվում են հիմնականում փոստային առաքանիների միջոցով:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան պարզաբանել է, որ արձանագրված բարձր տոկոսային աճն իրականում իրավապահ մարմինների կողմից բացահայտումների աճն է։ «Եթե բացահայտումների աճ չլիներ, մենք այդ դեպքերի մասին պարզապես չէինք իմանա, և դա ընդհանուր առմամբ պրոբլեմ է»,- մարտի 12-ին ասել է Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ խնդիրը համաշխարհային բնույթ ունի, սակայն դա չպետք է թուլացնի պայքարը. «Պետք է դա էլ արձանագրենք, որ սա գլոբալ երևույթ է, այն էնպես չէ, որ Հայաստանում մի առանձին վերցրած իրավիճակ է զարգանում, բայց մյուս կողմից դա մեզ չի հանգստացնում կամ մեզ չի թուլացնում, մենք պետք է հետևողականորեն դրա դեմ պայքարենք»:
Հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների և «թաքստոցների» միջոցով իրացման մեթոդները՝ պետության ռազմավարությունը փոխել է իր թիրախը:
«Ես հանձնարարական տվել եմ մեր իրավապահ մարմիններին, որ մենք պետք է կենտրոնանանք խոշոր ներկրումների և արտադրության վրա։ Եթե մենք սկսենք վազել այդ մի գրամանոց պակետների հետևից, դա ուժասպառ կանի մեր իրավապահ համակարգը: Մենք պետք է գնանք գտնենք խոշոր ներկրողներին և արտադրողներին»,- ասել է Փաշինյանը:
Համակարգային բացեր. ինչո՞ւ է պետությունը հաճախ անզոր
Թեև պետությունը հայտարարում է մանր սպառողների փոխարեն խոշոր ներկրողներին թիրախավորելու նոր ռազմավարության մասին, պաշտոնական փաստաթղթերն ու դատախազության զեկույցները մատնանշում են ինստիտուցիոնալ և համակարգային լուրջ ճեղքեր, որոնք անտեսանելի են հասարակության համար, բայց կենսական նշանակություն ունեն հանցավոր ցանցերի համար:
Թմրաբիզնեսի դեմ պայքարը հաճախ տապալվում է հենց նախաքննության փուլում: Խնդիրը միայն «Տելեգրամի» անանունությունը չէ. պաշտոնական փաստաթղթերը վկայում են, որ իրավապահ մարմինների աշխատանքում առկա են լուրջ թերացումներ: Օրինակ՝ Գլխավոր դատախազությունը հարկադրված է եղել հատուկ խորհրդակցություններ հրավիրել՝ պարզելու, թե ինչու են բազմաթիվ քրեական վարույթներ ձգձգվում ութ ամսից ավելի: Պատճառներից մեկը փորձաքննությունների անթույլատրելի ուշացումներն են. եղել են դեպքեր, երբ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում փորձաքննությունները սահմանված ժամկետներում չեն ավարտվել՝ քննիչների կողմից ելակետային տվյալներ տրամադրելու միջնորդությունները տևական ժամանակ անարձագանք թողնելու հետևանքով: Ավելին, արձանագրվում են ոստիկանական բացահայտ անփութության կամ հանցավոր անգործության դեպքեր: Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է դեպք, երբ ոստիկանության բաժնի հերթապահը հիվանդանոցից ստացված ահազանգը պարզապես չի գրանցել, իսկ դեպքի վայր մեկնած ծառայողները որևէ զեկուցագիր չեն ներկայացրել:
Ահա թարմացված և հարստացված բաժինը Մոլդովայի վերաբերյալ, որտեղ ներառել եմ քո զրույցը փորձագետ Անդրեյ Կուրարարուի հետ և վերջին զարգացումները։
Թվային թմրաբիզնեսը սահմաններ չի ճանաչում. Մոլդովայի դասերը
Թվային տեխնոլոգիաների և անանուն հարթակների միջոցով թմրամիջոցների իրացումը զուտ հայկական խնդիր չէ։ Այս առումով ուշագրավ է Մոլդովայի փորձը, որը գրեթե հայելային արտացոլում է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, սակայն ավելի խորը աշխարհաքաղաքական շերտերով։
Մոլդովացի փորձագետ, WatchDog վերլուծական կենտրոնի համահիմնադիր Անդրեյ Կուրարարուն նշում է, որ Մոլդովան տարանցիկ երկրից վերածվում է սինթետիկ թմրանյութերի արտադրության օջախի։
«Մենք տեսնում ենք, որ թմրաշրջանառությունը, որը նախկինում Ուկրաինայից Մոլդովայի միջոցով գնում էր Եվրոպական Միություն, հիմա փոխում է բնույթը։ Մոլդովան դառնում է հաբ՝ հատկապես սինթետիկ թմրանյութերի արտադրության համար։ Եվրոպոլի մի քանի գործողություններ արդեն հայտնաբերել են նման ֆաբրիկաներ մեր երկրում»,- ասում է Կուրարարուն։
Ինչպես Հայաստանում, Մոլդովայում ևս «Տելեգրամը» դարձել է թմրանյութերի վաճառքի հիմնական հարթակը։ Ըստ փորձագետի՝ եթե նախկինում դրա համար անհրաժեշտ էր մուտք ունենալ «Darknet» (այլ կերպ ասած՝ մութ ցանց․ համաշխարհային սարդոստայնիմի հատված է, որը տեսանելի չէ սովորական որոնողական համակարգերի համար ու որտեղ օգտատերերի ինքնությունը, գտնվելու վայրը թաքցված են) կամ անձնական կապեր հաստատել, ապա այսօր ամեն ինչ բացահայտ է ու հասանելի։
«Տելեգրամը դարձել է կենտրոնական շուկա։ Գործարքները կատարվում են կրիպտոարժույթով, ինչը ոստիկանության համար գրեթե անհնար է դարձնում գումարի ստացողին նույնականացնելը։ Մենք կարող ենք բռնել «կլադմենին» (թաքստոցներում թմրանյութ դնողին), բայց չենք կարողանում գտնել ամբողջ շղթան, քանի որ «Տելեգրամը» չի տրամադրում ալիքների ադմինիստրատորների տվյալները»,- նկատում է փորձագետը։
Կուրարարուի խոսքով՝ Պավել Դուրովի՝ Ֆրանսիայում ձերբակալությունից հետո հարթակը որոշակիորեն սկսեց համագործակցել՝ արգելափակելով քաղաքական վտանգավոր ալիքները, սակայն թմրաշրջանառության վերաբերյալ հարյուրավոր հարցումներ մնում են անպատասխան։
Անդրեյ Կուրարարուն դեմ է «Տելեգրամի» ամբողջական արգելափակման հարցում։ Ըստ նրա՝ դա ռեսուրսների անիմաստ վատնում կլինի, քանի որ մարդիկ կօգտվեն VPN-ներից, ինչպես դա տեղի է ունենում Ռուսաստանում։
«Մեզ համար իդեալական կլիներ, որ «Տելեգրամը» բաց լիներ հաղորդակցության համար և պատասխաներ գոնե թմրաշրջանառությանն առնչվող հարցումներին։ Ես կարծում եմ, որ Մոլդովան պետք է դիտարկի այլ քայլեր, օրինակ՝ թեթև ռեկրեացիոն թմրանյութերի ապաքրեականացումը (դեկրիմինալիզացիա), ինչպես Գերմանիայում կամ Պորտուգալիայում է, որպեսզի մարդիկ չգնան դեպի ավելի վտանգավոր սինթետիկ նյութերը, որոնք այսօր հեղեղել են շուկան»,- եզրափակում է Անդրեյ Կուրարարուն։
2026-ի փետրվարի 26-ին Մոլդովայի խորհրդարանում Ներքին գործերի նախարար Դանիելա Միսաիլ-Նիկիտինը (Daniella Misail-Nichitin) ներկայացրել է թմրամիջոցների հետ կապված խնդրին առնչվող զեկույց։
Ըստ այդ զեկույցի՝ 2023-ից մինչև 2026-ի հունվարն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված ընդհանուր 3,575 հանցագործություն և 16,642 վարչական իրավախախտում։ 2025-ին թմրամիջոցների հետ կապված հանցագործություններում ներգրավվածության համար արձանագրվել է 775 անձ, այդ թվում՝ 36 անչափահաս, իսկ 737 գործ ուղարկվել է դատարան։ Միայն 2026-ի հունվարին այս գործերով անցել է 34 անձ (ներառյալ մեկ անչափահաս), և նրանց գործերը փոխանցվել են դատարան։ Ըստ զեկույցի՝ ժողովրդագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավախախտումների մեծ մասը կատարում են տղամարդիկ, հիմնականում 18-24 և 30+ տարիքային խմբերում։
Վիճակագրական վակուում և բուժման անհասանելիություն
Ամենամեծ ճեղքերից մեկն այն է, որ պետությունը չունի թմրամիջոցների զոհերի և դրանց գործածման վերաբերյալ իրական պատկերը ցույց տվող համաճարակաբանական թարմ տվյալներ: Մասնագիտական ոչ պաշտոնական գնահատականներով՝ միայն ներարկային թմրամիջոցներ օգտագործողների թիվը Հայաստանում 14,110 է (այս թիվը պետական ռազմավարության մեջ մեջբերվում է որպես ոչ պաշտոնական, բայց մասնագիտական հետազոտության արդյունք, որն իրականացվել է 2021-ին)։
Բուժում ստանալը նույնպես լուրջ մարտահրավեր է: Հանրապետությունում կա ընդամենը մի քանի մասնագիտացված դիսպանսեր, իսկ մարզերում ծառայությունն իրականացվում է պոլիկլինիկաների միջոցով: Կենսական նշանակություն ունեցող մեթադոնային փոխարինող բուժումը խիստ կենտրոնացված է և տրամադրվում է միայն սահմանափակ թվով կենտրոններում (հիմնականում Երևանում, Գյումրիում և մի քանի մարզային դիսպանսերներում), ինչը խոչընդոտում է մարզաբնակների ապաքինմանը: Պետական ռազմավարությունն ինքնին ընդունում է հիվանդանոցային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը՝ հատկապես կանանց և աղջիկների հատուկ կարիքներին համապատասխանելու համար:
Հոգեբանական պատնեշներ և վերականգնման մարտահրավերները
Կախվածությունը միայն ֆիզիկական խնդիր չէ, այն խորը հոգեբանական հիմքեր ունի: Հոգեբան-խորհրդատու Սիլվա Ալեքսանյանը նշում է, որ դեռահասների դեպքում հիմնական դրդապատճառը հասակակիցների խմբում ընդգրկվելու ցանկությունն ու ցուցադրական վարքն է: Ավելի ծանր դեպքերում պատճառները թաքնված են թերի ընտանիքներում, ծնողների բացասական օրինակի կամ մանկական տրավմաների մեջ:
Բուժման գործընթացում ամենամեծ վտանգը ռեցիդիվն է՝ կրկնությունը: Հաճախ մարդը բուժվում է, բայց վերադառնում է նույն սոցիալական միջավայրը, որտեղ նախկինում օգտագործել է: Ընտանիքի անդամների մշտական կասկածամտությունը՝ «ուշացավ, ուրեմն նորից է օգտագործել», դառնում է հավելյալ հոգեբանական ճնշում, որը կարող է մարդուն դրդել վերադառնալ թմրանյութին:
Թմրամիջոցների երկարատև գործածումը քայքայում է մարդու իմացական գործընթացները՝ հիշողությունը, ընկալումը և մտածողությունը: Մարդը դառնում է ագրեսիվ և դյուրագրգիռ: Մասնագետները, սակայն, փաստում են, որ համալիր աշխատանքի շնորհիվ հաջողության հասնել հնարավոր է: Կան դեպքեր, երբ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդները, ստանալով բժշկական և հոգեբանական աջակցություն, վերականգնվում են, քաշ հավաքում և վերադառնում իրենց ընտանիքներին:
The post Կանեփից մինչև կոկաին. ինչպես է «Տելեգրամը» փոխել Հայաստանի թմրաշուկան appeared first on CIVILNET.