Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես հայտարարել է նախագծի առաջին ասիական տարբերակի՝ «Eurovision Song Contest Asia»-ի մեկնարկի մասին, որը տեղի կունենա 2026 թ.-ին
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․/Նովոստի–Արմենիա/․«Եվրատեսիլ» երգի մրցույթն ընդլայնում է իր սահմանները:
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) պաշտոնապես հայտարարել է նախագծի առաջին ասիական տարբերակի՝ «Eurovision Song Contest Asia»-ի մեկնարկի մասին, որը տեղի կունենա 2026 թվականին: Այս մասին հայտնում է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքը։
Նշվում է, որ մրցույթի առաջին հյուրընկալող քաղաք է ընտրվել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկը: Մրցույթի Մեծ եզրափակիչը նշանակված է 2026 թվականի նոյեմբերի 14-ին, շաբաթ օրը:
Մրցույթի առաջին մեկնարկին արդեն հաստատել են իրենց մասնակցությունը 10 երկրների հանրային հեռարձակողներ.
Թաիլանդ (հյուրընկալող երկիր), Հարավային Կորեա, Ֆիլիպիններ, Մալայզիա, Վիետնամ, Կամբոջա, Լաոս, Բանգլադեշ, Բութան և Նեպալ:
Սպասվում է, որ առաջիկա ամիսներին մասնակիցների ցանկը կհամալրվի: Ըստ կանոնակարգի՝ յուրաքանչյուր հեռարձակող իր ներկայացուցչին կընտրի ազգային ընտրական փուլերի միջոցով՝ հետևելով դասական «Եվրատեսիլի» ավանդույթին:
Մրցույթի մեկնարկը համընկնում է «Եվրատեսիլի» 70-ամյակի հետ: EBU-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթի տնօրեն Մարտին Գրինը նշել է, որ սա նոր էջ է մրցույթի պատմության մեջ.
«Քանի որ մենք նշում ենք «Եվրատեսիլ» երգի մրցույթի 70-ամյակը, հատկապես նշանակալից է բացել այս հաջորդ գլուխը Ասիայի հետ՝ մի տարածաշրջանի, որը հարուստ է մշակույթով, ստեղծագործականությամբ և տաղանդով», – հայտարարել է EBU-ի «Եվրատեսիլ» երգի մրցույթի տնօրեն Մարտին Գրինը։
Նշվում է, որ ծրագիրը նպատակ ունի միավորել ավելի քան 600 միլիոն բնակչություն ունեցող տարածաշրջանի ստեղծարար ուժերը՝ դառնալով Ասիայի ամենախոշոր ժամանցային իրադարձություններից մեկը: