Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Սոցցանցերում տարածվում են մրցույթների և խաղարկությունների վերաբերյալ կեղծ գրառումներ՝ էլեկտրոնիկա ու կենցաղային տեխնիկա արտադրող LG-ի և զովացուցիչ ըմպելիքներ արտադրող Coca-Cola ընկերության անունից։
Գրառումներից մեկում պնդվում է, թե LG-ն խաղարկում է լվացքի մեքենաներ և սառնարաններ, որոնք հնարավոր չի եղել վաճառել մանր քերծվածքների պատճառով։ Մեկ այլ գրառմամբ էլ նշվում է, թե Coca-Cola-ն նվեր-տոպրակներ է խաղարկում։
«Մենք տրամադրում ենք 12 նվեր-տոպրակներ, որոնցից 8-ը պարունակում են անակնկալ նվերներ նրանց համար, ովքեր կընտրեն ճիշտ նվեր-տոպրակը»,- նշված է գրառման մեջ։
Թեև այս հրապարակումները հավաքում են հարյուրավոր տարածումներ (share), դրանք կեղծ են։ Նման «խաղարկությունների» նպատակը օգտատերերի անձնական կամ բանկային տվյալները կորզելն է։
Խաղարկությունները էջերի միակ ակտիվությունն են, օգտագործված լուսանկարն էլ հին է
Գրառումները տարածվում են LG Fans և Coca Cola FANS. ֆեյսբուքյան էջերով։ Այս էջերի միակ ակտիվությունը խաղարկությունների և մրցույթների վերաբերյալ գրառումներն են։ Հատկանշական է, որ LG Fans էջում օգտագործված նույն լուսանկարով ու նույնաբովանդակ գրառումներ շրջանառվում են նաև այլ լեզուներով։
Coca-Cola-ի անունից տարածվող գրառման մեջ էլ նշվում է, թե նոր խանութի բացման կապակցությամբ նվեր-տոպրակներ է նվիրում: Իրականում, սակայն, օգտագործված լուսանկարը արվել է Իսպանիայում և համացանցում է առնվազն 2019-ից։
Առաջին դեպքը չէ, որ Coca-Cola-ի կամ այլ ընկերությունների անունից կեղծ գրառումներ են տարածվում, որոնց պարբերաբար անդրադառնում է #CivilNetCheck-ը։ Բոլոր դեպքերում գործում է նույն սխեման․ նախ օգտատերերից պահանջում են տարածել գրառումը։ Այս կերպ զեղծարարները բարձրացնում են գրառման դիտելիությունը և թիրախավորում նոր օգտատերերի։
Այնուհետև օգտատերերին ուղարկվում է իրական կայքին նմանակող կեղծ հղում, որտեղ առաջարկվում է գրանցվել՝ իբր մրցանակ ստանալու համար։
Իրականում, նման կայքերում անձնական կամ բանկային տվյալների մուտքագրումը վտանգավոր է և կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների։
The post Լվացքի մեքենաներ, սառնարաններ և նվեր-տոպրակներ․ կեղծ խաղարկություններ LG-ի ու Coca-Cola-ի անունից appeared first on CIVILNET.