Հավատալ նպատակներին ու առաջ քայլել. կրթաթոշակներ Յորքի համալսարանից

Մարտի 29-ին Երեւանում տեղի է ունեցել Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի բակալավրիատի ապագա ուսանողների կրթաթոշակների հանձնման արարողությունը: Կրթաթոշակ ստանալու համար դիմորդները նախապես մասնակցել էին մրցույթի: 
 
Յորքի համալսարանի եվրոպական կամպուսը Հայաստանում գործունեությունը սկսել է 2012թ.-ից՝ դեռեւս որպես Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ ( Երեւանում իրականացնում էր Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագիրը ), իսկ 2021 թվականին ընդլայնվել եւ դարձել է Յորքի համալսարանի եվրոպական կամպուս՝ Երեւանում իրականացնելով Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների բիզնես կրթություն եւ երկու MBA դիպլոմ առաջարկող Համաեվրոպական Executive MBA ծրագիրը, իսկ Հունաստանի Սալոնիկ քաղաքում՝ բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերը: 
Այն հայաստանյան ավագ դպրոցների եւ համալսարանների շրջանավարտներին հնարավորություն է տալիս ստանալ բրիտանական կրթություն՝ ապրելով եւ սովորելով Սալոնիկ քաղաքում. բակալավրիատի ուսանողները չորս, իսկ մագիստրատուրայի ուսանողները մեկ տարով տեղափոխվում են Հունաստան։
«Այսօր մեր ակադեմիական համայնքն ընդգրկում է մոտ 450 մարդու»
Լիլիթ Շահզադեյան, Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի հայաստանյան եւ վրաստանյան ծրագրերի ղեկավար
Այս պահին Սալոնիկում՝ Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ծրագրերով սովորում է 75 հայ ուսանող: Այս տարի եւս դիմորդների հետաքրքրվածությունը բավականին բարձր է: Այսօր կրթաթոշակներ են հանձնվելու այն ուսանողներին, որոնք մասնակցել են բակալավրիատի ծրագրի կրթաթոշակի մրցույթին: Նրանք անցել են թեստ եւ հարցազրույց: Արդյունքում կրթաթոշակի հնարավորություն է ստացել 17 ուսանող, որոնցից մեկն՝ ամբողջական, մյուսները՝ մասնակի: 
Հայաստանում այս կրթական ծրագրի արդյունավետության մասին խոսում է փաստը, որ հաճախ մեր Շեֆիլդի Executive MBA, իսկ հետագայում նաեւ Յորքի եւ Ստրասբուրգի համալսարանների Համաեվրոպական  Executive MBA ծրագրով սովորած ուսանողների երեխաները հետագայում դիմում են Յորքի համալսարանի եվրոպական կամպուս արդեն բակալավրիատի կամ մագիստրատուրայի համար: Լինում է եւ հակառակը, երբ երեխաների ունեցած հաջողված կրթական փորձը մոտիվացնում է ծնողներին, որոնք գալիս են Executive MBA (ժպտում է – հեղ.)
Այսօրվա դրությամբ մեր ակադեմիական համայնքն ընդգրկում է մոտ 450 մարդու: Սա, երեւի, լավագույն գնահատականն է: 
«Ստանալով հիանալի կրթություն՝ մի՛ մոռացեք ձեր երկրի մասին»
Լեսլի Սզամոզի, Համաեվրոպական Executive MBA կրթական ծրագրի տնօրեն, Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի Բիզնեսի դպրոցի դեկան
Սիրելի՛ ուսանողներ, բարի գալուստ Յորքի համալսարան, մեր կրթական ծրագիր եւ հունական Սալոնիկ: Այսօրվանից սկսվում է ձեր յուրահատուկ ճամփորդությունը: Ձեզ բախտ է վիճակվել ստանալ բրիտանական կրթություն՝ հունական հրաշալի եղանակի համադրությամբ (ժպտում է – հեղ.)
Յորքում դասախոսող գործընկերներս հաճախ են ասում, որ երազում են դասավանդել համալսարանի եվրոպական կամպուսում՝ ջերմ Սալոնիկում: 
Այսուհետ ձեր ուսանողական տարիներն անցնելու են Հունաստանում, որը շատ ընդհանուր բաներ ունի Հայաստանի հետ՝ տրամադրության, մարդկանց բնավորության առումով: Ինքս Հայաստան գալով՝ ինձ, կարծես, տանն եմ զգում: Վստահ եմ՝ նույնը լինելու է ձեր դեպքում Հունաստանում: 
Վստահ եղե՛ք Յորքի համալսարանի եվրոպական կամպուսում ստանալու եք հիանալի կրթություն, բայց մի՛ մոռացեք նաեւ ձեր երկրի մասին: Չեմ ասում, որ պարտավոր եք վերադառնալ, բայց հաշվի առեք՝ երկիրն ունի որակյալ կրթություն ստացած անձանց կարիք: Դուք ունեցել եք այդ հնարավորությունը եւ պետք է փորձեք հետագայում կիսվել ձեր գիտելիքով ու փորձառությամբ այստեղ՝ Հայաստանում:
«Սալոնիկում սովորելը երազանք է բոլոր հույն աշակերտների համար»
Էֆթիհիյա Բակոպուլո, ՀՀ-ում Հունաստանի դեսպանության տնտեսական եւ առեւտրային հարցերով խորհրդական 
Շատ ուրախ եմ ներկա լինել այս կարեւոր արարողությանը: Ես Հունաստանի հարավից եմ, բայց Սալոնիկի մասին կարող եմ ասել՝ հիանալի ուսանողական քաղաք է: Այստեղ սովորելը բառացիորեն երազանք է յուրաքանչյուր հույն աշակերտի համար: 
Ինչ վերաբերում է Յորքի համալսարանին, այս բուհի կրթությունն իսկապես հաջողության պատմություն է: Տարեցտարի այստեղ սովորող հայ ուսանողների աճող թիվն իսկապես վկայում է՝ ամեն ինչ ճիշտ հունով է ընթանում: 
Շատ ենք գնահատում Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթությունը Հայաստանում հասանելի դարձնելուն ուղղված ջանքերը: 
Այսօր ներկա ուսանողներին հաջողություն եմ ցանկանում նրանց երազանքների ճանապարհին, ուսման մեջ ու առհասարակ բոլոր նախաձեռնություններում: 
Վայելե՛ք ժամանակը, որ անցկացնելու եք Հունաստանում: 
«Կրթությունն աշխարհը փոխող ամենահզոր զենքն է» 
Սոնա Պիծակյան, Շեֆիլդի, Յորքի, Ստրասբուրգի համալսարանների հայաստանյան շրջանավարտների ասոցիացիայի (SYSAAA) փոխնախագահ 
Այսօր այստեղ են ուսանողներ, որոնք կարողացել են Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթաթոշակ ստանալ իրենց աշխատասիրության, նվիրվածության եւ նպատակասլացության շնորհիվ: Մեկնելով Սալոնիկ՝ դուք դառնալու եք միջազգային ակադեմիական համայնքի անդամ, ստանալու եք գիտելիք մարդկանցից, որոնցից շատ բան եք քաղելու թե՛ անձնապես, թե՛ մասնագիտորեն: Խորհուրդ եմ տալիս ձեզնից յուրաքանչյուրին հնարավորինս լավ ու արդյունավետ օգտագործել այս հնարավորությունը: 
Շարունակե՛ ք հավատալ ձեր նպատակներին ու քայլել առաջ: Ստացած կրթաթոշակները նաեւ պատասխանատվություն են ենթադրում, քանի որ դրանք ձեզ հանձնելով՝ հավատում ենք ձեր ներուժին: Վստահ ենք, որ մեր երկիրը գերազանց կներկայացնեք: Ուզում եմ բոլորիս հիշեցնել Նելսոն Մանդելայի խոսքերը՝ կրթությունն է ամենահզոր զենքը, որը կարող եք օգտագործել աշխարհը փոխելու համար: 
«Կրթությունը կանխորոշելու է ձեր ապագան»
Դավիթ Բաղիյան, Յորքի համալսարանի եվրոպական կամպուսից  կրթաթոշակ ստացած ուսանող
Սովորում եմ Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում՝ ավարտական դասարանում: Միաժամանակ արդեն Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի ուսանող եմ (ժպտում է – հեղ.)
Հետաքրքրված եմ տվյալագիտությամբ եւ արհեստական բանականությամբ ու սովորելու եմ համապատասխան ֆակուլտետում: 
Կրթությանս վերաբերյալ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով մի քանի գործոն: 
Նախ` հայրս սովորել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրով, որը իրականացվում էր Երեւանում եւ որը հետագայում ընդլայնվեց Համաեվրոպական Executive MBA ծրագրի եւ նրա չափազանց դրական արձագանքը մեծ դեր է խաղացել: Բացի այդ, որոշ ժամանակ առաջ մասնակցել եմ Յորքի համալսարանի կազմակերպած երեւանյան հանդիպմանը, որը վարել է Գրեգորի Դիկեոսը: Հիշում եմ՝ այն ինձ շատ էր տպավորել: 
Կարծում եմ՝ այսօրվա իրականությունում լավ կրթությունը կարեւորագույն նշանակություն ունի: Հենց դրա շնորհիվ է, որ կյանքում կկարողանաս բազմաթիվ դռներ բացել: Ուրախ եմ, որ ստացել եմ կրթաթոշակ, քանի որ սա հնարավորություն է տալիս թեթեւացնել ծնողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը: Բացի այդ, կրթաթոշակը որակյալ կրթության հնարավորություն է տալիս խելացի ուսանողներին, որոնք ինքնուրույն, գուցե, դժվարանային հոգալ վարձավճարի ծախսը: 
Ուզում եմ, որ իմ հասակակից երիտասարդները գիտակցեն՝ որակյալ կրթությունն այս կյանքի կարեւորագույն ձեռքբերումներից է: Այն կանխորոշելու է ձեր ապագան:  
Յորքի համալսարանի եվրոպական կամպուսի կրթական ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի 

Leave a comment