Քաղաքապետարանը ձյունը մաքրելու փոխարեն ավետում է, որ տրանսպորտի որոշ երթուղիներում ուշացումներ կլինեն

23.01.26 | 15:59






Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։

«Անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,–սված է հայտարարությունում։

Նշենք, որ մի քանի ժամ տեղացած թույլ ձյունը Երևանում կաթվածահար է արել երթևեկությունը։ Սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատում են քաղաքային իշխանություններին ցուցաբերած անգործության՝ փողոցները չմաքրելու համար, ինչը հանգեցրել է 10 բալանոց խցանումների։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ևս անդրադարձել է խնդրին՝ նշելով, որ քաղաքի կենտրոնական և ծանրաբեռնված փողոցներում ավտոմեքենաների շարժը գրեթե կաթվածահար է. «Ես ուզում եմ հասկանամ՝ այս քաղաքի կոմունալ ծառայությունների համար հունվարի կեսին ձյուն գալը անակնկա՞լ էր։ Վա՜յ, հունվարի կեսին ձյուն է գալիս, ո՞նց կարող էր այդպես լինել։ Հիմա Բաղրամյան պողոտայում եմ, հոսքը գնում է հետիոտնի արագությամբ, և որևէ էական մաքրման կամ աղ ու ավազով մշակման հետք անգամ չեմ տեսնում։ Նույն պատկերն է նաև քաղաքի այլ հատվածներում։ Եղանակի տեսությունն էլ տվել էր, որ ցերեկը ձյուն է գալու։ Դժվա՞ր էր ինչ-որ բան նախապես անել»,– նշել է նա։

Leave a comment