Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված զույգ եղբայրներից մեկը՝ Միքայել Մինասյանն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Մարտի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ Աննա Եկեղեցում պատարագի, որին բազմաթիվ հավատացյալներ էին մասնակցում։ Վարչապետն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ փորձել է դուրս գալ եկեղեցուց, երբ մի երիտասարդ վրդովվել է՝ հորդորելով չհրել իրեն:
«Տենց չնայես ինձ»,- ասել է երիտասարդը, հետո փորձել ձեռքով հարվածել վարչապետին: Փաշինյանը անվտանգության աշխատակիցներին հորդորել է չարձագանքել։ Դեպքից հետո երկու քաղաքացի բերման են ենթարկվել։
Քննչական բաժնից դուրս գալիս Միքայել Մինասյանը լրագրողներին հայտնել է, որ իրեն լավ է զգում և իր հանդեպ վատ վերաբերմունք չի եղել։
Նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը նշել է, որ 12-րդ դասարանի աշակերտ եղբայրները որևէ կապ չունեն քաղաքականության հետ և ապաքաղաքական են։
Այս նույն գործով քրեական հետապնդում է հարուցվել նաև հանրային գործիչ Գևորգ Գևորգյանի նկատմամբ, ով նույնպես ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի դիմաց և որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)
The post Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված եղբայրներից մեկն ազատ է արձակվել appeared first on CIVILNET.