ՀԲ-ն ու ՕՊԵԿ-ը Հայաստանին կտան $290 մլն աջակցություն տնտեսական բարեփոխումների համար

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է $200 միլիոնի Զարգացման քաղաքականության գործառնություն՝ աջակցելու Հայաստանի տնտեսական վերափոխմանը։ Ծրագրի նպատակն է խթանել ավելի մրցունակ տնտեսություն, խորացնել երկրի ինտեգրումը համաշխարհային շուկաներին եւ ներդնել արտանետումների վերահսկման ու կառավարման համակարգ։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից հայտնել են, որ բացի այդ, ՕՊԵԿ հիմնադրամը մտադիր է զուգահեռաբար տրամադրել մինչեւ $92.8 միլիոնի ֆինանսավորում՝ ընդհանուր աջակցության փաթեթը հասցնելով մոտավորապես $290 միլիոնի:

Նշվում է, որ «Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության գործառնությունը» աջակցում է բազմաճյուղ բարեփոխումների օրակարգին, որն ուղղված է Հայաստանի ներդրումային եւ գործարար միջավայրի արդիականացմանը, մրցակցության եւ սպառողների պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաեւ երկրի հարկաբյուջետային եւ կարգավորիչ համակարգերում դիմադրողականության ուժեղացմանը։

«Հայաստանն ունի հավակնոտ բարեփոխումների օրակարգ, եւ մենք աջակցում ենք երկրի ջանքերին՝ կառուցելու ավելի բաց, մրցունակ եւ կայուն տնտեսություն: Ավելի դիվերսիֆիկացված եւ դիմակայուն տնտեսության անցումը կստեղծի աճի պայմաններ, որոնք բարենպաստ կլինեն յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասել է ՀԲ Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն:

Գործառնությունը հիմնված է երկու հենասյուների վրա։ Առաջինը կենտրոնանում է ներդրումների եւ առեւտրի ներուժի իրացման եւ մրցակցության խթանման վրա։ Բարեփոխումները ներառում են ներդրումների համար իրավական շրջանակի արդիականացում, մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացում, ապրանքների ներմուծման մշակման ժամանակի 20% կրճատում, ինչպես նաեւ սպառողների պաշտպանության համակարգի ուժեղացում եւ անարդար առեւտրային գործելակերպի սահմանափակում։ Բարեփոխումները նաեւ աջակցում են թվային տնտեսության համար հիմնարար օրենքների ընդունմանը, ներառյալ կիբերանվտանգության կառավարման բարելավումը։

Երկրորդ հենասյան շրջանակներում իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նպաստել ավելի դիմակայուն տնտեսության ստեղծմանը եւ լրացնել առաջին հենասյան բարեփոխումների օրակարգը՝ նպաստելով արտանետումների պատասխանատու կառավարման համակարգի ներդրմանը։

Leave a comment