Արմինե Մելքոնյան. Կառավարման մշակույթը բիզնեսի հաջողության առանցքային գործոն է

«Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ գործադիր տնօրեն, «Սիլ Կապիտալ» ընկերության Խորհրդի անդամ Արմինե Մելքոնյանի հարցազրույցը Banks.am-ին

– «Սիլ Ինշուրանս» ընկերությունը հանդես է գալիս որպես Fast-Forward 2026 կոնֆերանսի գործընկեր: Թերեւս, սա վկայում է, որ կարեւորում եք Հայաստանում բիզնես առաջնորդության հետ կապված հարցերի բաց ու անկեղծ քննարկումը:

– Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում բիզնեսն է՝ իր բազմազան դրսեւորումներով, մասշտաբներով եւ ոլորտներով։ Պետական բյուջեի եկամուտների զգալի մասը ձեւավորվում է բիզնեսի կողմից վճարվող հարկերից, ինչը հստակ ցույց է տալիս՝ որքան մեծ է բիզնեսի դերը երկրի կայունության եւ առաջընթացի ապահովման գործում։ Սակայն կայուն եւ մրցունակ տնտեսություն ունենալու համար բավարար չէ միայն բիզնեսների առկայությունը, անհրաժեշտ է, որ դրանք լինեն արդյունավետ կառավարվող, շահութաբեր եւ երկարաժամկետ զարգացման ռազմավարություն ունեցող։

Հատկապես կարեւոր է միջին եւ փոքր բիզնեսների կայացումը, քանի որ հենց այս հատվածն է ապահովում տնտեսության ճկունությունն ու դիմակայունությունը։ Իսկ այդ կայացման հիմքում անխուսափելիորեն կանգնած է կառավարման մշակույթը՝ որպես բիզնեսի հաջողության առանցքային գործոն։

Վերջին տարիներին ավելի ակնառու է դառնում այն գիտակցումը, որ բիզնեսի զարգացումը հնարավոր չէ առանց կառավարման ժամանակակից մեխանիզմների ներդրման եւ դրանց շուրջ բաց ու մասնագիտական քննարկումների։ Նման հարթակները կարեւոր են ոչ միայն փորձի փոխանակման, այլեւ ընդհանուր մոտեցումների ձեւավորման համար, որոնք նպաստում են բիզնես միջավայրի հասունացմանը։

– Կոնֆերանսի թեմաներից մեկը անկախ տնօրենների ինստիտուտն է: Ձեր կարծիքով, որքա՞նով կարեւոր է այն հայաստանյան բիզնեսի «հասունության» ապահովման տեսանկյունից:

– Կառավարման համակարգերի կատարելագործման կարեւոր ուղղություններից մեկը անկախ տնօրենների ինստիտուտի զարգացումն է։ Խոշոր բիզնեսներում այս համակարգը մեծ մասամբ արդեն ձեւավորված է, սակայն փոքր եւ միջին ընկերություններում դեռեւս առկա են զարգացման մեծ հնարավորություններ։ 

Խնդիրը միայն կառուցվածքային փոփոխությունները չեն, այլ առավելապես մտածողության փոփոխությունը։ Հիմնադրի եւ գործադրի դերերի տարանջատումը բիզնեսի զարգացման բնական փուլ է։ Երբ ներդրողը անմիջականորեն մասնակցում է կառավարմանը, որոշումները հաճախ կարող են պայմանավորված լինել ոչ միայն հաշվարկներով, այլ նաեւ զգացմունքային գործոններով։ Մինչդեռ անկախ տնօրենների ներգրավումը հնարավորություն է տալիս ապահովել ավելի հավասարակշռված եւ ռացիոնալ որոշումներ, որոնք ուղղված են բիզնեսի երկարաժամկետ շահերին։ Սա նաեւ ռիսկերի կառավարման ավելի արդյունավետ մոտեցում է, որը կարեւոր նշանակություն ունի արագ փոփոխվող տնտեսական միջավայրում։

– Կոնֆերանսի մյուս թեման հայկական բիզնեսի իրավահաջորդությունն է: Կարո՞ղ ենք վստահաբար ասել, որ այս տարի իր 35-ամյակը նշող հայկական բիզնեսի համար սա եւս կարեւոր թեմա է՝ ապագա տասնամյակների կայուն ընթացքի ապահովման տեսակետից:

–  Իրավահաջորդության հարցը իսկապես բիզնեսի հասունացման մեկ այլ կարեւոր բաղադրիչ է։ Հայկական բիզնեսը այսօր արդեն անցնում է իր զարգացման այն փուլը, երբ սերնդափոխությունը եւ սեփականատիրական կառուցվածքի փոփոխությունները դառնում են օրակարգային։ Սա ոչ միայն ժամանակի պահանջ է, այլեւ անհրաժեշտ պայման՝ բիզնեսի շարունակականությունն ապահովելու համար։ 

Իրավահաջորդության արդյունավետ կազմակերպումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ բիզնեսում գործում են հստակ ձեւավորված կորպորատիվ կառավարման մեխանիզմներ։ Տնօրինության, խորհրդի եւ մասնակիցների ժողովի միջեւ պատասխանատվությունների եւ լիազորությունների հստակ բաժանումը թույլ է տալիս ապահովել կառավարման համակարգի կայունությունը՝ անկախ անձերի փոփոխությունից։ Միեւնույն ժամանակ, կարեւոր է նաեւ համապատասխան գիտելիքների եւ փորձի առկայությունը, քանի որ առանց կառավարման մշակույթի նույնիսկ լավագույն կառուցակարգերը չեն կարող լիարժեք արդյունք ապահովել։ 

– Ո՞րն է ապահովագրական ծառայությունների ուղղակի կամ անուղղակի հատումը իրավահաջորդության ուղղության հետ:

– Այս համատեքստում կարեւոր է դիտարկել ապահովագրական ոլորտի եւ իրավահաջորդության փոխկապակցվածությունը։ Բիզնեսի վաճառքը, բաժնետերերի կազմի փոփոխությունը կամ սերնդափոխությունը տարբեր գործընթացներ են, սակայն իրենց էությամբ արտացոլում են նույն երեւույթը՝ բիզնեսի շարունակականության ապահովումը։ Դրանք պահանջում են ռիսկերի գնահատում եւ կառավարման հստակ մոտեցումներ, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է համակարգային մտածողության կարեւորությունը։ Այսպիսով, անկախ ոլորտից եւ բիզնեսի չափից, կայուն զարգացման հիմքում կանգնած են կառավարման մշակույթը, պատասխանատու առաջնորդությունը եւ երկարաժամկետ մտածողությունը։ Միայն այս երեքի համադրությամբ հնարավոր է ձեւավորել այնպիսի բիզնես միջավայր, որը ոչ միայն կարձագանքի ներկայի մարտահրավերներին, այլեւ կկարողանա վստահ քայլել դեպի ապագա։

– Մոտ մեկ տարի առաջ, 2025 թվականի ապրիլի 25-ին, «Սիլ Ինշուրանս»-ը նշեց 25-ամյակը եւ ներկայացավ նորացված բրենդով։ Կարող՞ ենք ասել, որ 2026-ը կարեւոր կլինի հաճախորդային բազայի եւ մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնման տեսանկյունից:

– Այս ամբողջ գործընթացի համատեքստում կարեւոր է նաեւ այն, թե ինչպես են բիզնեսները վերաիմաստավորում իրենց դիրքավորումը շուկայում եւ հարմարվում նոր իրողություններին։ Վերջին տարիներին նկատելի է, որ հաջողության հասնելու համար այլեւս բավարար չէ միայն ավանդական գործելաոճը. անհրաժեշտ է մշտապես վերանայել մոտեցումները, ներդնել նոր տեխնոլոգիաներ եւ ավելի մոտ լինել հաճախորդին։ Այս տեսանկյունից 2026 թվականը մեր ընկերության համար դիտարկվում է որպես նոր հնարավորությունների փուլ՝ ինչպես հաճախորդային բազայի ընդլայնման, այնպես էլ մատուցվող ծառայությունների շրջանակի զարգացման առումով։ Այս գործընթացների հիմքում արդեն իրականացված կարեւոր քայլերն են՝ բրենդի վերաիմաստավորումը եւ թվայնացման ուղղությամբ ձեռնարկված նախաձեռնությունները։ 

Ռեբրենդինգը ոչ միայն արտաքին փոփոխություն էր, այլ նաեւ բիզնեսի արժեքների, տեսլականի եւ ռազմավարության վերաձեւակերպում։ Այն հնարավորություն տվեց ավելի հստակ հաղորդել ընկերության դիրքավորումը եւ ստեղծել նոր կապ հաճախորդների հետ։ Միեւնույն ժամանակ, ներկայիս թվայնացման գործընթացները էապես փոխում են ծառայությունների մատուցման ձեւաչափը՝ դարձնելով դրանք ավելի արագ, հարմար եւ հասանելի։

Leave a comment