Հայաստանի ամերիկյան համալսարանը կվերսկսի առկա դասերը մարտի 31-ից

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարել է, որ վաղվանից՝ մարտի 31-ից, բոլոր դասերը կվերսկսվեն առկա ձևաչափով։ Այս որոշումը կայացվել է ՀԱՀ արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման հանձնաժողովի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված հավաստիացումների հիման վրա։

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մենք ստացել ենք հավաստիացում, ըստ որի՝ համալսարանին սպառնացող որևէ էական կամ նշանակալի վտանգ առկա չէ, և այն կարող է վերադառնալ բնականոն ուսումնական գործընթացին՝ առկա ձևաչափով»,- ասված է համալսարանի տարածած հայտարարության մեջ։

Անվտանգային այս միջոցառումը պայմանավորված էր Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հայտարարությամբ։ Իրանը Մերձավոր Արևելքում գործող ամերիկյան համալսարանական մասնաճյուղերը որակել էր որպես «օրինական թիրախներ»՝ ի պատասխան Թեհրանի և Սպահանի գիտական կենտրոններին հասցված հարվածների։ ԻՀՊԿ-ն հորդորել էր ամերիկյան բուհերի անձնակազմին և ուսանողներին հեռավորություն պահպանել համալսարանական տարածքներից։

ՀԱՀ-ն իր հերթին շեշտել էր, որ համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր խուճապի համար՝ հավելելով, որ առցաց ձևաչափին անցնելը պարզապես նախազգուշական միջոցառում է։

The post Հայաստանի ամերիկյան համալսարանը կվերսկսի առկա դասերը մարտի 31-ից appeared first on CIVILNET.

Leave a comment