ՄԱԿ-ը հաստատել է Հայաստանի առաջարկած բանաձևը՝ ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ

Մարտի 30-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանին միաձայն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:

Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են,որ երկամյա ներկայացվող բանաձևը հիմնվում է «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վրա և էական դերակատարում ունի այդ կարևոր փաստաթղթի դրույթները ՄԱԿ-ի քաղաքականության գործառնական դաշտ տեղափոխելու գործում։

Բանաձևը նպատակ ունի խթանել ցեղասպանության կանխարգելման հարցում վաղ ազդարարման գաղափարախոսությունը, սահմանել ռիսկի գործոնների շրջանակը՝ ներառելով ատելությունը, խտրականությունն ու անպատժելիությունը: Բանաձևում ընդգծվում է նաև ժամանակին արձագանքման կարևորությունը, ինչը կարող է էականորեն նպաստել բռնության աճի կանխմանը։

Ըստ աղբյուրի՝ բանաձևը, բերելով ցեղասպանության կանխարգելման խնդիրը միջազգային օրակարգ, ևս մեկ անգամ ընդգծում է թեմայի կարևորությունը ներկայիս դիվանագիտական առաջնահերթությունների շարքում։ Այն նպաստում է միջազգային արդարադատության մեխանիզմների ամրապնդմանը և ընդգրկում է այն միջազգային զարգացումներն ու մարտահրավերները, որոնք տվյալ ժամանակահատվածում առավել մեծ ուշադրության կարիք ունեն։

Այս տարի ներկայացված բանաձևն առաջարկում է «ՄԱԿ80» բարեփոխման գործընթացի համատեքստում ամրապնդել ցեղասպանության կանխարգելման մանդատը և ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ալգորիթմային համակարգերն ու արհեստական բանականության գործիքները կարող են նպաստել ապատեղեկատվության և ատելության տարածմանը`ազդելով տեղեկատվական հոսքերի վրա և խաթարելով մարդու իրավունքները:

«Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը կարևոր ներդրում է կատարում նաև Ցեղասպանության դեմ կոնվենցիայի համընդհանուր վավերացման գործընթացի խթանման գործում՝ խրախուսելով Կոնվենցիային դեռևս չմիացած պետություններին անհապաղ միանալ դրան։

ԱԳՆ-ից նաև նշում են, թե ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը վայելում է տարածաշրջանային բոլոր խմբերը ներկայացնող ՄԱԿ անդամ պետությունների լայն աջակցությունը, ինչի մասին վկայում է համահեղինակների մեծ քանակը, որն արդեն ընդունման պահին հասնում է վեց տասնյակի։ 

Բանաձևը կրկին վերահաստատում է Հայաստանի կոչը միջազգային հանրությանը և ամբողջ աշխարհին`  համախմբվել՝ կանխարգելելու ցեղասպանության արհավիրքը:

ԱԳՆ-ից նաև հիշեցնում են, որ նախորդիվ Հայաստանի կողմից ներկայացված համանուն բանաձևը միաձայն ընդունվել է 2024թ. ապրիլի 3-ին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում:

The post ՄԱԿ-ը հաստատել է Հայաստանի առաջարկած բանաձևը՝ ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ appeared first on CIVILNET.

Leave a comment