Հայ Առաքելական Եկեղեցին 2 դատական հայց է ներկայացրել կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) դեմ։
«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ եկեղեցին պահանջում է արգելել կարգալույծ հռչակված քահանային մուտք գործել Հովհաննավանքի եկեղեցու հետևյալ հատվածները՝ Սուրբ Խորան, ավանդատուն և ատյան։ Հայցադիմումը մակագրվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանին։
Երկրորդ հայցով ՀԱԵ-ն խնդրում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին վերադարձնել Հայ Առաքելական Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանը, այդ թվում՝ բնակարանի բանալիները՝ կարգալույծ հռչակված քահանային և իր հետ բնակվող անձանց վտարելով նշված բնակարանից։ Հայցադիմումը մուտք է արվել հունվարի 22-ին։ Այն մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Ռուբեն Բունիաթյանին։
Եկեղեցին պահանջում է Ստեփան Ասատրյանից բռնագանձել նաև այս երկու հայցերի դատական ծախսերը, այդ թվում՝ նախապես վճարված պետական տուրքերի գումարը
Նշենք, որ երկու հայցերն էլ դեռ վարույթ չեն ընդունվել։
Հիշեցնենք, որ 2025թ. հոկտեմբերի 21-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։
Նշենք, որ Եկեղեցին մինչև 2026 թվականի հունվարի 15-ը ժամանակ էր տվել Ստեփան Ասատրյանին, որպեսզի վերադարձնի Եկեղեցուն պատկանող բնակարանի բանալիները։