Gulfnews.com կայքը հրապարակել է էներգետիկ անվտանգության ու ծովային հարցերի վերլուծաբան, պրոֆ. Ռիչարդ Հայի (Richard Hay) հոդվածը Հորմուզի նեղուցի փակման աշխարհաքաղաքական հետևանքների մասին։
Քիչ աշխարհագրական տարածքներ են գլոբալիզացիայի խոցելիությունն այնքան ակնառու կերպով ցույց տալիս, որքան Հորմուզի նեղուցը։ Ընդամենը 33 կիլոմետր լայնությամբ այս նեղ ծովային միջանցքը իր ամենասեղմ հատվածում շարունակում է մնալ միջազգային համակարգի ամենակարևոր «խցաններից» մեկը։ 2026-ին Միջին Արևելքում վերսկսված պատերազմը նեղուցը վերածել է ոչ միայն կարևոր առևտրային ուղու, այլև ռազմավարական ճնշման կետի, որը կարող է վերաձևել էներգետիկ շուկաները, առևտրային հոսքերը և գլոբալ ուժերի հաշվեկշիռը։
Աշխարհի մեծ մասի համար Հորմուզը խոցելիության խորհրդանիշ է։ Հնդկաստանի համար, սակայն, այն գնալով դառնում է ռազմավարական ինքնավարության փորձություն։
Գլոբալ կախվածության աշխարհագրությունը
Օրական շուրջ 21 միլիոն բարել նավթ և նավթամթերք է անցնում նեղուցով, որը կազմում է ծովով իրականացվող նավթի համաշխարհային առևտրի գրեթե մեկ քառորդը։ Ներկայում որևէ այլ ենթակառուցվածք չի կարող փոխարինել դրա այդ ծավալային կարողությանը։ Նեղուցը շրջանցելու համար կառուցված խողովակաշարերը կարող են միայն մասնակիորեն մեղմել հնարավոր խափանումների հետևանքները։
Ժամանակակից գլոբալ տնտեսությունը, որը կառուցված է արդյունավետության և «ճիշտ ժամանակին» (just-in-time) լոգիստիկայի սկզբունքի շուրջ, առանձնահատուկ զգայուն է նման խոցելի կետերի նկատմամբ։ Նույնիսկ սահմանափակ անկայունությունը առաջացնում է շղթայական հետևանքներ՝ էներգակիրների գների տատանումներ, բեռնափոխադրումների թանկացում, ապահովագրական հավելավճարների աճ և ֆինանսական շուկաների անորոշություն։ Այդպիսով, Հորմուզը գործում է ոչ միայն որպես տարածաշրջանային խնդիր, այլև որպես գլոբալիզացիայի մեջ ներառված համակարգային ռիսկ։
Հնդկաստանի անցումը խոցելիությունից դեպի դիմակայունություն
Պատմականորեն Հնդկաստանը առավել խոցելի է եղել Պարսից ծոցի էներգետիկ հոսքերի խափանումների նկատմամբ։ Վերջին տասնամյակում, այնուամենայնիվ, այդ հավասարումը զգալիորեն փոխվել է։ Նյու Դելիի ձևավորվող արձագանքը արտացոլում է հնդկական մեծ ռազմավարության ավելի լայն տեղաշարժը՝ կախվածության կառավարումից դեպի ռիսկերի բաշխում։
Ռազմավարական նավթային պահուստները՝ պետական նավթավերամշակող ընկերությունների առևտրային պաշարների հետ միասին, այժմ ապահովում են բուֆեր, որը կարող է երկրի սպառումը պահպանել ավելի քան երկու ամիս։ Ժամանակային այս «բարձիկը» էապես փոխում է ճգնաժամային որոշումների կայացումը՝ նվազեցնելով անմիջական տնտեսական հարվածը։
Նույնքան կարևոր է նաև դիվերսիֆիկացումը։ Հնդկաստանի էներգետիկ ներմուծումները այժմ ավելի շատ են գալիս Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից և աֆրիկյան արտադրողներից և նվազեցնում են Մերձավոր Արևելքի մատակարարման շղթաներից բացառիկ կախվածությունը։ Էներգետիկ անվտանգությունն այլևս տարածաշրջանային կենտրոնացվածություն չունի և դարձել է բազմակողմ։
Դիվանագիտությունը երրորդ հիմնասյունն է։ Հնդկաստանի բազմահավասարակշռված (multi-alignment) քաղաքականությունը՝ տարածաշրջանային մրցակցող դերակատարների հետ համագործակցությունը առանց որևէ բլոկի պաշտոնական անդամակցության, հնարավորություն է տվել պահպանել գործնական համագործակցությունը աշխարհաքաղաքական բաժանարար գծերից անդին։ Գործնականում դա արտահայտվել է նրանով, որ նույնիսկ ծովային լարվածության սրման փուլերում հնդկական դրոշով նավթափոխադրող նավերի գործունեությունը շարունակվել է համեմատաբար անխափան։
Ծովային ուժը որպես տնտեսական քաղաքականություն
2019-ից Հնդկաստանը իրականացնում է «Սանկալպ» գործողությունը (Operation Sankalp), որի նպատակն է պաշտպանել Հնդկաստանի առևտրային նավերը և ապահովել անվտանգ նավարկությունը հատկապես Հորմուզի նեղուցում։
«Սանկալպ» գործողությունը, որը սկզբում մեկնարկել էր որպես ծովային մոնիթորինգի նախաձեռնություն, վերածվել է ուղեկցման և զսպման ակտիվ առաքելության։ Հնդկական ռազմածովային ուժերի էսկադրային կործանիչներն այժմ ուղեկցում են առևտրային նավերը խոցելի ջրերում։
Հետախուզական ինքնաթիռների, ուղղաթիռների և իրական ժամանակում ծովային հետախուզական տվյալների ինտեգրումը ձևավորել է բազմաշերտ անվտանգության համակարգ, որը նպատակ ունի դիմակայել նոր ձևավորվող ասիմետրիկ սպառնալիքներին, ներառյալ անօդաչու թռչող սարքերին և ծովային գաղտնի դիվերսիաներին։ Այս միջոցառումները վկայում են նոր իրողության մասին՝ 21-րդ դարում տնտեսական անվտանգությունը գնալով ավելի շատ է պայմանավորվում ծովային ներկայությունից։
Այս առաքելությունն ունի նաև մարդկային ասպեկտ։ Մոտ 20,000 հնդիկ ծովային աշխատում է Պարսից ծոցի նավագնացային ցանցերում, ինչի հետևանքով ռազմածովային պաշտպանությունը նաև ռազմավարական անհրաժեշտություն է գլոբալ առևտրային համակարգում ներգրավված քաղաքացիների նկատմամբ։
Դիմակայունության տնտեսական սահմանները
Չնայած ուժեղացված պատրաստվածությանը՝ Հնդկաստանը շարունակում է կապված մնալ համաշխարհային շուկաների դինամիկայի հետ։ Հորմուզում երկարատև ճգնաժամը կբարձրացնի նավթի գինը մինչև կամ ավելի քան 100 դոլար մեկ բարելի դիմաց՝ ուժեղացնելով գնաճային ճնշումները և մեծացնելով երկրի ներմուծման ծախսերը։ Կհետևեն արժույթի տատանումներ և լոգիստիկ ծախսերի աճ, որոնք կազդեն նաև էներգետիկ շուկաներից հեռու գտնվող ոլորտների վրա։
Նավագնացության ապահովագրական վճարները, որոնք հանրային քննարկումներում հաճախ անտեսվում են, ևս կարևոր գործոն են։ Առանց անվտանգության վստահելի երաշխիքների՝ միայն ռիսկի գնագոյացումն արդեն կարող է զգալիորեն բարձրացնել կենսական ներմուծումների արժեքը՝ աշխարհաքաղաքական անկայունությունը անմիջապես տեղափոխելով ներքին տնտեսական կյանք։
Այսպիսով, դիմակայունությունը մեղմում է խոցելիությունը, բայց չի վերացնում փոխկախվածությունը։
Առևտրի աշխարհագրության վերաիմաստավորում
Գիտակցելով խոցելի կետերով պայմանավորված կառուցվածքային սահմանափակումները՝ Հնդկաստանի երկարաժամկետ ռազմավարությունն է ոչ թե մշտապես կառավարել ռիսկերը, այլ վերափոխել աշխարհագրությունը։ Հնդկաստան–Միջին Արևելք–Եվրոպա տնտեսական միջանցքը (IMEC) կապերի բազմազանեցման հավակնոտ փորձ է, որը նավահանգիստների, երկաթուղիների և լոգիստիկ ցանցերի ինտեգրված համակարգի միջոցով Հարավային Ասիան կապում է եվրոպական շուկաների հետ։
Հաջող իրագործման դեպքում այս միջանցքը կարող է աստիճանաբար նվազեցնել կախվածությունը առանձին ծովային ուղիներից և վերաբաշխել առևտրային հոսքերը մի քանի ուղղություններով։ Ենթակառուցվածքներից բացի՝ IMEC-ի ռազմավարական նպատակն է ձևավորել գլոբալ առևտրի ճարտարապետությունը, այլ ոչ թե պարզապես հարմարվել դրան։
Հնդկաստանի ծովային պահը
Հորմուզի նեղուցը ժամանակակից աշխարհաքաղաքականության հիմնարար պարադոքսներից է։ Այն միաժամանակ բացահայտում է գլոբալ փոխկախվածության խոցելիությունները և ստեղծում հնարավորություններ այն պետությունների համար, որոնք կարողանում են համադրել դիվանագիտությունը, տնտեսական պլանավորումը և ծովային ուժը։
Հնդկաստանը ռազմածովային ակտիվությունը համադրելով դիվանագիտական ճկունության և տնտեսական բազմազանեցման հետ ձգտում է ավելի ինքնավստահ միջին տերության կարգավիճակի միջազգային նոր կարգի պայմաններում։
Ժամանակաշրջանում, երբ մատակարարման շղթաները դարձել են ռազմավարական գործիքներ, իսկ ծովային ուղիները՝ տնտեսական կայունության որոշիչներ, ծովային առաջնորդությունն այլևս ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն է։
Հորմուզի նեղուցը անխուսափելի անցուղի է։ Սակայն Հնդկաստանի ձևավորվող դիրքորոշումը վկայում է, որ նա պատրաստվում է մի հեռանկարի, որտեղ գլոբալ «խցանները» այլևս չեն թելադրում երկրի ճակատագիրը։
The post Հորմուզի նեղուցը, համաշխարհային առևտուրը և Հնդկաստանի շրջադարձը appeared first on CIVILNET.