«Ուժեղ Հայաստան»-ից արձագանքել են ՀԿԿ-ի՝ ընտրակաշառքի մասին հրապարակմանը

Քաղաքականություն

30.03.2026 | 17:05

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը արձագանքել է Հակակոռուպցիոն կոմիտեի՝ ընտրակաշառքի վերաբերյալ հրապարակմանը՝ այն որակելով քաղաքական հետապնդում և հերքելով ներկայացված մեղադրանքները։

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժն է, որը մոբիլիզացնում է հասարակության զգալի մասին և վայելում նրա անվերապահ աջակցությունը, ինչը անհանգստացնում և բանեցնում է իշխանություններին։

Առաջիկա ընտրական գործընթացում միակ աղաղակող ու շարունակական ապօրինի գործողությունը մեր կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խայտառակ, ակնհայտ ապօրինի, շուրջ տասն ամիսների տևող կալանքն է։

«Ուժեղ Հայաստան»-ը իր գործունեությունը ծավալում է Սահմանադրության և օրենքի շրջանակներում։ Իշխանությունների ձեռքին գործիք դարձած իրավապահների նկարած անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է։

Ակնհայտ է, որ այն այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ, քանի որ բոլորը գիտեն` օրվա իշխանությունները հետապնդում են մարդկանց նույնիսկ մեկ նախադասության համար, իսկ անմեղության կանխավարկածը մոռացված արժեք է»,- ասված է կուսակցության տարածած պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Հակակոռուպցիոն կմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով որ Արմավիրի մարզում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ կազմակերպել են ընտրակաշառքի բաժանում՝ այն քողարկելով որպես աշխատավարձ և բարեգործություն։ Քրեական վարույթի շրջանակում իրականացվել են խուզարկություններ, ձերբակալվել է հինգ անձ։

 

Leave a comment