Անվտանգության նկատառումներից ելնելով մարտի 30-ին Ամերիկյան համալսարանի դասերը կանցկացվեն առցանց

Անվտանգության նկատառումներից ելնելով մարտի 30-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնել են համալսարանից՝ նշելով, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է:

«Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները,երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։

Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա»,- հայտնում են Ամերիկյան համալսարանից։

Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում գործող ամերիկյան համալսարանական մասնաճյուղերը կարող են դառնալ «օրինական թիրախներ»։ Ըստ իրանական կողմի՝ սա պատասխան քայլ է ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարվածների, որոնց հետևանքով վնասվել են Թեհրանի գիտության և տեխնոլոգիաների, ինչպես նաև Սպահանի տեխնոլոգիական համալսարանները։

ԻՀՊԿ-ն վերջնագիր է ներկայացրել Վաշինգտոնին՝ պահանջելով մինչև երկուշաբթի կեսօր պաշտոնապես դատապարտել իրանական կրթական հաստատությունների վրա կատարված հարձակումները։ Տարածված հայտարարության մեջ կորպուսը հորդորել է ամերիկյան բուհերի անձնակազմին, դասախոսներին և ուսանողներին առնվազն մեկ կիլոմետր հեռավորություն պահպանել համալսարանական տարածքներից։

The post Անվտանգության նկատառումներից ելնելով մարտի 30-ին Ամերիկյան համալսարանի դասերը կանցկացվեն առցանց appeared first on CIVILNET.

Leave a comment