Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Թբիլիսիի փոխքաղաքապետ Գիորգի Տկեմալաձեն հայտարարել է, որ Ռուսթավելիի պողոտայի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է սկսել մայիսին։ Այս պողոտան շուրջ 500 օր շարունակ եղել է ամենօրյա հակաիշխանական ցույցերի հիմնական վայրը։
Տկեմալաձեն այս մասին խոսել է BM.ge լրատվամիջոցի հետ այն բանից հետո, երբ վերջինս երեքշաբթի հայտնել էր, որ մայրաքաղաքի կենտրոնական պողոտայի վերանորոգման համար հայտարարված 12.3 միլիոն լարի (մոտ 4.5 միլիոն դոլար) արժողությամբ մրցույթները չեղարկվել են։ Պետական գնումների ազգային գործակալության կայքի տվյալներով՝ ոչ մի ընկերություն չի մասնակցել մրցույթներին։
Չորեքշաբթի Տկեմալաձեն BM.ge-ին ասել է, որ «սա բնական գործընթաց է․ նախագծերը հաճախ կարող են ձախողվել, բայց առաջիկա օրերին կհայտարարվեն նոր մրցույթներ»։
Նրա խոսքով՝ նպատակն է աշխատանքները սկսել մայիսի կեսերին, որպեսզի առավել արդյունավետ օգտագործվի ամառային շրջանը և սեպտեմբեր-հոկտեմբերին՝ ուսումնական տարվա մեկնարկին, դրանք արդեն ավարտված լինեն։
Չեղարկված մրցույթները վերաբերում էին պողոտայի տարբեր հատվածների վերանորոգմանը՝ Ռուսթավելի մետրոյի հարևանությամբ գտնվող Ձմեբի Կակաբաձեեբի փողոցից մինչև Ազատության հրապարակ։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն առաջին անգամ Ռուսթավելիի պողոտայի վերանորոգման ծրագրի մասին հայտարարել էր դեռ 2023-ի վերջում՝ նշելով, որ աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի և կտևեն ավելի քան երկու տարի։ Սակայն մինչև 2026-ի մարտ աշխատանքները չէին սկսվել։
2025-ի փետրվարին Կալաձեն կրկին անդրադարձել էր ծրագրին՝ նշելով, որ աշխատանքները կսկսվեն մայիսին և կավարտվեն ամռան ավարտին։
Այդ նույն ժամանակ քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման վարչության ղեկավար Գիորգի Աբուտիձեն ասել էր, որ վերանորոգումը բաժանվելու է չորս հատվածի, և տեղում կաշխատեն չորս տարբեր ընկերություններ։ Նրա խոսքով՝ դա թույլ կտա կրճատել աշխատանքների տևողությունը մոտ չորս անգամ։
Նա նաև նշել էր, որ մշակվելու է երթևեկության ժամանակավոր սխեմա՝ խցանումներից խուսափելու համար։ Այդ սխեմայի ընթացքում կճշտվի, թե պողոտայի որ հատվածը երբ է փակվելու։
Սակայն նույն տարվա մարտին Կալաձեն հայտարարել էր, որ գործընթացը հետաձգվում է մինչև 2026-ը։ Նա նշել էր, որ սկզբում նախատեսվում էր աշխատանքներն ավարտել երեք ամսում, սակայն դրանք հետաձգվել են՝ ենթակառուցվածքների կազմակերպման և լայնածավալ աշխատանքների անհրաժեշտության պատճառով, այդ թվում՝ վնասված ստորգետնյա ջրատարի վերանորոգման համար։
«Ուսումնասիրություններ ենք անցկացրել և պարզել, որ անհրաժեշտ են բավական մեծ ծավալի ստորգետնյա աշխատանքներ»,- ասել էր նա։
Կալաձեն այս հարցին անդրադարձել էր նաև 2025-ի հոկտեմբերին՝ նշելով, որ քաղաքապետարանը նախատեսում է աշխատանքները սկսել 2026-ի ամանորյա տոներից հետո։
Նա ընդգծել էր, որ պողոտան գտնվում է «շատ վատ վիճակում» և ունի լուրջ խնդիրներ ստորգետնյա ենթակառուցվածքների հետ, որոնց լուծումը ժամանակ է պահանջելու։
Թբիլիսիի քաղաքապետարանը նախկինում նույնպես իրականացրել է Ռուսթավելիի պողոտայի վերանորոգում։ Դա տեղի է ունեցել 2020-ին՝ խորհրդարանի շենքի դիմաց գտնվող մայթերի հատվածում։ Այդ ժամանակ փոխվել էին մայթի սալիկները, ինչպես նաև նորացվել էին ստորգետնյա հաղորդակցությունները, ջրահեռացման համակարգերը և ջերմամեկուսացումը։ Աշխատանքները տևել էին յոթ ամիս։
Ռուսթավելիի պողոտան, հատկապես խորհրդարանի շենքի դիմացի հատվածը, տարիների ընթացքում դարձել է Վրաստանում բողոքի ցույցերի գլխավոր վայրերից մեկը։
Առայժմ անհայտ է, թե վերանորոգման աշխատանքների մեկնարկից հետո ցուցարարները որտեղ կշարունակեն իրենց ամենօրյա բողոքի ակցիաները։
The post «Վրացական երազանք»-ը նախատեսում է մի քանի ամսով փակել Ռուսթավելիի պողոտայի որոշ հատվածներ «վերանորոգման» համար appeared first on CIVILNET.