Լիբանանում ՄԱԿ-ի մեկ խաղաղապահ է զոհվել, ևս մեկը՝ ծանր վիրավորվել

Քաղաքականություն

30.03.2026 | 11:11

Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը (UNIFIL) հայտարարել է, որ կիրակի երկրի հարավում գտնվող Ադչիտ ալ-Քուսեյր գյուղի մոտ գտնվող դիրքերից մեկում արկի պայթյունի հետևանքով խաղաղապահ է զոհվել։ Երկուշաբթի առավոտյան տարածված հայտարարության մեջ ասվում է, որ մեկ այլ խաղաղապահ ծանր վիրավորվել է, գրում է France 24-ը։

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մահացած խաղաղապահն իր քաղաքացին է։ Եվս երեք քաղաքացիներ էլ վիրավորվել են Ադչիտ ալ-Քուսեյրի մոտ գտնվող Ինդոնեզիայի զորախմբի դիրքերի մոտակայքում արձակված անուղղակի հրետանային կրակից։

«Մենք չգիտենք արկի ծագումը։ Հետաքննություն ենք սկսել՝ բոլոր հանգամանքները պարզելու համար»,- հայտարարել է UNIFIL-ը։

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց հետո լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը վերսկսել է Իսրայելի վրա հարձակումները: Ի պատասխան՝ Իսրայելի բանակն ավիահարվածներ է հասցնում։ Լիբանանի կառավարության տվյալներով՝ երկրում հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ, այդ թվում՝ շուրջ 120 երեխա, 80 կին և 40 բուժաշխատող:

UNIFIL-ի առաքելությունը Լիբանանում գործում է 1978 թվականից և ներառում է ավելի քան 10,000 զինվորական և քաղաքացիական անձնակազմ։ «Հըզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2006 թվականի պատերազմից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով զգալիորեն ընդլայնվեց խաղաղապահների մանդատը։ Դրա համաձայն՝ Իսրայելի հետ սահմանային գոտում պետք է տեղակայվեին միայն UNIFIL-ի և Լիբանանի բանակի զորքերը։ Սակայն «Հըզբոլլահ»-ը շարունակում է ներկայություն պահպանել այնտեղ։ Իսրայելը ՄԱԿ-ի առաքելությանը մեղադրում է իր մանդատը չկատարելու մեջ։

2025 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի առաքելությունը կավարտվի 2026 թվականի վերջին։

Նշենք, որ Լիբանանում UNIFIL-ի առաքելության շրջանակում Հայաստանն այնտեղ 32 հոգանոց զորախումբ ունի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment