Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրություն․ Արաղչի

Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ հայերենով իր երախտագիտությունը հայտնելով Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին։

«ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ»,- հայերենով գրել է Իրանի ԱԳ նախարարը։

Մարտի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Նախարարները խոսել էին Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջ:

Արարատ Միրզոյանը մարտի 23-ին հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետությունը հումանիտար օգնություն է ուղարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը, հիմնականում՝ դեղորայքի տեսքով։

ԱՄՆ-ն ու Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողություններ են սկսել փետրվարի 28-ից։ Ներկայում պատերազմը ընդլայնվել է՝ ընդգրկելով Պարսից ծոցի արաբական երկրներն ու Լիբանանը։ Իսրայելական ու ամերիկյան գործողությունների հետևանքով սպանվել են Իրանի ռազմաքաղաքական էլիտայի բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։

The post Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրություն․ Արաղչի appeared first on CIVILNET.

Leave a comment