ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
3 անձ ձերբակալվել է: Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը): 24News-ը տեղեկացավ ՔԿ-ից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ծաղկազարդին նվիրված պատարագին Նիկոլ Փաշինյանը այցելել էր Սուրբ Աննա եկեղեցի, որտեղ քաղաքացիներից մեկը փորձեց մոտենալ վարչապետին, սակայն անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին և իրարանցում առաջացավ:
Քաղաքացին, արձագանքելով ՊՊԾ աշխատակցին, նշել էր, որ «ըտենց չնայես ինձ»:
ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները Փաշինյանի եկեղեցուց հեռանալուց հետո եկել էին Սուրբ Աննա եկեղեցու բակ, որպեսզի բերման ենթարկեն միջադեպի մասնակից քաղաքացուն, ինչը ֆիքսել էր 24News-ը:
Անձամբ ոստիկանապետ Կամո Ցուցուլյանն էր եկել քաղաքացուն բերման ենթարկելու վայր: Ավելի ուշ ՆԳՆ-ից 24News-ին հայտնել էին, որ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի: Քիչ ավելի ուշ ևս մեկ անձի էին ձերբակալել:
Մերի Մանուկյան