«Ով պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին». Բագրատ Սրբազան | ՄԱՄՈՒԼ.ամ

Բագրատ Սրբազանի նամակը՝ կալանավայրից. «Նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և ամբողջ էությամբ պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ.
     Օրհնեալ եկեալն անուամբ Տէառն…
     Ծաղկազարդ է` Տիրոջ հրաշալի և փառավոր մուտքը Երուսաղեմ: Հրաշալի առիթ է մեզ համար թե՛ անհատապես, և թե՛ անձնապես, և թե՛ հավաքական առումով Ծաղկազարդվելու, նորոգվելու, բացելու մեր սրտերը` որպես հոգևոր Երուսաղեմ` Տիրոջ սրբագործող մուտքի և բնակության համար:
     Գիտեք սակայն, որ Ծաղկազարդին հաջորդում է Ավագ կամ Չարչարանաց (չարչարանքների) շաբաթը` ուրացում, դավաճանություն, կեղծ դատավարություն, խաչելություն, բայց և ի վերջո Հարություն և Հաղթանակ:
     Այսուհանդերձ, ավելի ճիշտ կլիներ ասել, որ Ծաղկազարդը նախորդում է Չարչարանաց խորհրդին, որը նաև մեր կյանքի արտացոլանքն է. կյանքը միայն Ծաղկազարդ չէ, և ոչ էլ միայն Չարչարանաց խորհուրդ, սակայն նա, ով կդիմանա Ծաղկազարդին թագավոր հռչակվելու գայթակղությանը և ամբողջ էությամբ պատրաստ կլինի կրելու Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ:
     Մեր Տիրոջ ճանապարհը այդպիսին էր և է, իսկ մերը` ընտրություն` ընթանալ այդ ճանապարհով, թե ոչ:
     Մեր Տիրոջ օրհնությունը բոլորիդ հետ լինի, սիրելինե՛ր` մեր կյանքի Ծաղկազարդումի և մեր սրտերում Հիսուսի բնակության և մեր կյանքն առաջնորդելու խորհրդով և շնորհով:
     Հիշե՛ք, Ծաղկազարդը խաչելության ճանապարհով ՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ հասնելու դառը և’ ճանապարհն է, և’ այդ
     ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ…»:

Leave a comment