Դատարանը փոխել է պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի մեղադրանքը. պետական դավաճանության փոխարեն հաստատվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահումը: Նրա խափանման միջոց կալանքը չի փոխվել: Այս մասին հայտնել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ ի պատասխան փաստաբան Աբգար Պողոսյանի հայտարարության, թե Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է:
2025-ի օգոստոսին «Հրապարակ» թերթը գրել էր, թե շուրջ երկու ամիս առաջ Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվել էր Ավստրիայում ՀՀ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը։ Factor.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, նշել էր նույն անունը՝ հավելելով, որ նա հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների և ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանից՝ Վիեննա մեկնելիս։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակը պարզաբանել է, որ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, մարտի 27-ին դռնփակ դատական նիստում քննելով քրեական գործն ըստ մեղադրանքի Աշխեն Մնացականի Ալեքսանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն), կայացրել է մեղադրական վերդիկտ, որով գտել է, որ ապացուցված է մեղադրյալ Աշխեն Ալեքսանյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքը կատարելու մեջ:
«ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
(․․․)»։
Այսպիսով, Դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանին վերագրված և Դատարանի կողմից հաստատված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին»,- գրել է Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
The post Պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանի մեղադրանքը փոխվել է, նա կալանավորված է. պարզաբանում appeared first on CIVILNET.