Ի՞նչ է թաքնված «Երևանի Սիթիի» և «Սամսունգի» անունից տարածվող «հաջողակ տուփերի» հետևում

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Սոցցանցերում «Երևան Սիթի» և «Սամսունգ» ընկերությունների անունից կեղծ գրառումներ են տարածվում՝ տարբեր խաղարկությունների ու մրցույթների վերաբերյալ։

«Ընտրեք ձեր հաջողակ թիվը հիմա, և 12 ծրարներից 8-ը պարունակում են անակնկալ։ 100 հաջողակ հաղթողներ կշահեն Samsung Galaxy-ի վերջին մոդելները»,- նշված է «Սամսունգ»-ի անունից տարածվող գրառման մեջ:

Նմանատիպ բովանդակությամբ գրառումներ են տարածվում նաև «Երևան Սիթի»-ի անունից, որտեղ օգտատերերին առաջարկվում է պարզապես ընտրել «հաջողակ» տուփերից մեկը և ստանալ սառնարան։

Մինչդեռ, հեշտությամբ մրցանակներ խոստացող այս գրառումները ծառայում են որպես խայծ՝ օգտատերերի անձնական կամ բանկային տվյալները կորզելու նպատակով։

Տարբեր ընկերություններ՝ նույն սխեման

«Սամսունգ»-ի անունից կեղծ գրառումները տարածվում են Samsung Fans, իսկ «Երևան Սիթի»-ի դեպքում՝ Yerevan City Supermarket• ֆեյսբուքյան էջերով։ Երկու էջերում էլ հրապարակվում են բացառապես խաղարկություններին և մրցանակներին վերաբերող գրառումներ։

Հատկանշական է, որ Samsung Fans-ը ստեղծվել է օրեր առաջ՝ մարտի 21-ին, և նույն օրն էլ խաղարկության վերաբերյալ գրառում հրապարակել։ 

Էկրանապատկերը՝ Samsung Fans ֆեյսբուքյան էջից

Երկու դեպքում էլ, մեկնաբանություն թողնելուց հետո, օգտատերերից պահանջվում է տարածել (share) գրառումը ֆեյսբուքում։ Այս կերպ զեղծարարները բարձրացնում են գրառման դիտելիությունը և թիրախավորում նոր օգտատերերի։

Էկրանապատկերը՝ Samsung Fans էջից և Yerevan City Supermarket• էջի հետ նամակագրությունից

Այնուհետև օգտատերերին ուղարկվում է իրական կայքին նմանակող կեղծ կայքի հղում՝ պահանջելով գրանցվել՝ իբր մրցանակը ստանալու համար։ Օրինակ՝ «Երևան Սիթի»-ի անունից կեղծ գրառումներ տարածող էջն ուղարկել է սուպերմարկետների ցանցի պաշտոնական կայքին նմանակող yerevan-city-supermarket41.myfreesites[.]net կայքի հասցեն։ 

Մինչդեռ նման կայքերում անձնական կամ բանկային տվյալներ մուտքագրելը ռիսկային է և կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների։

Էկրանապատկերը՝ «Երևան Սիթի»-ի կայքին նմանակող և իրական կայքից

«Երևան Սիթի»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջը Yerevan City Supermarkets-ն է, կայքը՝ yerevan-city.am-ը։ Ընկերությունը բազմիցս զգուշացրել է, որ խաղարկությունների վերաբերյալ անհրաժեշտ է տեղեկանալ միայն իրենց պաշտոնական հարթակներից։

#CivilNetCheck-ը ևս պարբերաբար անդրադառնում է տարբեր ընկերությունների անունից տարածվող կեղծ խաղարկություններին։

The post Ի՞նչ է թաքնված «Երևանի Սիթիի» և «Սամսունգի» անունից տարածվող «հաջողակ տուփերի» հետևում appeared first on CIVILNET.

Leave a comment