«Տիտանիկի» երկացանկը կարեւոր չէ

Թե ինչ «բանավեճ» է ծավալվում Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների եւ մնացած ընդդիմադիրների միջեւ, ես մանրամասնորեն տեղյակ չեմ: ՀՀԿ անդամների եւ նրանց հարող գործիչների գրառումներից կարող եմ եզրակացնել, որ կան ինչ-որ ռուսաստանյան տելեգրամ ալիքներ, որոնք համակարգում է Վիկտոր Սողոմոնյանը, եւ որոնք ինչ-որ վատ բաներ են գրում հանրապետականների մասին:

Տելեգրամ ալիքներ, առավել եւս՝ ռուսական ես չեմ կարդում՝ ինձ մնար, Ֆեյսբուք էլ չէի բացի: Բայց հիմք չունեմ այդ տեղեկություններին չհավատալու: Եվ, եթե այդպես է, ապա դա տարօրինակ է, քանի որ ՀՀԿ-ն կարծես թե հակված չէ առաջադրվել ընտրություններում, բայց, իհարկե, ակտիվորեն մասնակցելու է, որը, կարծում եմ, ճիշտ է:

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը կազմող դաշնակցականներին ես վերաբերվում եմ հարգանքով՝ չկիսելով այդ կուսակցության գաղափարախոսությունը: Այդ դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանի ելույթներն ինձ նույնպես դուր են գալիս: Բայց այդ պատգամավորները, կարծես թե, այլ ընդդիմադիրների դեմ չեն խոսում եւ կենտրոնանում են հիմնական խնդրի՝ Փաշինյանին հեռացնելու վրա: Որը նույնպես ճիշտ է:

Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը, բնականաբար, սխալ էր եւ միանգամայն ձեռնտու է ՔՊ-ին: Չխորանալով երկրորդ նախագահի, մեղմ ասած, ոչ միանշանակ կերպարի մեջ՝ արձանագրենք, որ հիմա, այս իրավիճակում նրա՝ քաղաքական դաշտում առկայությունը մեծ նվեր է ՔՊ-ի համար: Իշխող կուսակցության հռետորաբանության մեծ մասն ուղղված է հենց Քոչարյանի դեմ եւ, հաշվի առնելով նրա բացասական ընկալումը հասարակության զգալի մասի կողմից, հարվածները նշանակետին հասնում են:

Կարապետյանի եւ Ծառուկյանի մասին նրանք կարող են ընդամենն ասել՝ «օլիգարխ», բայց այդ «մեղադրանքը», որքան հասկանում եմ, այնքան էլ լուրջ չի ընկալվում: Իսկ ՔՊ-ականների կողմից գրագիտության թեման բարձրացնելը պարզապես ժպիտ է առաջացնում: Այնինչ Քոչարյանը պետության ղեկավար էր, եւ հասարակությունն իրեն իսկապես հաշիվ ունի ներկայացնելու:

Բայց, չնայած, որ Քոչարյանի ի հայտ գալը օբյեկտիվորեն խանգարում է ընդդիմադիր պայքարին, ես խորհուրդ կտայի մնացած ընդդիմադիրներին այդ խնդրի մեջ չխորանալ: Այն ֆոնին, թե ուր է տանում մեր երկիրը Փաշինյանը, վիճել այն մասին, թե որ ընդդիմադիրն է լավը, նման է «Տիտանիկում» հնչող երաժշտության երկացանկը քննարկելուն:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment