Ինչ է ուսուցանում Իրանի պատերազմն Ամերիկայի հակառակորդներին. FT

Աշխարհը մտնում է ավելի անկայուն ու միաժամանակ հակասական փուլ, որտեղ ԱՄՆ-ն և՛ թուլանում է, և՛ մնում անփոխարինելի ուժ. Financial Times-ում (FT) հրապարակած սյունակում այսպիսի տեսակետ է հայտնում թերթի հոդվածագիր, Հուվեր ինստիտուտի գիտաշխատող Պատրիկ Ֆուլիսը (PATRICK FOULIS)։

Հեղինակը հոդվածը կառուցում է Պարսից ծոցի երեք պատերազմների համեմատության վրա։ Նրա դիտարկմամբ՝ 1991-ի պատերազմը «միաբևեռ աշխարհի սկիզբն էր», երբ ԱՄՆ-ի ռազմական գերազանցությունը ցնցեց մրցակիցներին, իսկ 2003-ի պատերազմը դարձավ այդ ուժի գերլարվածության խորհրդանիշը։ Իսկ այսօր, ըստ Ֆուլիսի, երրորդ պատերազմը ցույց է տալիս ոչ թե պարզ անկում, այլ նոր՝ ավելի բարդ աշխարհակարգ։

Ներկայիս պատերազմը բացահայտում է ԱՄՆ-ի լուրջ թուլությունները։ «Անորոշ նպատակներով պատերազմը» չունի ներքին քաղաքական աջակցություն, խաթարել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները և թանկ է արժենում։ Բացի այդ, ռազմական ռեսուրսները շեղվել են Ասիայից, իսկ զինամթերքի պաշարները զգալիորեն նվազել են։ Միևնույն ժամանակ, համեմատաբար էժան միջոցներով՝ օրինակ անօդաչուներով, հնարավոր է մեծ վնաս հասցնել, ինչը փոխում է պատերազմի բնույթը։

Բայց նույն պատերազմի մեջ Ֆուլիսը տեսնում է նաև հակառակ պատկերը՝ ԱՄՆ-ի հզորությունը։ Նրա խոսքով՝ ընդամենը մի քանի շաբաթում ԱՄՆ-ն կարողացել է «ոչնչացնել Իրանի օդուժի, նավատորմի և ռազմական արդյունաբերության մեծ մասը»՝ կիրառելով հազարավոր հարվածներ և բարձր տեխնոլոգիական համակարգեր։ Այս հակադրությունը՝ թուլությունների և ուժի համադրությունը, ըստ հեղինակի, հենց այն է, ինչ բնորոշում է նոր աշխարհը։

Ֆուլիսը ընդգծում է նաև տնտեսական գործոնը։ Թեև ԱՄՆ-ի գործողությունները ապակայունացնում են գլոբալ շուկաները, դրանց ազդեցությունը երկրի ներսում սահմանափակ է։ «Ամերիկան ունի իր սեփական տեսակի ասիմետրիան»,- նշում է նա՝ հիշեցնելով, որ երկիրը դարձել է էներգիայի արտահանող, իսկ դոլարը շարունակում է ամրապնդվել, քանի որ ճգնաժամերի ժամանակ աշխարհը փնտրում է անվտանգ ակտիվներ։

Հեղինակը չի կարծում, որ պատերազմը կհանգեցնի Իրանի ռեժիմի փոփոխության։ Ավելի հավանական է ինչ-որ գործարք, որը կավարտի մարտական գործողությունները, բայց կպահպանի լարվածությունը։ Այդ դեպքում, սակայն, դա կարող է ընկալվել որպես «լուրջ հարված ԱՄՆ-ի վստահելիությանը»։ Այնուամենայնիվ, նա ընդգծում է մի կարևոր հակասություն․ նույնիսկ նման իրավիճակում շատ երկրներ կարող են ավելի կախված դառնալ ԱՄՆ-ից։

Պատերազմից հետո, ըստ Ֆուլիսի, Պարսից ծոցի երկրներն ու Եվրոպան, ամենայն հավանականությամբ, կավելացնեն ներդրումները հակաօդային պաշտպանության մեջ՝ հիմնականում ամերիկյան համակարգերով։ Նույնիսկ էներգետիկ շուկաներում, որտեղ երկրները փորձում են բազմազանեցնել մատակարարումները, ԱՄՆ-ն շարունակում է մնալ առանցքային խաղացող։  

Հակառակորդների համար, սակայն, դասերը տարբեր են։ Փոքր և միջին ավտորիտար ռեժիմների համար այս պատերազմը, ինչպես ձևակերպում է հեղինակը, «վախեցնող» է․ այն ցույց է տալիս, թե որքան արագ կարող է արտաքին ուժը թուլացնել կամ ոչնչացնել ռեժիմը։ Այդ պատճառով նրանց համար հիմնական ուղին կարող է լինել ռազմավարական խցանման կետերի վերահսկումը կամ զանգվածային ոչնչացման զենքերի ձեռքբերումը։

Միաժամանակ, միջուկային զենք ունեցող և գլոբալ տնտեսությունից քիչ կախված պետությունները կարող են հակառակ եզրակացության գալ։ Ֆուլիսի խոսքով՝ նրանք կարող են հավատալ, որ իրենց համար «ազդեցության ոսկե դար է բացվում»։

Չինաստանի դեպքում պատկերը ավելի բարդ է։ Մի կողմից՝ նրան ձեռնտու է, որ ԱՄՆ-ի ուշադրությունը շեղվում է Ասիայից և դաշինքները թուլանում են։ Բայց մյուս կողմից՝ Չինաստանը կախված է էներգակիրների ներմուծումներից և ծովային ուղիներից, ուստի նման անկայունությունը նաև ռիսկեր է ստեղծում։ Բացի այդ, ԱՄՆ-ի նման ֆինանսական «ապահով ապաստան» համակարգ չունենալը նրան խոցելի է դարձնում հնարավոր մեծ ճգնաժամերի դեպքում։

Ֆուլիսը փաստում է, որ պատերազմը ցույց է տալիս երկու կարևոր բան՝ մի կողմից՝ ԱՄՆ-ն հեռանում է հետսառըպատերազմյան կարգից, և աշխարհը դառնում է ավելի քաոսային, մյուս կողմից՝ «աշխարհի մեծ մասը դեռ չունի հստակ այլընտրանք ԱՄՆ-ին ապավինելու փոխարեն»։

The post Ինչ է ուսուցանում Իրանի պատերազմն Ամերիկայի հակառակորդներին. FT appeared first on CIVILNET.

Leave a comment