Ովքեր են ամենահարուստ վրացիները՝ ըստ Forbes-ի ցուցակի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Forbes Georgia-ն հրապարակել է երկրի 100 ամենահարուստ գործարարների ցանկը։ Ցուցակի առաջին հորիզոնականում Միխեիլ Լոմթաձեն է, իսկ երկրորդ տեղում՝ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ Իվանիշվիլին երկար տարիներ համարվել է Վրաստանի ամենահարուստ մարդը և հաճախ դիտվում է որպես երկրի ոչ պաշտոնական առաջնորդ։

Բացի Լոմթաձեից և Իվանիշվիլիից, ցանկում ընդգրկված են ինչպես հայտնի գործիչներ, այդ թվում՝ քաղաքականության հետ կապված անձինք, այնպես էլ լայն հանրությանը քիչ հայտնի մարդիկ։

Երեքշաբթի հրապարակված ցուցակը գլխավորում է 50-ամյա, Թբիլիսիում ծնված Լոմթաձեն։ Նա Ղազախստանում գործող թվային վճարումների և բանկային ծառայություններ մատուցող Kaspi ընկերության գործադիր տնօրենն ու տնօրենների խորհրդի նախագահն է։ Նրա կարողությունը, ըստ Forbes Georgia-ի, ավելի քան երկու անգամ գերազանցում է Իվանիշվիլիի կարողությանը։

Այս տարբերությունը երևում է նաև Forbes-ի համաշխարհային միլիարդատերերի ցանկում։ Վերջին տվյալներով՝ Լոմթաձեի կարողությունը գնահատվում է 6 միլիարդ դոլար, իսկ Իվանիշվիլիինը՝ 2.7 միլիարդ դոլար։ Լոմթաձեն միակ վրացին է, որը, Իվանիշվիլիի հետ միասին, ընդգրկված է այդ գլոբալ ցանկում, որտեղ ընդհանուր առմամբ կա ավելի քան 3400 մարդ։

Ցուցակի երրորդ տեղում է 72-ամյա Գիորգի Ջոխտաբերիձեն։ Նրան է պատկանում է Վրաստանի հեռահաղորդակցության առաջատար ընկերություն Magticom-ի 75 տոկոսը։ Նրա կարողությունը գնահատվում է մոտ 2.8 միլիարդ լարի (մոտ 1.04 միլիարդ դոլար)։

Հաջորդում է 59-ամյա Իրակլի Ռուխաձեն՝ նախկինում իշխանամետ TV Imedi հեռուստաընկերության սեփականատերը։ Նրա կարողությունը կազմում է մոտ 2.2 միլիարդ լարի (մոտ 816.5 միլիոն դոլար)։ Այդ գումարը ձևավորվում է Magti ընկերությունում ունեցած 25 տոկոս բաժնեմասից, ինչպես նաև Georgian Cement-ում ունեցած 41 տոկոսից։ Ռուխաձեն, որը բնակվում է Մեծ Բրիտանիայում, նաև Liberty Bank-ի և Rustavi Steel-ի հիմնական սեփականատերն է։

Հինգերորդ տեղում է 75-ամյա Թեմուր Չկոնիան՝ մոտ 1.7 միլիարդ լարի (650 միլիոն դոլար) կարողությամբ։ Նրանն է Coca-Cola Bottlers Georgia-ի 87 տոկոսը և տեղական McDonald’s ցանցը կառավարող ընկերության 90 տոկոսը։

Ցուցակում ընդգրկվածներից ավելի քան 10-ը տարբեր կերպ ներգրավված են եղել Վրաստանի քաղաքական կյանքում։

Իվանիշվիլիից և Ռուխաձեից բացի, ցանկում կան նաև ընդդիմադիր «Լելո» կուսակցության հիմնադիրներ Մամուկա Խազարաձեն (18-րդ տեղ) և Բադրի Ջափարիձեն (23-րդ տեղ)։ Նշված են նաև «Վրացական երազանք»-ի պատգամավորներ Էլգուջա Գոցիրիձեն (30), Անտոն Օբոլաշվիլին (46), Շոթա Բերակաշվիլին (73), ինչպես նաև Զաալ Դուգլաձեն և նրա եղբայր Դավիթը (80)։ Ցուցակում ներառված են նաև նախկին պատգամավորներ Կախա Օկրիաշվիլին (8), Արչիլ Գեգենավան (63) և Թեմուր Կոխոդզեն (16)։

100 ամենահարուստ գործարարներից 12-ը կանայք են։ Նրանց թվում է նաև ցուցակի ամենատարեց անդամը՝ 90-ամյա Լաուրա Լարիոնին (75-րդ տեղ)։ Ամենաերիտասարդը 25-ամյա Դիմիտրի Նիսնիանիձեն է (37-րդ տեղ)։ Ցուցակում ընդգրկվածների միջին տարիքը 56 է։

Forbes Georgia-ի տվյալներով՝ այս 100 անձանց ընդհանուր կարողությունը գերազանցում է 60 միլիարդ դոլարը։ Սա մոտենում է Վրաստանի տնտեսության ընդհանուր ծավալի 60 տոկոսին և երեք անգամ գերազանցում է երկրի բյուջեի եկամուտները։

Հեղինակները նշում են, որ ինչպես երկրում ընդհանուր առմամբ, այնպես էլ ամենահարուստների շրջանում կարողությունը խիստ կենտրոնացված է։ Ամենահարուստ 10 գործարարները վերահսկում են ընդհանուր կարողության մոտ 60 տոկոսը, իսկ առաջին հնգյակը՝ գրեթե կեսը։

«Փոքր տնտեսության պայմաններում նման բաշխումը պատահական չէ։ Այն ազդում է մրցակցության վրա, կապիտալի շարժի վրա և զարգացման տեմպերի վրա»,- նշում են նրանք։

Ըստ Forbes Georgia-ի՝ ցանկում ներկայացված հինգ հիմնական ոլորտները՝ ֆինանսները, առևտուրը, հեռահաղորդակցությունը, առողջապահությունը և անշարժ գույքի զարգացումը, միասին կազմում են ընդհանուր կարողության մոտ 70 տոկոսը։

Հեղինակները նաև ընդգծում են, որ վարկանիշը կազմվել է անձանց և ընտանիքների բիզնես ակտիվների և դրանց արժեքի հիման վրա։ Այն չի ներառում նրանց ունեցած այլ տեսակի ակտիվները։

The post Ովքեր են ամենահարուստ վրացիները՝ ըստ Forbes-ի ցուցակի appeared first on CIVILNET.

Leave a comment