Հայաստանը Վրաստանին խնդրել է տեղափոխել գազատարի մի հատվածը

Քաղաքականություն

27.03.2026 | 10:51

Հայաստանի խնդրանքով՝ Վրաստանն ու Հայաստանը կապող գազատարի 5,5 կիլոմետրանոց հատվածը կտեղափոխվի։ Համապատասխան դիմումն արդեն ներկայացվել է Վրաստանի բնական պաշարների նախարարության շրջակա միջավայրի վերահսկողության վարչություն, գրում է Սպուտնիկի վրացական ծառայությունը։

Փաստաթղթերի համաձայն՝ խողովակաշարի տեղանքի փոփոխությունը կապված է հայկական կողմի խնդրանքի հետ, քանի որ խողովակաշարի հայկական հատվածը գտնվում է եռակողմ՝ վրաց-հայ-ադրբեջանական սահմանային գոտում և ականապատվել է 1990-ականներին։

«Հիմնվելով այն փաստի վրա, որ այս հատվածում անհնար է պահպանել նվազագույն անվտանգության չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, եռակողմ միջպետական ​​համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի վերոնշյալ խնդրահարույց հատվածը հանել ականապատ գոտուց և անվտանգ հեռավորության վրա կառուցել նոր գազատար»,- նշվում է  հիմնավորման մեջ։

Հաղորդվում է, որ խողովակաշարը կտեղափոխվի մի քանի կիլոմետր և կմիացվի հայկական կողմից կառուցված նոր հատվածին։

Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում Վրաստանի տարանցիկ ենթակառուցվածքների միջոցով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment