Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ է ուղարկում Իրան. FT

Քաղաքականություն

26.03.2026 | 16:50

Ռուսաստանը մոտ է Իրանին անօդաչու թռչող սարքերի խմբաքանակի մատակարարման ավարտին։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով հետախուզությանը ծանոթ երկու անանուն պաշտոնյաների, փոխանցում է DW-ն։

«Մատակարարումների մշակումը սկսվել է մարտի սկզբին և նախատեսվում էր ավարտել մինչև ամսվա վերջ»,- հաղորդել է FT-ն։

Աղբյուրը նշել է, որ պարզ չէ, թե ինչ տեսակի անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Ռուսաստանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի սկզբին հայտարարել էր, որ «100% փաստ» է, որ Իրանն օգտագործել է ռուսական արտադրության «Շահեդ» տեսակի անօդաչու թռչող սարքեր Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները թիրախավորելու համար։

Ռուսաստանը և Իրանը 2022 թվականից ի վեր փոխանակվում են «անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներով և արտադրության գիտելիքներով»՝ ըստ Atlantic Council վերլուծական կենտրոնի։ Ռուսաստանն այժմ արտադրում է «Շահեդ» անօդաչու թռչող սարքի իր սեփական տարբերակը, որը սկզբնապես մշակվել է Իրանի կողմից։

The Wall Street Journal-ը նույնպես անցյալ շաբաթ հաղորդել էր, որ Ռուսաստանն Իրանին տրամադրում է արբանյակային պատկերներ և անօդաչու թռչող սարքերի բարելավված տեխնոլոգիա։

Կրեմլը հերքում է այս պնդումները։

«Այս պահին լրատվամիջոցներում շատ կեղծ արտահոսքեր կան։ Եվ նույնիսկ ամենահարգված լրատվականները չեն խուսափում այդ ստերը հրապարակելուց։ Ուշադրություն մի դարձրեք դրանց»,- ճեպազրույցի ժամանակ ասել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment