ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News
Փաշինյանն առանց հիմքերի, վերացական խոսում է հնարավոր պատերազմի մասին, քարոզչական շոու է բեմադրում, իսկ լուրջ որոշումների ժամանակ կառավարությունը վերածվում է անգործունակ մի մարմնի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Տիգրան Թորոսյանը։
«Իր համար երաշխավոր միայն Ալիևն է, նորմալ երկրի հետ ազդեցիկ պետությունները ևս ցանկանում են համագործակցել, բայց եթե դու ամեն ինչ ավիրում ու նվիրում ես թշնամուն, երաշխավոր ո՞վ կուզենա կանգնել։ Տերն ու ստրուկն իրար հետ չեն կռվում, ստրուկը միշտ հրաման կատարող է, Ալիևին կանգնեցնող չկա, ինչ ուզեն՝ տալիս ես, ինչի՞ պատերազմ անեն», – մեկնաբանեց Թորոսյանը։
Խոսելով նոր Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագիրը հանելու և այն «կոնֆլիկտածին» համարելու Փաշինյանի հայտարարությունից՝ ԱԺ նախկին նախագահը ընդգծեց, որ դեռևս 2005 թվականին են ադրբեջանցիները այդ հարցը բարձրացրել, բայց այն չի ընդունվել։
«Կոնֆլիկտածինը Փաշինյանն է իր թիմով, լեզուներն արագ շարժելով խոսքները հիմնավոր չեն դարձնում, տգետ են, չգիտեն ոչինչ։ 2005 թվականին Սահմանադրությունը երբ ուղարվել է Վենետիկի հանձնաժողով, եզրակացություն տալու նիստի ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը խոսել է Անկախության հռչակագիրը հանելու մասին, բայց Վենետիկի հանձնաժողովն ասել է, որ իրենք կարծիք են տալիս այն հարցերի վերաբերյալ, որով դիմում են։ Բոլոր քայլերը նրանց թելադրանքով չպետք է անել, աշխատանք պետք է տանել, այլապես ոչնչի չես հասնի», – մեկնաբանեց Թորոսյանը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ