Շուշան Ստեփանյան, Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Ի՞նչ ընդհանուր բան ունեն Ֆրանսիայի կողմից Հայաստանին իբր հատկացված 30 մլն եվրոն, Vogue ամսագրի՝ Եվրոպայի առաջին տիկնանց ամենաթանկ հագուստների վարկանիշը, երգչուհի Շերի կոչը՝ ձերբակալել «դիկտատոր» Նիկոլ Փաշինյանին, և ամերիկյան BlackRock ընկերության կողմից Շիկահողի արգելոցի գնումը։ Կամ գուցե հանդիպե՞լ եք նաև պնդումների, թե Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովում են Էրդողանի անձնական թիկնապահները, իսկ ընտրություններից հետո Հայաստանում տեղակայվելու են ՆԱՏՕ-ի բազաներ։
Այս բոլոր սենսացիոն, բայց իրականում ամբողջովին հորինված պատմությունները վերջին ամիսներին ակտիվորեն տարածվում են ռուսալեզու տելեգրամյան ալիքներով։
Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղեկատվական դաշտում արդեն մի քանի ամիս ակտիվացել են ապատեղեկատվական արշավները։ Թեև դրանք վերաբերում են տարբեր թեմաների՝ արտաքին քաղաքականությունից մինչև անձնական կյանք, վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք կառուցված են կրկնվող նարատիվների շուրջ և տարածվում են նույն աղբյուրներից։
Արևմուտքի ազդեցության և Ռուսաստանի դեմ պատերազմի նարատիվը
Տարածվող կեղծ լուրերի մի զգալի հատված կառուցված է այն գաղափարի շուրջ, թե Արևմուտքը փորձում է Հայաստանին հեռացնել Ռուսաստանից և ներքաշել հակառուսական գործողությունների մեջ։
Օրինակ՝ մարտի 20-ից տելեգրամյան ռուսալեզու ալիքները տարածեցին տեղեկություններ, թե Ֆրանսիան իբր 30 մլն եվրո է հատկացրել Հայաստանին` վերջինիս Ռուսաստանից հեռացնելու նպատակով։ Գրառմանը կցված տեսանյութում օգտագործվել էր ֆրանսիական «Եվրոպա 1» (Europe 1) ռադիոկայանի տարբերանշանը։ Մինչդեռ ռադիոկայանը նման լուր չէր տարածել, և այն ամբողջությամբ հորինված էր։
Տեղեկությունը առաջինը տարածել էր КОТ ДОБРОХОД | БПЛА տելեգրամյան ալիքը, այնուհետև արտատպել էին տելեգրամյան այլ ալիքներ։
Նմանատիպ մեկ այլ դեպքում ալիքները տարածում էին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանին դրդում է Ռուսաստանի դեմ պատերազմ սկսել՝ օգտագործելով ֆրանսիական թերթերի կեղծ առաջին էջեր։
Տես՝ Կեղծ առաջին էջեր ու «արթնացած» հաշիվներ. ինչպե՞ս են շահարկում Հայաստանի և Ֆրանսիայի ընտրությունները
Գրառումն առաջինը տարածել էր Одесса Zа Победу! տելեգրամյան ալիքը, նույն սխեմայով արտատպել էին այլ ալիքներ։
Մեկ այլ կեղծ պնդմամբ՝ հղում անելով ամերիկյան Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտին (Institute for the Study of War (ISW)), տարածվում էր, թե ընտրություններից հետո Հայաստանը կարող է ռազմական բախման մեջ մտնել Ռուսաստանի հետ, իսկ երկրում տեղակայվելու են ՆԱՏՕ-ի բազաներ։ Սակայն նման գնահատականներ ինստիտուտը երբեք չի հրապարակել։ Տելեգրամում լուրն առաջինը հրապարակել է Шкварка 2.0 ալիքը։
Կոռուպցիայի և գաղտնի գործարքների նարատիվը
Թիրախավորող մեկ այլ նարատիվը կառուցված է իշխանություններին կոռումպացված ներկայացնելու շուրջ՝ ստեղծելով պատկեր, թե պետական մակարդակով իրականացվում են գաղտնի ֆինանսական գործարքներ։
Օրինակ՝ մի շարք տելեգրամյան ալիքներ տարածել էին տեղեկություն, թե Իրանի կողմից Արաբական Միացյալ Էմիրություններին հարվածելուց հետո Դուբայում անհետացել է մի հայ տղամարդ, որը, իբր, զբաղվում էր Նիկոլ Փաշինյանի փողերի լվացմամբ՝ կրիպտոարժույթների միջոցով։ Տեսանյութում օգտագործվել է Politico-ի տարբերանշանը՝ լուրին վստահելիություն հաղորդելու համար, սակայն նման հրապարակում այդ լրատվամիջոցը չի արել։
Նմանատիպ մեխանիզմով՝ օգտագործելով հետաքննող Bellingcat-ի անվանումը, տարածվել էր նաև կեղծ տեղեկություն, թե Նիկոլ Փաշինյանի կինը (ներկայում՝ նախկին կինը) իբր հարաբերությունների մեջ է ադրբեջանցի միլիարդատիրոջ որդու հետ։ Այս պնդումը ներկայացվում էր որպես հետաքննության արդյունք, սակայն կազմակերպությունը նման հրապարակում չի արել։
Այս դեպքում էլ տեղեկության սկզբնաղբյուրը Шкварка 2.0 ալիքն էր, որից տարածել էին տելեգրամյան այլ ալիքներ։
Նմանատիպ կեղծ տեղեկություն էր տարածվել նաև Vogue-ի անվան օգտագործմամբ․ պնդվում էր, թե ամսագիրը Աննա Հակոբյանին իր հագուստի արժեքով առաջին տեղն է դասել Եվրոպայի առաջին տիկնանց շարքում։ Սակայն նման հրապարակում Vogue-ը չի արել։ Այս դեպքում տեղեկությունն առաջինը հրապարակվել էր «Республика Одесса» տելեգրամյան ալիքում։
Անձնական վարկաբեկման և «դավաճանության» նարատիվը
Բացի լրատվամիջոցների տարբերանշանների օգտագործումից, կեղծ լուրերը հաճախ տարածվում են նաև հայտնի անձանց անունից՝ նպատակ ունենալով բարձրացնել ազդեցությունը։
Օրինակ՝ հունվարի 8-ից շրջանառվող մի գրառման մեջ պնդվում էր, թե երգչուհի Շերլին Սարգսյանը (Շեր) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է ձերբակալել «իսկական դիկտատոր» Նիկոլ Փաշինյանին։ Սակայն նման հայտարարություն չի հայտնաբերվել ոչ սոցիալական ցանցերում երգչուհու պաշտոնական էջերում(X, FB, Instagram), ոչ էլ նրա հանրային ելույթներում։
Երգչուհուն վերագրվող պնդումը սկզբում հայտնվել էր Шкварка 2.0 և Шкварка News տելեգրամյան ալիքներում։
Մեկ այլ դեպքում, կրկին օգտագործելով Bellingcat-ի տարբերանշանը, տարածվել էր տեսանյութ, որտեղ պնդվում էր, թե Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովում են Թուրքիայի նախագահ Recep Tayyip Erdoğan-ի անձնական անվտանգության ծառայության ներկայացուցիչները։ Սակայն կազմակերպությունը նման հրապարակում չի արել։
Տարածքներ այլ պետություններին կամ միջազգային կառույցներին «վաճառելու» թեման ևս պարբերաբար շրջանառվում է։ Օրինակ՝ տարածվել էր կեղծ տեղեկություն, թե ամերիկյան ներդրումային BlackRock ընկերությունը ձեռք է բերել Սյունիքի մարզում գտնվող Շիկահողի արգելոցի մի հատվածը։ Տեսանյութում կրկին օգտագործվել էր Bellingcat-ի տարբերանշանը՝ այն ներկայացնելով որպես հետաքննություն, սակայն նման հրապարակում չի եղել, իսկ շրջակա միջավայրի նախարարությունը հերքել էր այդ լուրերը։ Այս դեպքում սկզբնաղբյուրը Шаман Раху© տելեգրամյան ալիքն էր, որից հետո այն արագորեն տարածվել էր այլ ալիքներում։
Տարածման սինխրոնությունը և դերերի բաշխումը ապատեղեկատվական ցանցում
Տելեգրամյան ալիքների հրապարակումների ժամանակագրական և վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ կեղծ լուրերը չեն տարածվում օրգանիկ կերպով։ Դրանք տարածվում են խիստ սինխրոնացված՝ րոպեների տարբերությամբ։
Օրինակ՝ «Դուբայում անհետացած փողեր լվացողի» մասին մարտի 6-ին տարածված կեղծ լուրը սկզբում հայտնվել է «Шкварка 2.0» ալիքում՝ ժամը 13:01-ին։ Ընդամենը մեկ րոպե անց՝ 13:02-ին, նույն բովանդակությունը հրապարակվել է «Шкварка News»-ում, ապա՝ 13:35-ին «СМЕРШ БЕЛАРУСЬ »-ում, և 13:59-ին՝ «Крепкий Орешек и СВО»-ում։ Այսինքն՝ մեկ ժամից էլ քիչ ժամանակում նույն լուրը համակարգված կերպով շրջանառվել է մի քանի փոխկապակցված ալիքներում։
Նմանատիպ սինխրոնություն է նկատվում նաև հունվարի 26-ին տարածված՝ Vogue-ի անվան օգտագործմամբ կեղծ վարկանիշի դեպքում․ այն սկզբում հրապարակվել է «Республика Одесса» ալիքում, ապա ընդամենը 15 րոպե անց միաժամանակ հայտնվել է «Шкварка News» և «Шкварка 2.0» ալիքներում, իսկ մոտ մեկ ժամ անց՝ նաև «Крепкий Орешек и СВО»-ում։
Այս օրինակները ցույց են տալիս, որ ապատեղեկատվությունը տարածվում է ոչ թե պատահական վերահրապարակումների միջոցով, այլ հստակ համակարգված մեխանիզմով․ մեկ ալիք «գցում է» բովանդակությունը, իսկ մյուսները կարճ ժամանակում այն բազմապատկում են։
Վերլուծությունը նաև ցույց է տալիս դերերի հստակ բաշխում այս ցանցում
Մի կողմից՝ կան «սկզբնաղբյուր» կամ «շարժիչ» ալիքներ, օրինակ՝ «Шкварка 2.0»-ն, որտեղ հաճախ առաջին անգամ հայտնվում են կեղծ լուրերը։ Այս ալիքների լսարանը համեմատաբար փոքր է՝ մեկ հրապարակման համար միջինում 600-1000 դիտում։
Մյուս կողմից՝ գործում են «մեգաֆոն» կամ լայնածավալ տարածող ալիքներ, ինչպիսին է «Одесса Zа Победу»-ն, որտեղ նույն բովանդակությունը հասնում է տասնյակ հազարավոր օգտատերերի։ Օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Նիկոլ Փաշինյանին պատերազմի դրդելու մասին կեղծ լուրը այս ալիքում հավաքել է շուրջ 49,000 դիտում։
Կան նաև միջին օղակի ալիքներ, օրինակ՝ «Шаман Раху©»-ն կամ «СМЕРШ БЕЛАРУСЬ »-ը, որոնք ապահովում են մի քանի հազար դիտում և ծառայում են որպես տարածման միջանկյալ փուլ։
Այս տվյալները ցույց են տալիս, որ ապատեղեկատվության տարածումը տեղի է ունենում բազմաստիճան ձևով․ մի շարք փոքր կամ միջին լսարան ունեցող ալիքներում կեղծ բովանդակությունը հայտնվում է ավելի վաղ, իսկ ավելի մեծ լսարան ունեցող ալիքները հետագայում ապահովում են դրա լայն տարածումը։
Արդյունքում ձևավորվում է փոխկապակցված ցանց, որի առանցքային հանգույցներն են «Шкварка 2.0», «Шкварка News», «Одесса Zа Победу», «Крепкий Орешек и СВО», «Шаман Раху©» և «СМЕРШ БЕЛАРУСЬ » ալիքները, որոնք պարբերաբար վերահրապարակում են նույն բովանդակությունը։
Ովքե՞ր են թաքնված ալիքների հետևում. պատերազմ, դրոններ և հակաուկրաինական քարոզչություն
Թեև այս ապատեղեկատվական արշավը թիրախավորում է Հայաստանն ու սպասվող ընտրությունները, ուսումնասիրության մեջ առանձնացված գլխավոր «հանգույցները»՝ Шкварка News, КОТ ДОБРОХОД | БПЛА, Одесса Zа Победу, Шаман Раху© ալիքները, որևէ կապ չունեն Հայաստանի հետ։
Ալիքների թափանցիկության գործիքները ցույց են տալիս, որ դրանք կառավարվում են Ռուսաստանից, Բելառուսից կամ Ուկրաինայից (հավանաբար՝ տարածքներից, որոնք գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ) և ունեն ընդգծված պրոռուսական ուղղվածություն։
Այս ալիքների այլ՝ ոչ հայկական թեմաներով հրապարակումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք ակտիվ են նաև ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված տեղեկատվական հոսքերում։
Օրինակ՝ Հայաստանի մասին կեղծիքներ տարածող КОТ ДОБРОХОД | БПЛА ալիքն իրականում զբաղված է ռուս-ուկրաինական պատերազմի լուսաբանմամբ, ռուսական զինված ուժերի գումարտակներում կամավորների հավաքագրմամբ և ռազմական դրոններ (անօդաչուներ) ձեռք բերելու համար դրամահավաքներով։ Տելեգրամյան ալիքը ստեղծվել է 2023-ին, 2025-ին վերանվանվել է КОТ ДОБРОХОД | БПЛА Херсонское Направление, ապա դարձյալ կոչվել է КОТ ДОБРОХОД | БПЛА։
Իսկ ցանցի գլխավոր «մեգաֆոնը»՝ տասնյակ հազարավոր դիտումներ ապահովող Одесса Zа Победу ալիքը, պարբերաբար ծաղրող հրապարակումներ է անում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հասցեին։
Ռուսաստանից կառավարվող 2021-ին ստեղծված Шаман Раху© տելեգրամյան ալիքում ևս պարբերաբար հրապարակվում են Ուկրաինայի նախագահին ծաղրող կամ վարկաբեկող գրառումներ։
Կեղծ լուրերի տարածման սխեման նույնությամբ կրկնում է ռուսական ապատեղեկատվական «Մատրյոշկա» (Matryoshka) արշավի մեթոդաբանությունը։ Այդ արշավի դեպքում կեղծ կամ մանիպուլացված բովանդակությունը սկզբում հրապարակվում է սահմանափակ լսարան ունեցող, հաճախ անանուն ալիքներում՝ նմանակելով հեղինակավոր արևմտյան լրատվամիջոցների կամ կազմակերպությունների (օրինակ՝ Bellingcat, Politico, Institute for the Study of War) ոճն ու տարբերանշանները, իսկ այնուհետև արագորեն տարածվում է ավելի լայն տեղեկատվական ցանցով։
Տես՝ Հայաստանի դեմ ապատեղեկատվության հետքերով․ նարատիվներից՝ կազմակերպված ցանցեր
Չնայած Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նկատվող այս ինտենսիվ տեղեկատվական հոսքին, #CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածված կեղծ լուրերը հիմնականում շրջանառվել են ռուսալեզու տելեգրամյան ալիքներում։ Դրանք մեծամասամբ չեն հայտնվել հայկական տելեգրամյան ալիքներում և սահմանափակ ազդեցություն են ունեցել հայկական մեդիա դաշտում։
The post Նարատիվներից՝ ցանցեր․ ինչպես են Տելեգրամում տարածվում կեղծ լուրերը Հայաստանի շուրջ appeared first on CIVILNET.