Սառա Մալալին՝ պաշտոնապես անգլիկան եկեղեցու առաջին կին ղեկավար

Քաղաքականություն

26.03.2026 | 17:44

Սառա Մալալին պաշտոնապես նշանակվել է Քենթերբերիի արքեպիսկոպոս՝ նշանավորելով նրա ծառայության սկիզբը՝ որպես Անգլիայի եկեղեցու առաջին կին ղեկավար։ Նախկին բուժքույրը չորեքշաբթի զբաղեցրել է իր տեղը Քենթերբերիի տաճարի 13-րդ դարի Սուրբ Ավգուստինոսի աթոռին 2000 հյուրերի առջև, որոնց թվում էին բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեթրինը, ինչպես նաև վարչապետ Քիր Սթարմերը և կրոնական առաջնորդներ։

Նա կծառայի որպես համաշխարհային Անգլիկան եկեղեցու հոգևոր ղեկավար, որն ամբողջ աշխարհում ունի շուրջ 85 միլիոն անդամ: Անգլիայի եկեղեցին իր առաջին կին քահանաներին ձեռնադրել է 1994 թվականին, իսկ առաջին կին եպիսկոպոսին՝ 2015 թվականին։

«Այսօր սկսելով իմ ծառայությունը որպես Քենթերբերիի արքեպիսկոպոս՝ ես կրկին ասում եմ Աստծուն՝ «Ահա ես այստեղ եմ»,- ասել է նա իր բացման քարոզը կարդալիս։

Մալալին աղոթել է աշխարհի պատերազմից տուժած շրջաններում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի որոշ հատվածներում, Ուկրաինայում, Սուդանում և Մյանմայում «խաղաղության հաղթանակի» համար։

63-ամյա Մալալին նշել է եկեղեցու անցյալում թույլ տված ձախողումների պատճառած տառապանքները, որոնցից մեկը ստիպեց իր նախորդ Ջասթին Ուելբիին հրաժարական տալ՝ ընդգծելով «ճշմարտությանը, կարեկցանքին, արդարադատությանը և գործողություններին հավատարիմ մնալու» անհրաժեշտությունը։

Ջասթին Ուելբին հրաժարական է տվել 2024 թվականին՝ հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը թաքցնելու սկանդալից հետո։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment