Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում The New Yorker ամսագրի կայքում հրապարակված Միջազգային ճգնաժամային խմբի Իրանական նախագծի տնօրեն Ալի Վաեզի հարցազրույցը (կրճատումներով):
– Իրանական վարչակարգի եւ նրա նոր ղեկավարության տեսանկյունից՝ որո՞նք են նրանց շահերը ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ պատերազմի դադարեցման հնարավոր գործարքի շրջանակներում:
– Բանակցությունների գլխավոր նպատակը համաձայնագիրն է, որը կերաշխավորի Իսլամական Հանրապետության գոյատեւումը: Դրա համար մի քանի անհրաժեշտ նախապայման կա։
Առաջինն ակնհայտ է. Իրանի դեմ թշնամական գործողությունները պետք է դադարեցվեն եւ այլեւս չվերսկսվեն, որովհետեւ Իրանը չի ցանկանում կիսել այնպիսի երկրների ճակատագիրը, ինչպիսիք են Լիբանանը, Գազան կամ Սիրիան, որոնց Իսրայելը կամ ԱՄՆ-ը կարող են ռմբակոծել սեփական հայեցողությամբ։ Այն իրողությունը, երբ ԱՄՆ-ը կամ Իսրայելը պարզապես հիշեցում են դնում Google օրացույցում՝ կես տարին մեկ Իրանին հարվածներ հասցնելու համար, Իսլամական Հանրապետությունը չի կարող հանդուրժել եւ ո՛չ էլ դիմակայել դրան միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում։ Հետեւաբար, գլխավոր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնցում Իսրայելն ու ԱՄՆ-ը մեկընդմիշտ կհրաժարվեն Իրանի դեմ ագրեսիայից։
Սակայն ներկա փուլում միայն դա բավարար չէ, քանի որ Իրանը տասնամյակներ շարունակ ապրում է իր դեմ տարբող տնտեսական պատերազմի պայմաններում։ Այդ պատճառով նրան անհրաժեշտ են իրական տնտեսական խթաններ, այլ ոչ թե խոստացված ու չկատարված քայլեր։
Այլ կերպ ասած՝ Իրանին անհրաժեշտ է մի պայմանավորվածություն, որը տնտեսական «թթվածին» կապահովի։ Դա նշանակում է, որ եթե «թեժ» պատերազմը դադարի, բայց Իրանը հայտնվի նոր «սառը» պատերազմի պայմաններում, դա վարչակարգի համար նույնքան կործանարար կլինի, որքան թեժ պատերազմի շարունակությունը։ Ահա թե ինչու Իրանը խիստ պայմաններ է առաջադրելու ցանկացած զինադադարի ընդունման համար։
– Նախկինում Դուք ասում էիք, որ Իրանի դեմ խիստ պատժամիջոցները որոշակի չափով ձեռնտու էին վարչակարգի ներկայացուցիչներին, եւ նրանք, ովքեր հույս ունեին, թե պատժամիջոցները կհանգեցնեն կառավարության փլուզմանը, միամիտ են։ Հիմա պնդում եք, որ տնտեսական պատերազմի դադարեցումը կարեւոր է ոչ միայն պատժամիջոցներից ակնհայտորեն տառապող իրանցի ժողովրդի, այլեւ հենց վարչակարգի համար։ Ինչո՞ւ:
– Դրանք տարբեր բաներ են։ Մինչ պատերազմը, երբ վարչակարգն ի վիճակի էր կառավարել երկիրը՝ թեկուզ ոչ արդյունավետ, հսկայական սխալներով ու կոռուպցիայով, նա, այնուամենայնիվ, կարողանում էր տնտեսությունը պահել «ջրի երեսին»։ Այո՛, էլիտաները հարստանում էին պատժամիջոցների հաշվին եւ իրենց ապահով էին զգում՝ տնօրինելով բավարար ռեսուրսներ՝ իշխանությունը պահպանելու համար։ Բայց տեսեք, թե ինչ պատահեց Ասադի վարչակարգի հետ. ինչ-որ պահի նա այլեւս չէր կարողանում վճարել ուժային կառույցներին։
Այս պատերազմը, փաստացի, Իրանը դարձրել է անկառավարելի՝ առանց լուրջ վերականգնման։ Խոսքը պարզապես պատժամիջոցների թուլացման մասին չէ։ Իրանական վարչակարգին փող է պետք վերականգնման համար։ Նա չի գնա որեւէ համաձայնության, որը հիմնված է ամերիկյան խոստումների վրա. նրան չափազանց շատ են դավաճանել։ Վարչակարգը հասկանում է, որ առանց պատժամիջոցների թուլացման դանդաղ մարման է դատապարտված։
– Այսինքն՝ Իրանն ունի իրական երաշխիքների կարիք։ Ըստ Ձեզ, ի՞նչ կարող է այս պահին իրականում առաջարկել ամերիկյան կողմը:
– Կարծում եմ՝ հիմա կողմերի դիրքորոշումները չափազանց հեռու են միմյանցից՝ համաձայնության գալու համար։ Ամերիկյան պահանջները նույնքան մաքսիմալիստական են, որքան եղել են Թրամփի նախագահության ողջ ընթացքում՝ թե՛ առաջին ժամկետում, թե՛ վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Ընդ որում, իրանական դիրքորոշումն ավելի է կարծրացել։
ԱՄՆ-ն Իրանից պահանջում է միջուկային ծրագրի լիակատար ապամոնտաժում եւ սեփական տարածքում ուրանի հարստացումից վերջնական հրաժարում։ Բացի այդ, նրանք պահանջում են, որ հարստացված ուրանը հաշվառվի եւ հանձնվի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։ ԱՄՆ-ն նաեւ պնդում է, որ Իրանը դադարեցնի աջակցությունը տարածաշրջանում իր գործընկերներին ու պրոքսիներին եւ, ի վերջո, համաձայնի բալիստիկ հրթիռային ծրագրերի սահմանափակմանը։
Իրանը նախկինում էլ մերժում էր այս բոլոր պայմանները, իսկ հիմա դրանք ընդունելու է՛լ ավելի քիչ մոտիվացիա ունի։
Իրանը ձգտում է ոչ թե զինադադարի, այլ պատերազմի ավարտի, ընդ որում՝ ոչ միայն իր, այլեւ Լիբանանում «Հըզբոլլահի» դեմ։ Իրանը ցանկանում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության այնպիսի ռեժիմ, որը թույլ կտա իրեն տարանցիկ տուրքեր գանձել։ Վերջապես, նա պահանջում է երաշխիքներ, որ ԱՄՆ-ն ու Իսրայելն այլեւս երբեք չեն հարձակվի իր վրա։ Միավորեք պայմանների այս երկու փաթեթները, եւ պարզ կդառնա, որ մենք շատ հեռու ենք որեւէ փոխըմբռնումից։ Իսկ դա նշանակում է, որ կողմերն երկու տարբերակ ունեն՝ կա՛մ շարունակել նույն ոգով, կա՛մ գնալ էսկալացիայի։ Կոնֆլիկտի շարունակությունն առանց էսկալացիայի, իմ կարծիքով, անիրատեսական է. ինչ-որ փուլում, միմյանց ավելի մեծ ցավ պատճառելու համար, կողմերն անխուսափելիորեն կհատեն նոր «կարմիր գծերը»։
ԱՄՆ-ի համար էսկալացիայի միայն երկու տարբերակ կա։ Առաջինը՝ ցամաքային ներխուժում Պարսից ծոցի կղզիներից մեկը կամ Իրանի հարավային ափ, ինչը կարող է հսկայական կորուստների հանգեցնել եւ, ակնհայտորեն, կխորացնի հակամարտությունը՝ դրա հանգուցալուծումը է՛լ ավելի բարդ դարձնելով։ Երկրորդը՝ հարվածներ հասցնել իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչը հղի է Իրանի պատասխան գործողություններով Ծոցի պետությունների դեմ եւ տարածաշրջանային ողջ ենթակառուցվածքի ոչնչացմամբ։
– Հնարավո՞ր է արդյոք մի գործարք, որը չի բավարարում ամերիկյան պահանջները, բայց համապատասխանում է Թրամփի պահանջներին։ Կարծում եմ՝ նրա պահանջներն այժմ հետեւյալն են. նախ՝ ծիծաղելի վիճակում չհայտնվել, եւ երկրորդը՝ հասնել նեղուցի բացմանը, որպեսզի համաշխարհային տնտեսությունը բնականոն հուն վերադառնա:
– Եթե ամեն ինչ կախված լիներ միայն Թրամփից, կարծում եմ՝ նա կգնար ոչ կատարյալ մի համաձայնագրի ընդունմանը, սակայն նա բազմիցս ցույց է տվել, որ բանակցությունները վստահում է մարդկանց, ովքեր հավատում են մաքսիմալիստական գնահատականներին։ Այն, ինչ ըստ առկա տվյալների առաջ են քաշել Ջարեդ Քուշները եւ Սթիվ Ուիթքոֆը, գրեթե ամբողջությամբ արտացոլում է Մայք Փոմփեոյի 12 պահանջները, որոնք հնչել էին Թրամփի առաջին նախագահության ժամանակ։ Ըստ էության, դրանք իսրայելական պահանջներ են։ Այնպես որ, չեմ կարծում, թե Թրամփն այստեղ ինքնուրույն է գործում։ Պահանջների այս փաթեթը տարիներ շարունակ շրջանառվում է նրան մոտ կանգնած շրջանակներում, եւ իմ կարծիքով՝ նա արդեն չի կարող նահանջել, նույնիսկ եթե անձամբ չի հավատում դրանց։
Հիմա խնդիրն այն է, որ նույնիսկ եթե Թրամփը ցանկանա հեռանալ ներկայիս պահանջների մաքսիմալիզմից, իրանցիներն ունեն հակընդդեմ պայմաններ, որոնք նրա համար շատ դժվար կլինի ընդունել։ Ուստի ես դժվարությամբ եմ հավատում, որ մոտ ժամանակներս հնարավոր է որեւէ դիվանագիտական համաձայնություն։
– Ի՞նչ դեր են խաղում այս հարցում տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցները՝ բացի Իսրայելից։ Վերջին օրերին տեղեկություններ էին հայտնվում այն մասին, որ Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդ բին Սալմանը խրախուսում է Թրամփին շարունակել պատերազմը։
– Չեմ կարծում, որ Ծոցում ամերիկյան դաշնակիցները միասնական դիրքորոշում ունեն։ Օմանը, Քաթարը եւ Քուվեյթը կցանկանային այս պատերազմի անհապաղ դադարեցում եւ որեւէ փոխշահավետ լուծում։ Բայց Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի դեպքում իրավիճակն այլ է։ Նրանք չեն ցանկանում, որ պատերազմն ավարտվի, եւ Իրանը պահպանի իր սահմաններից դուրս ուժի կիրառման կարողությունը եւ նեղուցի նկատմամբ վերահսկողության միջոցով նորից սպառնա իրենց շահերին։ Խնդիրն այն է, որ նրանք հստակ պատկերացում չունեն, թե գործնականում ինչ է նշանակում «վնասազերծել» Իրանին։
Ինչպես համոզվեցինք Եմենի օրինակով, կարելի է լիովին կործանել երկրի ենթակառուցվածքները, ոչնչացնել նրա տնտեսությունը, բայց միեւնույն է՝ չկարողանալ խաթարել արկեր արտադրելու կարողությունը, որոնք ի վիճակի են ապակայունացնել Ծոցի տնտեսությունը։
Հենց այդ պատճառով, կարծում եմ, Ծոցի բոլոր երկրները ցանկանում են Իրանի թուլացումը, բայց նրանք, ովքեր ձգտում են նրա լիակատար ջախջախմանը, հստակ պատկերացում չունեն, թե այդ ջախջախումն իրականում ինչ է նշանակում։ Եթե ԱՄՆ-ը կործանի իրանական պետությունը, հենց Ծոցի երկրներն են առաջինը վճարելու դրա հետեւանքների գինը։
– Նեթանյահուն Թրամփի կարիքն ունի վերընտրվելու համար։ Նրան պետք է, որ Թրամփը ճնշում գործադրի Իսրայելի նախագահի վրա՝ իրեն ներում շնորհելու նպատակով։ Թրամփը կարո՞ղ էր «ոչ» ասել պատերազմին։
– Իմ կարծիքով՝ Թրամփը հավատացել էր որոշ գաղափարների, որոնք Նեթանյահուն ներշնչել էր նրան պատերազմից առաջ։ Այդ թվում՝ այն մտքին, թե վարչակարգն այնքան փխրուն է, որ Գերագույն առաջնորդի սպանությունը մարդկանց կստիպի դուրս գալ փողոց եւ գրավել պետական հաստատությունները։
Պատերազմ սկսելու որոշումը կայացրել է Թրամփը. Իսրայելն այդ որոշումը նրա փոխարեն չի կայացրել։ Բայց հենց Իսրայելն է ստեղծել այն համատեքստը, որում այդ ամենը պարզ ու հեշտ գործ էր թվում։
– Կարծում եմ՝ սրան համահունչ է նաեւ վենեսուելական գործողության հաջողությունը։ Վստահ չեմ, որ Թրամփը նույն կերպ կգործեր, եթե Վենեսուելայում աղետ ստանար։
– Այո՛։ Բայց կան նաեւ այլ գործոններ, այդ թվում՝ Իրանի արձագանքը Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը եւ 2025 թվականի «12-օրյա պատերազմի» ամերիկյան հարվածներին։ Այս հաջող գործողություններից հետո Թրամփը եկավ այն եզրակացության, որ Իրանի հետ պատերազմն անկորուստ կլինի։ Փոխել այդ ընկալումը՝ հենց սա է իրանցիների նպատակն այս պատերազմում։ Եվ, կարծում եմ, նրանց դա հաջողվել է՝ գուցե ոչ լիարժեք, բայց որոշ չափով։ Հարցն ի վերջո հետեւյալն է. ո՞վ առաջինը կզիջի։
Անկեղծ ասած, Թրամփի ասածներից շատ բաներ անհասկանալի են ինձ համար։ Որքանով ինձ հայտնի է՝ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ որեւէ լուրջ բանակցություն չկա, եւ իրանցիները չեն սկսի բարձր մակարդակի բանակցություններ ԱՄՆ-ի հետ այնքան ժամանակ, քանի դեռ համոզված չլինեն, որ Թրամփը պատրաստ է էական զիջումների գնալ։ Իսկ դրա որեւէ նշան ես չեմ տեսնում։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: