ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում։ ԱԺ 83 պատգամավոր կողմ է քվեարկել նրա թեկնածությանը։
Նրա թեկնածությունն առաջադրել էին ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՄՊՀ) անդամի պաշտոնը անհամատեղելի է պատգամավորական մանդատի հետ։
Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատգամավոր Թադևոս Ավետիսյանն այսօր՝ մարտի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված» ,- ասված է ԱԺ հայտարարության մեջ:
The post Թադևոս Ավետիսյանն ԱԺ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել․ նա ընտրվել է ՄՍՇՊՀ անդամ appeared first on CIVILNET.