Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «Բազմոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է €143 միլիոն ընդհանուր արժողությամբ ԵՄ աջակցություն, որը Հայաստանի զարգացմանն է ուղղվելու 2026-2028 թթ. ընթացքում։ Ֆինանսական փաթեթը բաղկացած է երկու բաղադրիչից՝ €90 միլիոն ուղիղ բյուջետային աջակցություն եւ €53 միլիոն տեխնիկական օժանդակություն՝ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման համար։
Միջոցները տրամադրվում են բացառապես դրամաշնորհի տեսքով, իսկ աջակցության հիմնական ուղղություններն են՝ հանրային ֆինանսների կառավարումը, արտահանման դիվերսիֆիկացիան, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, իրավունքի գերակայությունը, ինչպես նաեւ զբաղվածության եւ սոցիալական ներառման ոլորտները։