«Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի նորից կանենք հանրաքվե»։ Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է։ Մարտի 26-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ վարչապետը վստահություն հայտնեց, որ իշխող ուժը խնդիր չունի, կգնա ժողովրդին կհամոզի, կբացատրի։
«Կգնանք մեր ժողովրդին կհամոզենք, կբացատրենք, մենք խնդիր չունենք։ Ես համոզված եմ՝ ինչի շուրջ մենք մեր ժողովրդի հետ արդար ու ազնիվ խոսենք, մեր ժողովուրդը կհասկանա։ Մենք կայսերական ներկայացուցիչ չենք, որ ժողովուրդը մեզ չհասկանա։ Մենք մեր ժողովրդի ներկայացուցիչն ենք»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի համոզմամբ՝ առաջին հերթին պետք է, որ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չլինի։ Ըստ նրա՝ դա նշանակում է այս տարածաշրջանում հարատև պետություն ունենալը դարձնել հնարավոր։
«Եթե մենք մեր սոցիալ-գոգեբանական մտածողության մեջ դնելու ենք այն, որ մենք մեր տարածաշրջանում վերականգնելու ենք մեր պատկերացրած պատմական արդարությունը, և մենք գնալու և իրագործելու ենք Հռչակագրի պատկերացրած Արևմտյան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ռազմավարությունները, դա նշանակում է ձևակերպել խնդիր՝ ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Փաշինյանը։
Մարտի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի, քանի որ վերջինս կառուցված է «կոնֆլիկտի տրամաբանության» վրա։
Փաշինյանը համոզված է, որ Հայաստանի ժողովրդի անունից խոսելու իրավունք ոչ ոք չունի, բացի իրենից։
«Կան սահմանված կառույցներ ու պաշտոնյաներ, որոնք ժողովրդի անունից խոսելու իրավունք ունեն, և այդպիսի թիվ մեկ պաշտոնյան ՀՀ ընտրված վարչապետն է։
Ես հրաժարվում եմ պատմական արդարության վերականգնման օրակարգից։ Ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ, և ոչ թե պատմական արդարությունը վերականգնելու հետևից գնալ։ Որովհետև ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նոր անարդարությունների։ Սրանք պարզ թեմաներ չեն, և նույնիսկ վարչապետի համար համարձակություն է պետք այս թեմաները բաց արծարծելու համար»,- ասաց Փաշինյանը։
Մարտի 16-ին Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է, այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև խմբակցությունում։
***
Նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է Բաքվից հնչող պահանջների ֆոնին։ Չնայած, որ 2018-ի հեղափոխությունից հետո Փաշինյանը հայտարարել էր սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին։ 2019-ի հունիսին ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ կենտրոնանալով դատական բարեփոխումների և կառավարման մոդելի վրա։
Սակայն արդեն մի քանի տարի է, ինչ հանձնաժողովը փաստացի չի գործում։
Բաքուն պնդում է, որ Հայաստանի Սահմանադրության նախաբանը, որը հղում է անում Հայաստանի 1990-ի Անկախության հռչակագրին, տարածքային պահանջ է ենթադրում Ադրբեջանին, քանի որ Անկախության հռչակագիրն իր հերթին հղում է անում Հայկական ԽՍՀ-ի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վերամիավորման մասին օրենքին։
Պաշտոնական Բաքուն պարբերաբար հայտարարում է, որ «Խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է»։
The post Եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեով չընդունվի, նորից կանենք հանրաքվե․ վարչապետ appeared first on CIVILNET.