Երբ հայհոյանքն ու վիրավորանքը քաղաքականություն են

Նիկոլական դատախազությունը եւ քննչական մարմինները հսկայական ժամանակ ու մարդկային ռեսուրս են ծախսում՝ համացանցում վիրավորանքներ, «բռնության» եւ «սահմանադրական կարգը տապալելու» կոչեր գտնելու ու դրանց համապատասխան ձեւով արձագանքելու համար: Ի դեպ, այդ «սուրբ գործին» լծված են նաեւ այլ պետական հիմնարկների՝ օրինակ, ԵՊՀ-ի կամ Հանրային ռադիոյի ղեկավարները: Եվ եկեք արձանագրենք, որ այդ բոլոր գործընթացները սկսվեցին հենց Փաշինյանի ժամանակ՝ «ժողովրդավարության բաստիոնի» պայմաններում:

«Ատելության խոսքի» դեմ պայքարն ընթանում է խիստ ընտրողական ձեւով: Երբ նման ձեւով խոսում են իշխանության ներկայացուցիչները կամ քարոզիչները՝ դա պետական մարմինների կողմից որեւէ ուշադրության չի արժանանում: Օրինակ, կաթողիկոսին քարով խփելու եւ այդպես սպանելու կոչ անողը որեւէ, նույնիսկ՝ տուգանքի ձեւով պատասխանատվության չի ենթարկվել: Պատկերացնո՞ւմ եք՝ քանի տարով կդատապարտվեր այն քաղաքացին, որը նման կոչ կաներ՝ վարչապետի հետ կապված:

Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ իշխանությունն իր կողմնակիցներին ասում է՝ հայհոյեք, սպառնացեք, վիրավորեք՝ մենք տեր ենք: Թե՛ համակարգի պահանջների, թե՛ սեփական օրինակի առումով ամեն ինչ գալիս է իշխանությունից, նրա բարձրագույն ներկայացուցիչներից: Եթե վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի փոխտնօրենն է խոսում այդպիսի լեզվով (լուսանկարում), ես կարո՞ղ եմ ենթադրել, որ հենց այդ ՊՈԱԿ-ից է գալիս, այնտեղից է համակարգվում ատելության խոսքը, հայհոյանքներն ընդդիմադիրների եւ լրագրողների հասցեին:

Շատերն ասում են՝ խնդիրը Փաշինյանի, ՔՊ-ի եւ նրանց աճեցրած ու հովանավորած հայհոյախոսների դաստիարակության, մտավոր մակարդակի եւ մշակութային պատկերացումների մեջ չի, այլ՝ նրանց քաղաքականության մեջ: Եվ իսկապես: Պետականորեն հետապնդել «ոչ յուրայինների» կողմից հնչեցված սպառնալիքները, վիրավորանքները ու այդպես ընկալվող խոսույթը եւ, մյուս կողմից, խոսել այդ լեզվով, խրախուսել յուրայինների մոտ այդ լեզուն՝ դա արդեն դուրս է գալիս անհատական հատկանիշների ոլորտից ու դառնում է քաղաքականություն:

…ՔՊ-ական պատգամավորները խոսում են իրենց ավագ գործընկերներին «ռադ անելու» մասին: Որքան գիտեմ, իշխող կուսակցությունը էթիկայի վարքականոն էր ընդունել:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment