«Հայաստանն ունի բացառիկ հնարավորություններ` աշխարհին իր համերով ներկայանալու համար». Դավիթ Դավթյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Գյուղատնտես Դավիթ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ կյանքի ամենալուրջ, ամենապատասխանատու հայտարարություններից մեկը:
     Լինելով փոքր պետություն, աշխարհի քարտեզի վրա լինելով կետաչափ` միևնույն է, Հայաստանն ունի բացառիկ հնարավորություններ` աշխարհին իր համերով ներկայանալու համար: Երկու կարևոր հարստություն, որոնք մենք ունենք` բազմաշերտ կլիմայական գոտիներ և բազմատեսակ հողեր: Թերևս սա այն կարևորն է, որով կարելի է ոչ միայն ներկայանալ, այլ նաև մրցակցել աշխարհի շուկաներում:
     Իսկ ի՞նչ ունենք այսօր.
     Հիմնականում ավանդական, իրեն սպառած գյուղատնտեսություն, 50 և ավել տոկոս չմշակվող հողակտորներ, կիսատ անասնաբուծություն` նվազագույն ցուցանիշներով, աղքատության մեծ տոկոս գյուղական տնտեսություններում:
     Ի՞նչ անել:
     Մենք կարող ենք բողոքել, կասկածի տակ դնել վաղվա լավ օրը, բայց և կարող ենք նորոգել այն, դարձնել է´լ ավելի լուսավոր:
     Եվ ուրեմն.
     Թվային հարթակում` Յութուբում, հիմնում ենք «954 ձայն» մեդիա ալիքը:
     Հարթակ, որը նպաստելու է գյուղերի, գյուղական տնտեսությունների զարգացմանը:
     Հարթակ, որը բրենդավորելու է հայ արտադրողին, գյուղացուն: Բացահայտելու է հողի ռեսուրսները, ներկայացվելու են հաջողված օրինակները, որն էլ ոգեշնչման աղբյուր է հանդիսանալու գյուղերի համար:
     Հանգույց, որը կապելու է գյուղը քաղաքին, կապ սպառողի և արտադրողի միջև:
     Եվ վերջապես հարթակ, որը երբեք չի դառնա քաղաքական միավոր, ջուր չի լցնի այս կամ այն քաղաքական ուժի ջրաղացին և չի շեղվի համայնաշինության իր առաքելությունից:
     Սա պարզապես մտահղացում չէ, սա ժողովրդական պահանջ է` ծնված տասնյակ հազարավոր հրապարակային մեկնաբանություններից, միլիոնավոր դիտումներից:
     Սա իմ շնորհակալությունն է ձեզ, սիրելիներս:
     Ժամանակն է արդեն գործել թիմով` էլ ավելի պրոֆեսիոնալ:
     Հիմա ուզում եմ լսել ձեզ:
     Կարևոր է յուրաքանչյուրիդ կարծիքը»:

Leave a comment