ՀԿ-ները կոչ են անում ԱԺ-ին ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավորի պաշտոնում ընտրելուց

Մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Ազգային ժողովին ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելուց։

Հայտարարության հիմքում Վարդանյանի՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում թեկնածության առաջադրումն է, որը կատարվել է 2026-ի մարտի 13-ին։ Այդ օրը Վարդանյանը հայտարարել է, որ դադարեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամակցումը։

ՀԿ-ները հիշեցնում են, որ Սահմանադրական դատարանի դատավորի համար օրենքով սահմանված է կուսակցական լինելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելք։

«Սահմանադրական դատարանի դատավորի՝ կուսակցական լինելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը՝ ուղղակիորեն նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ կետով, ինչպես նաև բխում է նույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետերից։ Թեև նշված իրավադրույթները տառացի մեկնաբանման շրջանակում ժամանակի մեջ տարածվում են Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուն հաջորդող ժամանակահատվածին, դրանք ակնհայտորեն նպատակ են հետապնդում առաջին հերթին բացառելու սահմանադրական դատարանի դատավորի փոխկապակցվածությունը քաղաքական ուժերի հետ»,- նշված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակների կարծիքով՝ Վարդանյանի ավելի քան յոթ տարվա ակտիվ քաղաքական գործունեությունը և իշխող ուժի հետ երկարատև կապը կարող են կասկածի տակ դնել նրա անաչառությունը՝ նույնիսկ կուսակցությունից դուրս գալուց և մանդատը վայր դնելուց հետո։ Նրանք ընդգծում են, որ նման կապերը չեն կարող ամբողջությամբ չեզոքացվել, այդ թվում՝ գաղափարական մակարդակում։

«Մանդատը վայր դնելը կամ կուսակցության անդամակցության դադարեցումը ողջամտորեն չեն կարող երաշխավորել քաղաքական և կուսակցական կապերի ընդհատումն ու քաղաքական ազդեցությունները »,- նշված է հայտարարության մեջ։

ՀԿ-ները հիշեցնում են 2018-ի նախադեպը՝ Հրայր Թովմասյանի Սահմանադրական դատարան անցնելու գործընթացը, որը ժամանակին քննադատվել էր։

«Նույնօրինակ իրավիճակ է ստեղծվել նաև տարիներ առաջ՝ 2018-ին Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր, այնուհետև՝ նախագահ ընտրվելու գործընթացի հետ, որտեղ նույն քաղաքական անթաքույց փոխկապակցվածության հանգամանքը հիմք էր ծառայել այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, ով այդ ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր էր, այդ նշանակումը որակել որպես Ս․Սարգսյանի կողմից «գործուղում» Սահմանդրական դատարան»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարությամբ հանդես եկած կազմակերպությունները նշում են, որ թեկնածուի քաղաքական անցյալը բավարար հիմք է կասկածի տակ դնելու նրա հնարավոր անկախությունն ու անաչառությունը և կոչ են անում Ազգային ժողովին չաջակցել նրա թեկնածությանը։ 

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

“Համայքային համախմբման և աջակցության կենտրոն” ՀԿ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն
«Արդարության նոր մշակույթ» ՀԿ

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»  ՀԿ

The post ՀԿ-ները կոչ են անում ԱԺ-ին ձեռնպահ մնալ Վլադիմիր Վարդանյանին ՍԴ դատավորի պաշտոնում ընտրելուց appeared first on CIVILNET.

Leave a comment