Ժամանակին դիմադրող երաժշտական գործիքը․ պկուի լուռ ներկան

Ստելա Ասրյան, Բրյուսովի անվան պետական համալսարանի լրագրության ուսանող

Սուսաննա Վարդանյանի համար պկուն պարզապես երաժշտական գործիք չէ։

Այն մի ձայն է, որի մեջ նա գտնում է և՛ հանգստություն, և՛ կապ հայկական մշակույթի հետ։

Հատկապես լեռներում, ասում է նա, այդ ձայնը բոլորովին այլ է՝ կարծես միաձուլվում է բնությանը։

Պկուն հայկական ավանդական փողային երաժշտական գործիք է: Այն կառուցվածքով մոտ է զուռնային և պարկապզուկին, սակայն ունի ավելի նուրբ, մեղմ և երբեմն նաև թախծոտ հնչողություն։ Պկուն պատմականորեն  օգտագործվել է ժողովրդական երաժշտության մեջ, հատկապես գյուղական միջավայրում և ծիսական ու կենցաղային տարբեր առիթներով։

Այսօր այն համարվում է քիչ տարածված գործիք, որի կատարողները հիմնականում անհատ երաժիշտներ են, որոնք փորձում են պահպանել և շարունակել այս երաժշտական ավանդույթը։

Սուսաննա Վարդանյանը պկու է նվագում արդեն  հինգ տարի։

Սկզբում, սակայն, նրա ընտրությունը այլ էր։

«Ի սկզբանե ցանկանում էի նվագել պարկապզուկ։ Իմ գիտահետազոտական աշխատանքն էլ դրան էր նվիրված։ Բայց գործիքը պատրաստող վարպետը խորհուրդ տվեց ընտրել պկուն, քանի որ պահպանման տեսանկյունից այն ավելի դյուրին է: Լսելով պկուի ձայնը միանգամից սիրահարվեցի: Այն շատ նման է պարկապզուկի, սակայն ավելի նուրբ է»,- պատմում է նա։

Նրա առաջին ուսուցիչը եղել է Մնացական Չալիկյանը, որի շնորհիվ էլ այս ոլորտում սկսվել է նրա ուղին:

Երաժշտության հանդեպ սերը, սակայն, ավելի վաղ էր ձևավորվել։

«Երաժշտությունն իմ ապրելակերպն է: Մանկուց ինձ գրավել են մեր ազգային ժողովրդական գործիքները»,- ասում է նա։ Սուսաննան ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շվիի և հոբբոյի բաժինները:

Առաջին ելույթը հիշում է մինչև հիմա։

«Շատ հուզված էի, բայց նաև անսահման ուրախ։ Վեց տարեկան էի, մտածում էի միայն մի բան՝ չսխալվել»:

Սուսաննան այսօր արդեն ունի բեմական փորձ և ինքն է փոխանցում իր գիտելիքները նոր սերնդին, սակայն այդ զգացողությունը որոշ չափով դեռ  մնացել է:

«Չնայած արդեն մոտ տասը տարի է, ինչ դասավանդում եմ երաժշտական դպրոցում, միևնույնն է, երբ նոր էի տիրապետում պկույին, ու առաջին անգամ բեմ բարձրացա, նույն հուզմունքն էի զգում, ինչ փոքր ժամանակ՝ շվիի առաջին ելույթիս ընթացքում»,- ասում է նա։

Պկուի հնչողությունը, նրա խոսքով, հատկապես բացահայտվում է բնության մեջ։ Նա հաճախ այցելում է Հայաստանի տարբեր պատմական և տեսարժան վայրեր և փորձում է նվագել հենց այնտեղ։

«Հայաստանում այն այլ կերպ է հնչում։ Լեռներում, բարձրության վրա մի ուրիշ արձագանք ունի։ Վերջերս Տաթևի վանքի մոտ էի, փորձեցի այնտեղ մի փոքր հատված կատարել։ Այդտեղ  գործիքի ձայնը լրիվ հրաշք էր՝ բնության հետ ներդաշնակ»:

Այսօր պկուով հետաքրքրվող երիտասարդներ կան, սակայն նրանց թիվը շատ չէ։

«Ունեցել եմ երկու աշակերտ, որոնք ավարտել են ուսումը, սակայն չգիտեմ՝ շարունակում են նվագել հիմա , թե ոչ: Ավաղ, նվագողները քիչ են։ Բացի այդ, հաճախ այդ գործիքով ճիշտ երգացանկ չեն ընտրում»:

Սուսաննայի կարծիքով, պկուն այսօր վերացման եզրին է։

Պատճառներից մեկը նաև այն է, որ երաժիշտները նախընտրում են ավելի տարածված գործիքներ։

«Շատերը նախընտրում են զուռնան։ Պկուն ավելի բարդ է՝ ամեն վայրկյան կարող է տոնից ընկնել, դրա տեխնիկական նրբությունները շատ են,- բացատրում է նա։- Յուրաքանչյուր գործիք յուրահատուկ է և ունի իր ձայնային աշխարհը»:

Այսօր պկուի ձայնը Հայաստանում հազվադեպ է լսվում, սակայն այն դեռ ամբողջությամբ չի լռել։ Շարունակում է ապրել նրանց շնորհիվ, ովքեր հավատում են հայկական երաժշտական ժառանգության ուժին և փորձում են այն փոխանցել նոր սերնդին։

Սուսաննա Վարդանյանի համար սա պարզապես գործիք չէ, այլ մշակութային ինքնության մաս, որը պետք է պահպանել։

«Եթե ճիշտ քարոզվեն մեր ազգային գործիքները, երիտասարդները ոչ միայն կհետաքրքրվեն, այլև կցանկանան նվագել»,- ասում է Սուսաննան։ «Սա կրթական և հայրենանվեր աշխատանք է»։

The post Ժամանակին դիմադրող երաժշտական գործիքը․ պկուի լուռ ներկան appeared first on CIVILNET.

Leave a comment