Նախակրթարանները կընդունեն նաև 4 տարեկան երեխաների. օրենսդրական փոփոխություն

Նախակրթարանները կընդունեն 4-6 տարեկան երեխաների՝ այն դեպքում, երբ գործող կարգավորմամբ նախակրթարան են հաճախում 5 տարեկանները։  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մարտի 24-ին ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումների և փոփոխությունների նախագիծը։

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունը կարևոր է հատկապես այն  բնակավայրերի համար, որտեղ մանկապարտեզների մեծ հերթեր են գոյանում, և ոչ բոլոր երեխաներն են կարողանում ընդգրկվել նախադպրոցական կրթության համակարգում։ Առաջարկվող փոփոխությամբ՝ 4 տարեկան երեխաները նման բնակավայրերում նախակրթարաններ հաճախելու հնարավորություն կստանան, ինչը կնպաստի նրանց հետագա կրթական արդյունքի բարելավմանը։ 

«Նախադպրոցական կրթության հասանելիության մեծացումը Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է։ Այս առումով բավական մեծ առաջընթաց ունենք․ 2017-ի համեմատ 17 տոկոսով ավելացել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը  համակարգում»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ Կառավարության 500 մանկապարտեզների  կառուցման ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 300 մանկապարտեզում և նախակրթարանում ավարտվել են կառուցման և բարեկարգման աշխատանքները և մինչև տարեվերջ կապահովվեն Կառավարության ծրագրով սահմանված թիրախային ցուցանիշները։

The post Նախակրթարանները կընդունեն նաև 4 տարեկան երեխաների. օրենսդրական փոփոխություն appeared first on CIVILNET.

Leave a comment