Քարոզչական արշա՞վ, թե՞ բանակցություն. ինչ է կատարվում Իրանի շուրջ

Քարոզչական արշավը մեծ տեղ է գրավում Իրանի շուրջ ընթացող զարգացումներում։ Իրանի դեմ մղվող պատերազմի 25-րդ օրը հակասական տեղեկություններ տարածվեցին հնարավոր բանակցային գործընթացի մասին։

Առաջինն այդ մասին խոսեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշելով, որ կապ են հաստատել Իրանի ազդեցիկ գործչի հետ և երկու օր է բանակցում են Իրանի հետ։ Թրամփն այդ կապակցությամբ կոչ է արել Պենտագոնին՝ հետաձգել Իրանի ամենամեծ էներգետիկ կայաններին հարվածը, որով նախապես սպառնացել էր Թեհրանին։

Իրանը կտրականապես հերքում է բանակցության փաստը։ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որի անունը նույնպես շրջանառվում էր իբրև բանակցողի, Fake news- է անվանել Թրամփի խոսքերը՝ նշելով, որ դրանք առավելապես ուղղված էին համաշխարհային նավթի շուկայում գների վրա ազդելու համար։ Եվ իսկապես՝ Թրամփի խոսքերից հետո նավթի գները շուկայում կտրուկ նվազեցին։

Թրամփը Իրանին 48 ժամ էր տվել՝ Հորմուզի նեղուցը բացելու համար՝ հակառակ դեպքում խոստանալով խոցել Իրանի էներգետիկ կայանները։ Իրանն էլ սպառնացել էր համարժեք կերպով թիրախավորել ամերիկյան ենթակառուցվածքները։

Էներգետիկ պատերազմի հեռանկարը լրջորեն անհանգստացնում է արաբական երկրներին, որոնք ահազանգում են բնապահպանական աղետի վտանգի մասին։ Քաթարի վարչապետն ու արտգործնախարար Մոհամմադ Ալ-Թանին անհանգստություն է հայտնել Պարսից ծոցի հնարավոր աղտոտման առնչուլյամբ։ Վերջինս շեշտել է, որ իրենք չեն հանձվի՝ մինչև չհասնեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հստակ համաձայնության, որը կկանխի հերթական նոր էսկալացիան։

Ընթացիկ պատերազմը մեծապես հարվածում է արաբական մեկ այլ հսկայի՝ Սաուդյան Արաբիային, որն ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել Իրանի հանդեպ։ Թեհրանին մեղադրելով նավթի արտահանման համար գերկարևոր համրվող Յանբու նավահանգստի խոցման մեջ, Ռիադը կոչ է արել Իրանի դեսպանատան աշխատակիցներին լքել երկիրը։

The post Քարոզչական արշա՞վ, թե՞ բանակցություն. ինչ է կատարվում Իրանի շուրջ appeared first on CIVILNET.

Leave a comment